Ու կանգնած ենք ահա
ապագայի հանդեպ
Զարմանալի թեթեւ,
զարմանալի անդեմ`
Մերկության պես տկլոր
ու անանցյալ...
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
«Պատմության քառուղիներով»
Առաջին աշխարհամարտի տարիներին վերելք ապրեց հայ կամավորական շարժումը, որը հայ ժողովրդի պատմության մեջ փառավոր ու թռիչքային երեւույթ եղավ, իր վեհությամբ, արժանապատվության գիտակցությամբ ու ազգային ինքնությանը հոգեւոր ու անկեղծ նվիրվածությամբ:
Այն մասշտաբները, որ ձեռք էր բերել կամավորական շարժումը, ակներեւ է դարձնում նրա ժողովրդային բնույթը, եւ այն, անշուշտ, վեր էր անհատի կամ մի խումբ մարդկանց, նույնիսկ որեւէ կուսակցության ուժերից:
Օր օրի կամավորական շարժումը նոր դրսեւորումներ էր ունենում, նոր շարունակություններ ստանում, որոնցից մեկն էլ ֆրանսիական դրոշի տակ ձեւավորված «Հայկական լեգեոնն» էր, որը մինչեւ օրս տարօրինակ կերպով արժանվույնս գիտականորեն ուսումնասիրված չէ, եւ հետեւապես չի տրված նրա արժանի եւ հստակ պատմական գնահատականը, հատկապես հայ ազատագրական շարժման ծիրում, որի շրջանակներում նրա քաղաքական կշիռն ու նշանակությունը անուրանալի է:
Պարզից էլ պարզ է, որ «Հայկական լեգեոնի» գոյությունն էր այն գրավականներից մեկը, որը կյանքի կոչեց ամբողջական Հայաստանի գաղափարը, քանի որ առաջին աշխարհամարտի պատերազմական գործողություններում նա փաստորեն այն հայկական կազմակերպված զինուժն էր, որն արյուն էր թափել դաշնակիցների (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) հաղթանակի համար եւ, բնականաբար, «իրավունք» ստացել միջազգային քաղաքականության մեջ «հայկական կողմ» ներկայանալու, թեկուզ եւ համեստ պահանջատիրոջ կարգավիճակով:
Հայ կամավորը հանձն էր առել լեգեոնականի դաժան ու ծանր պարտականությունը հայրենիքին ծառայելու համար եւ որպես մահապարտ մինչեւ վերջ ազնիվ մնաց իր նվիրումին: Ուստի հայրենաբաղձ ու վրեժածարավ զինվորներով կազմավորված «Հայկական լեգեոնը» (ճիշտ է, սկզբնական շրջանում կոչվում էր «Արեւելյան լեգեոն» ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ Հայաստանի ազգային պատվիրակության միջեւ գոյացած համաձայնության, որը վավերացվել էր 1916 թվականի նոյեմբերի 26-ի 7/966-9/11 մասնավոր օրինագծով), պատմության առջեւ բաց ճակատով է կանգնած, որովհետեւ իր առաքելությունը որպես զինվոր, որպես բանակ, որպես հավաքական ոգի` լիարժեք կատարել է:
«Հայկական լեգեոնը», թեկուզ ֆրանսիական դրոշի տակ գործող, մարտական զինված հայկական զինուժ էր, որի հետ հնարավոր չէր հաշվի չնստել, ի դեպ, վերջին հաշվով «Հայկական լեգեոնի» զինվորները ֆրանսիական բանակի մաս չէին կազմում, նրանք համարվում էին օժանդակ զինվորներ, բայց հայերի համար նրանք ապագա հայկական բանակի կորիզն էին, քանի որ հանձն էին առել պարտականությունները հայրենանվիրումի:
Եվ համարյա երկու տարվա զինապատրաստությունից հետո նրանք կատարյալ զինվորներ էին, իսկ ռազմական գործողություններին մասնակցելուց հետո` կոփված մարտիկներ:
Անկախ այն բանից, թե «Հայկական լեգեոնը» ստեղծելու գաղափարը ով է հղացել, որտեղից է գալիս, ով է նախաձեռնել, մեկ էՙ ինչ էլ որ լինի նրա կազմավորման գործընթացը, փաստն այն է, որ դաշնակցային ուժերը Պողոս Նուբար փաշայի մեջ տեսան այն հայ հանձնակատարին, որի հետ բարձր մակարդակում պետք է պայմանագրությամբ համաձայնության գային «Հայկական լեգեոնի» կազմավորման շուրջը: Ցավոք սրտի, դեպքերի դինամիկ զարգացման տեմպում մեծ քաղաքականություն մտած նորելուկ գործիչները չհասկացան, խորամուխ չեղան եւ արհամարեցին հայ ժողովրդի համար ճակատագիր դարձած այս նրբությունը: Պողոս Նուբար փաշայի անհատականությունը որպես անձնապաշտություն հասկանալը կամ ներկայացնելը անցյալ դարի սկզբի հայ քաղաքական դաշտի համար բացթողում եղավՙ հանգեցնելով սնանկ դիվանագիտությանը իր ողբերգական ելքով:
1918 թվականի հոկտեմբերի 30-ին Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում խարիսխ գցած անգլիական «Ագամեմնոն» գծանավի վրա ստորագրված զինադադարի պայմանագրից հետո, անկասկած, եթե չլիներ «Հայկական լեգեոնը», որ հաղթանակած դաշնակից ուժերի կողքին մարտնչել էր պաղեստինյան ճակատում եւ իրեն դրսեւորել ամենալավ կողմերով, տվել էր զոհեր, վիրավորներ եւ ռեալ զինվորական կազմակերպված ուժ էր, համոզված եմ, չէր լինի 1918 թվականի նոյեմբերի 30-ին Պողոս Նուբար փաշայի հրապարակած հայտարարությունը. «Հայկական Ազգային պատվիրակությունը, պատասխանելու համար հայ ազգային միակամ իղձին, որուն մեկ մասը արդեն իսկ իբրեւ անկախ հանրապետություն կազմված է, կհայտարարէ Ամբողջական Հայաստանի անկախությունը, Կիլիկիայով միասին, Համաձայնական պետություններու եւ Միացյալ Նահանգներու հովանավորության տակ, կամ Ազգերու դաշնակցության, երբ այն կազմվի»:
Հայ կամավորները անդամագրվելով «Հայկական լեգեոնին», իրենց բազուկների ուժն ու ոգին համատեղելովՙ կայացրել էին մի կառույց, որը հնարավորություն էր տվել ազատ գործելու հայ դիվանագիտությանը, նրան տալով լուրջ քաղաքական դիվիդենտներ:
Ավաղ, «վայ» քաղգործիչները գլխապտույտի մեջ ընկան հայանպաստ դեպքերի ընթացքից: Ինչպես ժողովուրդն է ասում, երկնքից խնձոր էի ընկել, չտեսը տես էր եղել, բնական է խնձորն էլ կես պիտի լիներ:
Ճիշտ չգնահատվեց պահի առանձնահատկությունը, կատարվեց ճակատագրական սխալը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայկական Ազգային պատվիրակությունը ընդհանուր հայտարարի չեկան, որպեսզի Հայ դատը աշխարհին ներկայացնեն մեկ ընդհանուր մարմնով: Առանց մեկնաբանելու մեջբերում եմ անում Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից հատվածներ, հետեւությունը թողնելով ընթերցողին:
էջ 282
Հաշտության պատվիրակությունը Եվրոպա ուղարկելուց հետո, Հայաստանի գործիչները այնքան էին ծանրաբեռնված ու կլանվել երկրի ներքին աշխատանքներով, որ ոչ ժամանակ ունեին, ոչ էլ տրամադրություն զբաղվելու փարիզյան անցուդարձերով: Պետք է ասել, որ հնարավորություն էլ չունեին, Փարիզը շատ էր հեռու ու կտրված Երեւանից:
էջ 283
Չէ որ «ազգին միակամ իղձը» արտահայտող պատվիրակությունն արդեն կար եւ ներկայացված էր ոչ թե գավառացի վարժապետ-բանաստեղծով, այլ տիտղոսավոր եւ հանրահռչակ մի անձով, որի հոր արձանը կանգնած էր խդիվների երկրում (Եգիպտոսում- խմբ.), իսկ իր առջեւ բաց էին Եվրոպայի բոլոր դռները:
էջ 303
Անընդունելի է Ազգային պատվիրակության ներկայացուցիչների առաջարկը, որ Պողոս Նուբարին տրվի վարչապետություն, թեկուզ իբրեւ լոկ տիտղոս:
էջ 307
1919 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը Պողոս Նուբարից ստացավ մի հեռագիր, որով փաշան հայտնում էր, թե ինքն ընդունում է այն պայմանները, որ Վ. Թեքեյանը մերժել էր: Միեւնույն հեռագրում Պողոս Նուբարն առաջարկում էր անհապաղ միացնել Փարիզի պատվիրակությունները:
էջ 308
Այսպես վերջ գտան անառողջ պայմաններում անառողջ մտայնությամբ սկսած «Հայ-հայկական» բանակցությունները եւ Ազգային պատվիրակությունը շարունակեց մնալ խռովածի եւ ընդդիմադիրի դիրքում Հայաստանի Հանրապետության հանդեպ: «Լավ տղայի» հոգեբանությունը երեւում է մեզնից անպակաս է եղել միշտ, որը բնական է չէր կարող «իր քուչից դուրս» ճիշտ դիվանագիտական գործունեություն լինել: Հետեւապես հայոց խնդիրը դեպի դիվանագիտական պարտություն գնաց, որովհետեւ հայրանասեր լինելը քիչ էր, պետք էր պետական մտածողություն ու համախմբություն նրա շուրջ: Իսկ նույն ժամանակ հայ կամավորը, հայ զինվորը զենքը ձեռքին իր կյանքի գնով շարունակում էր կանգնած մնալ իր դիրքերում` հավատարիմ իր կոչմանն ու կարողությանը:
«Հայկական լեգեոնը» Կիլիկիայում էր, հետեւապես Կիլիկիայում համապատասխան քաղաքական գործընթացներ էին ենթադրվում, որոնց հայանպաստ զարգացումները Քեմալականները համարում էին առաջնահերթ վտանգավորություն:
Եվ ամենեւին պատահական չէր, երբ Քեմալը ստացավ ահռելի օգնություն բոլշեւիկյան Ռուսաստանից, իր պայքարը համաշխարհային իմպերիալիզմի դեմ սկսեց հենց Կիլիկիայից, զարմացնելով անգամ թուրքական քաղաքական շրջանակներին, որոնց կարծիքով Թուրքիայի համար այդ պահին առավել կարեւոր խնդիրներ կային: Քեմալն այդ քայլն արեց եւ պատմականորեն Թուրքիայի համար դարձավ քաղաքական հեռատեսության փայլուն օրինակ: Իսկ հայերն էլ աչքի ընկան քաղաքական անհեռատեսությամբ, հետեւաբար եւ դիվանագիտական կռվում տանուլ տվեցին, որի արդյունքում 1920 թվականի օգոստոսի 15-ին լուծարվեց «Հայկական լեգեոնը», կաթվածահար անելով Ամբողջական Հայաստանի գաղափարը: Իսկ 1920 թվականի սեպտեմբերի 28-ին Թուրքիան արդեն հանգիստ խղճով հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, ինչը նախատեսվում էր դեռ գարնանը, բայց չէր համարձակվում իրագործել, քանի որ մասնատված չէր Ամբողջական Հայաստանի ոգեղեն գաղափարը:
«Հայկական լեգեոնը» ոչ թե պարտվեց, այլ լուծարվեց: Ես այս հստակ եմ շեշտում, որպեսզի մեղք չգործեմ հայ կամավորի առջեւ, որը զենքը ձեռքին սրբորեն կատարեց իր հոգու պարտքը, հայրենիքի զոհասեղանին դնելով իր ամենաթանկագինը` կյանքը:
Մերձավոր Արեւելքում ֆրանսիական գերագույն կոմիսար (հավանաբար աղքատ հայերի «աչքաբացությունից» թրքասեր դարձած) գեներալ Գուրոն 1920 թվականի օգոստոսի 19-ին լեգեոնականներին ուղղված իր հայտարարության մեջ նշում է. «Հայկական լեգեոնի ցրումը ազատ կը ցուցանէ Ֆրանսիայի հանդեպ այն պայմանագրությունեն, զոր վեհանձնորեն ստորագրեցիք 1916-1919 թվականներին: Դուք Ձեր ընտանեկան հարկերը ձգեցիք դաշնակիցների կողքին կանգնելու համար...
...Քաջարի լեգեոնականներ, պատմության դասերեն ներշնչվելով, ֆրանսիացիներուն տված դասերն ալ միտքերնիդ պահելու եք, այսինքն կարգապահության բարիքները, որոնք ձեզի պիտի առաջնորդեն դեպի իրականացումը Ձեր երազներուն: Սպաներ, ենթասպաներ, տասնապետներ եւ լեգեոնականներ, մնաք բարով»:
Դառն է մտածել, որ մենք չկարողացանք տեր կանգնել այդ վիթխարի ոգեղեն ուժին, որ «Հայկական լեգեոնն» էր, իսկ օտարը օգտագործեց, իսկ երբ այլեւս պետք չէր իրեն` դեն շպրտեց:
Գուցե կոպիտ է ասված, բայց դա այդպես է: Եվ սա դեռ քիչ է, մենք էլ մեր հերթին հանիրավի անտեսեցինք մի ամբողջ համաժողովրդական շարժում, չտալով հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման մի ծավալուն ժամանակահատվածի, փաստերով համակարգված ու հիմնավորված համապարփակ գնահատումը, ինչի պակասը խաթարում է հայ ազգի առողջ զարգացմանը, քանի որ հաշմված պատմությունը, ինչպես ցույց է տալիս ժամանակագրությունը, արգելակում է ազգի առաջընթացին, քանզի դա հոգեւոր շարունակության խեղում է նշանակում:
Ես հավատում եմ, Հայաստանը պետական մակարդակով վաղ թե ուշ կարժեւորի իր զավակների` կամավոր լեգեոնականների հայրենաբաղձ սխրանքը, եւ մենք էլ Պարույր Սեւակի նման չենք ասիՙ «Բայց ամոթից գետին պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության բացատրելի, բայց անքավելի մեղքը»:
Պարտության ցավից ամոքումը այն իմաստավորելու մեջ է, ոչ թե մոռացության տալու մեջ: Հայրենիքի համար թափված ամեն կաթիլ արյան առջեւ մոմ պետք է վառել, որ մաքառող հոգու ճանապարհը լուսավորվի հաղթագործների համար:
Միանգամայն տեղի է այստեղ հիշատակել Գարեգին Նժդեհի գաղափարակից Հայկ Ասատրյանի խոսքը. «Ապագան տեսնում են նրանք, որոնք անցյալն ապրում են իբր ոգու հայտնություն եւ պատմական արարչագործումըՙ իբր ոգու արժեքների շեղջավորում»:
ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ