Աշխարհահռչակ հայ ծանրորդ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանն Ավստրալիայից կրկին ժամանել է Հայաստան: Այս անգամ առիթը սեպտեմբերի 3-ին կայանալիք Դարչինյան-Մբամբա մենամարտին ներկա գտնվելն է: Այս մասին Յուրի Սարգսյանը հայտնեց երեկ «Ազդակ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես խոստովանեց Սարգսյանը, արդեն 10 տարի նա մշտապես ներկա է գտնվում Վիկի մենամարտերին, խորհուրդներով մշտապես աջակցում է իր լավ բարեկամին քաշ գցելու հարցում, հսկայական փորձն է փոխանցում նրան: Յուրիի համոզմամբ, Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտի կազմակերպումն ու անցկացումը մեծ նշանակություն կունենա մարզաձեւը երիտասարդության շրջանում արմատավորելու գործում:
Օգոստոսին հանրահռչակ ծանրորդը նշել է իր ծննդյան 50-ամյակը: Այդ առիթով նա արժանացել է նաեւ հանրապետության նախագահի եւ գլխավոր դատախազի պարգեւներին, ինչպես նաեւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պատվոգրին: Մարզական երկարակեցության համար Յուրին պարգեւատրվել է նաեւ «Հոլոֆեյմ» մրցանակով, որն աշխարհում առայժմ միայն 16 մարզիկի է հանձնվել:
Անդրադառնալով Հայաստանում եւ Ավստրալիայում ծանրամարտի դրվածքին, Սարգսյանը նկատեց, որ ծանրորդների պատրաստման գործընթացը մեր երկրում պրոֆեսիոնալ բարձր հիմքերի վրա է դրված, որի վառ վկայությունը միջազգային ասպարեզներում հայ մարզիկների մեծ նվաճումներն են: Նա հույս հայտնեց, որ Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը 2 ոսկե մեդալ կնվաճի ծանրամարտի մրցումներում:
Յուրի Սարգսյանը ծանրամարտում մեծ ավանդ ունի, աչքի է ընկել երկարակեցությամբՙ մասնակցելով օլիմպիական 7 խաղերի 3 պետությունների կազմում: Մրցաշարերից մեկում նրան բախտ է վիճակվել քաշային նույն կարգում մրցել իր որդուՙ Դավիթի հետ, որտեղ զբաղեցրել են 1-ին եւ 2-դ հորիզոնականները: Ի դեպ, 2 ամիս հետո Դավիթի որակազրկման ժամկետն ավարտվում է: Սակայն մինչեւ կրկին մրցահարթակ դուրս գալը նա պետք է լիովին ապաքինվի վիրահատություններից հետո: