Կալիֆոռնիայի միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Ամերիկայում առաջին անգամ սեպտեմբերի 8-ից 11-ը Լոս Անջելեսի «Թեատր Սենտրում» (Թատերական կենտրոնում) ներկայացվելու են «Կոմիտասի 10-ը պատվիրանները» եւ «Գույներ» պիեսները Հայաստանից ՄԻՀՐ թատերական խմբի կողմիցՙ համագործակցությամբ Լոս Անջելեսում գործող «Հայկական դրամատիկական արվեստների միության» (ՀԴԱՄ):
«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ բեմադրությունները նվիրված են լինելու Կոմիտաս վարդապետի ծննդյան 140 ամյակին: Փորձելով փշրել արվեստների ժանրերի, փիլիսոփայությունների եւ տարբեր մշակույթների միջեւ եղած խոչընդոտները, ՄԻՀՐ խումբը բեմադրություններում պատմական ու ավանդական մոտեցումներին միահյուսում է էթնոգրաֆիական պարերի արդի շարժումները: Խմբի ներկայացումները դիտել են Ռուսաստանում (Մոսկվա, Արխանգելսկ, Տյումեն), Եգիպտոսում, Իրանում, Չեխիայում, Լատվիայում եւ Վրաստանում: «Գույներ» պիեսում նկարչական գույների եւ պարային շարժումների միջոցով փորձ է արվում բացահայտել մարմնի եւ տարածության միջեւ գոյություն ունեցող կապը: «Գույները կենդանի «էակներ» են: Ունեն հոգի, մարմին եւ խոսում են իրենց ուրույն լեզվով», բացատրում են նրանք:
Միջազգային թատերական փառատոնը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 18-ը: Մասնակցում են աշխարհի տարբեր երկրների թատերախմբերը: Փառատոնի ընդհանուր տնօրենն է Ջո Պերակիոն, իսկ գործադիր պրոդյուսերըՙ Թամի Թեյլորը:
Կիրակի օրը, սեպտեմբերի 11-ի ներկայացումից առաջ ՀԴԱՄ-ի խումբը բեմական ընթերցանությամբ հանդիսատեսի դատին է հանձնելու Բիանկա Պահատուրյանի «Քաղաքավարության վնասները շարունակվում են» (հիմնված Հակոբ Պարոնյանի պատմվածքների վրա) պիեսը:
Հ. Ծ.