Այսօր Մոսկվայում մեկնարկում է արագ շախմատի մրցաշարՙ նվիրված աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին: Հայաստանից այդ մրցաշարին կմասնակցեն Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը: Արոնյանի մրցակիցները երկու շրջանով անցկացվելիք մրցաշարում կլինեն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը: Կանանց մրցաշարում Դանիելյանը կմրցի Համպի Կոներուի, Տատյանա Կոսինցեւայի եւ Եվրոպայի այս տարվա չեմպիոնուհի Վիկտորիա Չմիլիտեի հետ: Մրցաշարը կտեւի ընդամենը 2 օր, իսկ սեպտեմբերի 4-ին կկայանա Միխայիլ Բոտվիննիկին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում մրցաշարի մասնակիցները 80 խաղատախտակների վրա միաժամանակյա խաղաշար կանցկացնեն: