15 տարի առաջ մեր երկրի կառավարման համակարգում ներդրվեց տեղական ինքնակառավարման համակարգը: Հոբելյանական տարին պատշաճ տոնելու համար, ՀՀ տարածքային կառավարման եւ մշակույթի նախարարությունները հունիսից հայտարարել էին մրցույթ 14 անվանակարգերում: Երեկ կառավարությունում լրագրողների հետ հանդիպեցին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը : Պրն Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ստեղծված հոբելյանական հանձնաժողովն արդեն անցկացրել է մի շարք միջոցառումներ: Սեպտեմբերի 4-ին եւ 5-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես եկան հանրապետության 8 մարզերի ոչ պետական թատերախմբերը, նրանցից «Լավագույն թատերական խումբ» անվանակարգի հաղթողին կընտրի մասնագիտական ժյուրին: Հիմնական ծրագիրը կանցկացվի Գյումրիում սեպտեմբերի 8-ին եւ 9-ին: Հոբելյանական միջոցառումների աշնանային շարքը կունենա հետաքրքրական զարգացումներ ու կմեկնարկի Գյումրիի կենտրոնական հրապարակում «Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի ու փառատոնի» բացումով: Ցուցահանդեսին մարզերից կմասնակցեն ավելի քան 100 քաղաքային եւ գյուղական համայնքներ, որոնք կզբաղեցնեն 90 միանման ձեւավորված տաղավարներ, ըստ մարզերի եւ 9 անվանակարգերի:
Միջոցառումների նպատակն է մարզերում մշակութային կյանքին թարմ շունչ ու նոր բովանդակություն հաղորդելը, նաեւ լավագույն առիթ է փոխարդյունավետ շփումների ու փորձի փոխանակման համար: Առաջին անգամ կազմակերպվող միջոցառումներին տրամադրվել է 25 միլիոն դրամ, որից 10 միլիոնը նախատեսված է մրցանակային ֆոնդին:
ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, «Հայաստանի համայնքային միության», «Հայէլեկտրացանց» ընկերության, մարզերի աջակցությամբ անցկացվող միջոցառումների շարքը կդառնա ավանդական եւ ամեն տարի կանցկացվի որեւէ մարզում, ասաց պրն Գեւորգյանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկություններ հաղորդեց միջոցառումների մասին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ