«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2011-08-31 | #154, 2011-09-02 | #155, 2011-09-03


ԱՅՍՕՐ ԿԲԱՑՎԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ 30-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ

Թատերասերների սիրած Երեւանի պետական կամերային թատրոնը երեք տասնամյակի պատմություն ունի: Անցած այդ ժամանակաշրջանում թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Արա Երնջակյանի ջանքերով մի քանի սերունդներ են ոտք դրել հայ թատրոն: Այսօր արդեն հստակ կարող ենք ասել, որ Կամերային թատրոնը դարձել է յուրօրինակ դարբնոց, որտեղ մասնագիտական փորձ ու հմտություն են ձեռք բերում շատ երիտասարդ բեմադրիչներ, ռեժիսորներ, դերասաններ եւ արվեստի նվիրյալներ: Թատրոնն անցած 30 տարիներին 100-ից ավելի նոր ներկայացումներ է հանձնել հանդիսատեսի դատին ու մշտապես արժանացել վերջիններիս բարձր գնահատականին եւ ընդունելությանը:

Այսօր, սեպտեմբերի 3-ին Կամերային թատրոնն իր դռները կրկին կբացի հանդիսականների առջեւ Արա Երնջակյանի «Կաբարե» ներկայացումով, որով էլ կազդարարվի 30-րդ թատերաշրջանի բացումը: Այդ առիթով «Ազգ»-ը հյուրընկալվեց Արա Երնջակյանին եւ տեղեկացավ, թե թատերաշրջանի ընթացքում ի՞նչ նոր բեմադրություններ կներկայացվեն հանդիսատեսին: Թատրոնը ծրագրել է երեք նոր ներկայացումների առաջնախաղ, Արա Երնջակյանի «Ճանապարհ դեպի Եգիպտոս» պիեսը եւ «Ժաննա դ'Արկի առեղծվածը» (բեմադրիչ Արշալույս Հարությունյան), որոնք կկայանան մեկ ամիս հետո: Իսկ թե ինչու մեկ ամսից, քանզի Կամերային թատրոնը մեկ ամսով հրավիրվել է ԱՄՆ, «ASA-ART» կորպորացիայի կողմից, մասնակցելու «Աշխարհի թատրոնները» միջազգային փառատոնին: Հոկտեմբերի 9-ին մեծ հանդիսավորությամբ Լոս Անջելեսում կմեկնարկի փառատոնը եւ կտեւի մեկ ամիս: Այդ մեկ ամսվա ընթացքում Կամերայինը թատերասերներին կներկայացնի երեք ներկայացումՙ Արա Երնջակյանի (պիեսի հեղինակ եւ բեմադրիչ) «Իզեն», «Կառավարական համերգ» եւ Լեոնարդ Հերշի «Ի՞նչ տարբերություն, թե ո՞ւմ հետ» (բեմադրիչՙ Լուսինե Երնջակյան): Բացի Լոս Անջելեսից, նախատեսվում է նաեւ ներկայացումներ Բոստոնում եւ Սան Ֆրանցիսկոյում: Փառատոնից հետո կշարունակվի Երնջակյանի «Անտեր-գրաունդ» եւ Էդվարդ Ռադինսկու «Ներոն» ներկայացումների վերականգնումը: Իսկ մինչ փառատոն, սեպտեմբերի վերջին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Արա Երնջակյանի սցենարով ու ռեժիսորական դեբյուտով նկարված «Հոբելյանական հաճախորդ» գեղարվեստական 1.30 ժամ տեւողությամբ ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես տեղեկացրեց պրն. Երնջակյանը, ֆիլմը երիտասարդ զույգի սիրո գեղեցիկ պատմությունն է. հանդիպումը, զգացմունքների զարգացումը եւ... մնացյալը ֆիլմում: Ֆիլմում կնոջ դերակատար է ընտրվել Լուիզա Ներսիսյանը, իսկ տղամարդու դերը վստահվել է վրաց շնորհաշատ դերասան Դավիթ Կացառավային:

Մաղթենք Կամերային թատրոնին հաջողություններ միջազգային փառատոնում եւ սպասենք նորանոր ներկայացումների:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4