«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2011-09-02 | #155, 2011-09-03 | #156, 2011-09-06


ՆՈՐԱԾԻՆԸ ՄԱՀԱՑԱՎ ՄԱՆԿԱԲԱՐՁԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Օգոստոսի 14-ին Վայքի ծննդատանը ծնված մանչուկին պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել: Հիվանդանոցի բժիշկները պատճառաբանել են, թե համապատասխան սարքավորումներ, այդ թվում նաեւ թթվածնի բալոն անգամ չեն ունեցել նորածնին օգնելու համար: Իսկ մինչ այդ, Վայքի ծննդատան բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանն իր աշխատողներին կարգադրել է ու տվել ցուցում, որ ծննդկան մորըՙ Գնդեվազ գյուղի 20-ամյա բժշկուհուն, սրսկեն դիմեդրոլ եւ անալգին, մինչեւ ինքըՙ 54-ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյան, բուրդը չբխի, վերմակը կարի ու նոր ժամանի: Մասնագետները պնդում են, որ երկունքի ցավերի մեջ գտնվող ծննդկանին երբեք չի կարելի ցավազրկող դեղորայք ներարկել, որովհետեւ դրանք կանխում են կծկումների հաճախականությունը, որն էլ կարող է շատ բարդություններ առաջացնել:

Հենց այդպիսի բարդություններ է առաջացել երիտասարդ ծննդկանի ու նորածնի մոտ: Հիվանդանոցում տեսնելով, որ այլեւս չեն կարող համապատասխան բուժօգնություն ցուցաբերել, հարազատները դիմել են առողջապահության նախարարություն: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողովՙ խնդիրը ուսումնասիրելու եւ դեպքի հանգամանքնեը պարզելու նպատակով: Նորածնին ծնվելուց հետո մի քանի ժամ անց տեղափոխել են Երեւանի «Մուրացան» ԲԿ: Հիվանդանոց են գնացել նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, մայրության եւ վերարտադրողական առողջության բաժնի պետ Գրիգոր Ավագյանը, տեղում իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար: Չնայած ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները նորածնի բուժօգնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, մանչուկի կյանքը փրկել չհաջողվեց:

Ներկայումս Վայոց ձորում է առողջապահության նախարարության որակի կառավարման բաժնի պետ Կարեն Ավագյանը, դեպքի մանրամասներին տեղեկանալու եւ համապատասխան տեղեկություն հավաքելու նպատակով: Հատուկ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կհրապարակվի շուտով, իսկ այժմ պարզ է, որ երեխան ծնվել է պորտալարը 3 անգամ փաթաթված:

Ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր 54-ամյա Մետաքսյան Հովհաննիսյանի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ եւ ճիշտ կատարելու առնչությամբ, որն էլ ազդել է նորածնի առողջական վիճակի վրա, պատճառել մահ: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է առողջապահության նախարարության որոշմամբ: Իսկ թե ինչ պատիժ է սպասում Հիպոկրատի երդումը խախտող եւ ծննդկանին թողածՙ իր բուրդը չբխող մանկաբարձ-գինեկոլոգին, կորոշեն իրավապահները: Հետաքրքրական է, թե Մետաքսյան տարին քանի անգամ է բուրդ ձաղկում եւ քանի-քանիսին է դժբախտացրել: Հիմա եկավ ժամանակը, որ վայ բժշկուհու «բուրդը չբխեն», որ դաս լինի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4