Օգոստոսի 20-26-ը ալավերդցի 20 երիտասարդներից բաղկացած խումբը մասնակցեց Արեւմտյան Հայաստանի տարածքներ ուխտագնացությանը: Նախաձեռնությունը «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ընկերությանը եւ Ալավերդու քաղաքապետարանինն էր, կազմակերպիչըՙ «Անիտուր» կազմակերպությունը, մասնակիցներըՙ ալավերդցի ուսանողներ, ովքեր աչքի են ընկնել ուսման բարձր առաջադիմությամբ եւ հասարակական գործունեությամբ: Սա նման առաջին նախաձեռնությունը չէ: Ընկերությունը հաճախ է տարբեր տեսակի շրջագայություններ կազմակերպում` նպատակ հետապնդելով հասարակությանը ծանոթացնել ընկերության գործունեությանն ու որդեգրած արժեքներին, ապահովել սեփական գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն, սոցիալական կամուրջներ ստեղծել այն համայնքների միջեւ, որտեղ գործում են «Վալլեքս» խմբի ընկերությունները:
«Տարբեր շրջայցեր են կազմակերպվել Ալավերդի, Թեղուտ, ԼՂՀ: «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ընկերության հրավերով Ալավերդու քաղաքային ավագանին եւ երիտասարդական ակտիվի ներկայացուցիչները վերջերս այցելել էին «Վալլեքս» խմբի ընկերությունների ԼՂՀ-ում գտնող ձեռնարկություններ: «Բեյզ Մեթըլս» ընկերության հյուրընկալությունը, սակայն, չսահմանափակվեց արտադրական գործունեության օբյեկտներ շրջայցերով, կազմակերպվեցին այցելություններ Արցախի պատմամշակութային հուշարձաններ: Ալավերդցի երիտասարդների համար Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ-ուխտավայրեր շրջագայություն կազմակերպելու գաղափարը ծագեց որպես Լոռու մարզ-Արցախ համագործակցության եւ բարեկամության կամուրջների ստեղծման տրամաբանական շարունակություն», «Ազգ» -ի հետ զրույցում ասաց «Վալլեքս» խմբի ընկերությունների մամլո խոսնակ Վահրամ Ավագյանը :
Ուխտագնացներն այցելել են Կարս, Անի, Բիթլիս, Բայազետ, Վան, քոչարի պարել Արարատի արեւմտյան լանջերին, աղոթել հայկական դեռեւս կանգուն եկեղեցիներում: «Մի բան է թերթում կարդալ, որ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին վերածվել է մզկիթի, մեկ այլ բան` տեղում լինելով հայկական եկեղեցու շեմից լսել նամազի ձայնը: Ուխտագնացության մասնակիցները դժվարանում էին միանշանակ ձեւակերպումներով արտահայտել, թե ինչ է տեղի ունենում այդ պահին իրենց ներաշխարհում», ասում է Վահրամ Ավագյանը` հավելելով, որ նման ուխտագնացությունները նպաստում են, որ երիտասարդ սերունդն առավել լավ ճանաչի եւ համարժեք գնահատի սեփական պատմությունը, լինի առավել միասնական:
Ուխտագնացության մասնակիցները մշակութային հնչեղություն ունեցող հետաքրքրական իրադարձության ներկա են դարձել Աղթամար կղզում: Ալավերդու հոգեւոր հովիվ Միքայել քահանա Շաղոյանի օրհնությամբ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվել է հայ երիտասարդ զույգի պսակադրություն: Սակայն եկեղեցու պահպանության աշխատակիցներն արգելել են շարունակել պսակադրության արարողությունը` վկայակոչելով թուրքական օրենսդրությունը: «Պսակադրությունն ավարտվեց եկեղեցու հարակից մատուռի ավերակների մոտ, սակայն, մեր տպավորությամբ, դրանից արարողության խորհուրդը չխամրեց», ասաց Ավագյանը:
«Այս ուխտագնացության հիմնական նպատակը ճանաչողական էր: Մշակութային ժառանգության իրական տերը դառնալու հարցումՙ ճանաչողությունն առաջին եւ կարեւորագույն քայլն է: Եթե այսօր երիտասարդները ճանաչեցին իրենց պատմական հայրենիքը, իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ապա մեկ քայլով մոտեցան դրա իրական տերը լինելուն: Մշակութային ժառանգությունը ճանաչելովՙ նույնիսկ սեփականատիրոջ իրավական կարգավիճակ չունենալու դեպքում մարդը կարող է ավելի լիարժեք տեր զգալ իրեն, քան նա, ով այդպիսի կարգավիճակ ունի, սակայն չի ճանաչում»:
Անին, որի հայոց մայրաքաղաք հռչակվելու 1050-ամյակը լրանում է այս տարի, ուխտագնացության եզրափակիչ նպատակակետն էր: Ուխտագնացներն իրենց աղոթքն առ Աստված ուղղեցին Անիի Մայր տաճարում, որտեղ կազմակերպվեց նաեւ ուխտագնացության ամփոփիչ միջոցառումը, եւ երիտասարդ ուխտավորներին «Վալլեքս» խմբի անունից հանձնվեցին մասնակցության հավաստագրեր:
Հ. Հ.