ԱՊՀ գագաթաժողովը Դուշանբեում, ըստ «Կոմերսանտ» թերթի, ցույց տվեց, որ «Մոսկվայի համար այդ կառույցն այլեւս առաջնային չէ», քանի որ շեշտադրումն արվում է Մաքսային միության ու Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության վրա, որոնց, ըստ թերթի, լուրջ փոփոխություններ են սպասվում: Նույն աղբյուրի պնդմամբ, փաստաթղթերն այդ ուղղությամբ արդեն համաձայնեցվում են, ընդ որում, Մաքսային միության դեպքում «նորարարությունները բացատրվում են Ուկրաինային էլ ներառելու հաշվարկներով, իսկ ՀԱՊԿ պարագայում փորձում են դառնալ առավել մարտունակ` անգամ կազմակերպության անդամներից մեկի կորստի գնով»:
ՀԱՊԿ պարագայում, ինչպես տեղեկացրել են թերթի դիվանագիտական աղբյուրները, խոսքը «յոթնյակի» (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան) արդյունավետության բարձրացման, նաեւ նորմատիվ բազայի, որոշումների կայացման հնարավորության ու ՀԱՊԿ ներուժի օգտագործման մասին է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ թերթին տեղեկացրել է, որ խնդիր է դրված սահմանել, թե որ որոշումներն են այդուհետեւ ընդունվելու կոնսենսուսով, որոնք` որակական մեծամասնությամբ:
Այս փոփոխությունները, ըստ ՌԴ ԱԳՆ աղբյուրների, կարող են բերել կազմակերպության անդամների թվի կրճատմանը առնվազն մեկով: Նախ, պատրաստվում են Հավաքական անվտանգության պայմանագրի փոփոխություններ` հրաժարվելու կոնսենսուսով բոլոր որոշումները կայացնելու պրակտիկայից: Այս մոտեցմանը դեմ է Ուզբեկստանը, որն էլ կարող է հիմք դառնալ կազմակերպությունից Ուզբեկստանին դուրս թողնելու համար:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա այս կառույցի շրջանակներում կատարելիք փոփոխությունները ամենից առաջ նպատակ ունեն ներգրավելու Ուկրաինային այս միության մեջ, որում արդեն ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:
Ա. Հ.