«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2011-09-02 | #155, 2011-09-03 | #156, 2011-09-06


ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

Սփյուռքահայ գործիչը համոզված է, որ Հայաստանում սփյուռքահայ ներդնողներին թալանում են

Երկու տասնյակ ձայնասկավառակների, պոեզիայի ժողովածուների եւ գեղարվեստական ալբոմների հրատարակում, 3.000 համերգ, ցուցահանդես, դասախոսություն եւ վարպետության դաս, համագործակցություն 2.000 հայ եւ օտարերկրյա ստեղծագործողների հետ: Սրանք յոթ տարվա գործունեության ընթացքում «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) իրականացրած ծրագրերի մի մասն են: 2008-ին ձեւավորվել է «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը: 2006-ին հիմնադրվել է Շուշիի «Նարեկացի» կենտրոնը, որը արվեստի տուն է 100 երեխայի համար եւ աշխատավայր 20 մանկավարժի: Կենտրոնում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ եւ փառատոներ: Կենտրոնում գործում է արվեստի 12 դասարան` փայտագործություն, մանրանկարչություն, ասեղնագործություն, նկարչություն, թատրոն:

«Նարեկացի» արվեստի միության յոթնամյա փայլուն գործունեության մասին են վկայում նաեւ մրցանակները` վարչապետի հուշամեդալ, Armenian music awards-ի 3 մրցանակ, Art Expo 2010-ի լավագույն տաղավար: Միության գործունեությունն իրականացվում է անվճար, անցկացվող միջոցառումների մուտքն ազատ է: ՆԱՄ-ը Երեւանի այն եզակի կենտրոններից է, որ ստեղծել է բոլոր հնարավորությունները հաշմանդանություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար:

Յոթնամյակի կապկացությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՆԱՄ-ի տնօրեն Նարեկ Հարությունյանը հավաստիացրեց` ապագայում շարունակելու է նույն ոգով: Սակայն, ցավոք, հանդիպման մթնոլորտը տոնական չէր: Պատճառը վերջին մեկ տարվա ընթացքում Հարությունյանի հետ կատարվող դեպքերն են: 2011-ը գնահատում է դաժան տարի, ինչի պատճառով միությունը ոչինչ չի հրատարակել: «Մեր ընտանիքում անարդարության ժամանակաշրջան էր: Հայտնվել ենք տարօրինակ իրավիճակում, մարդիկ չարաշահել են մեր վստահությունը: Պետական տարբեր մարմիններ ճնշում են գործադրում, սպառնում: Վեցերորդ վարչությունը խլում է իմ ամբողջ ժամանակը, եւ ես չեմ կարողանում իմ առաքելությամբ զբաղվել», ասաց Հարությունյանը:

Այսօր Նարեկ Հարությունյանի ընտանիքին պատկանող բիզնեսի, անշարժ գույքի, անձնական հաշիվների վրա կալանք է դրված: Հարությունյանի ներկայացմամբՙ իր վստահած երկու անձինք` «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին ու Արտյոմ Մարտիրոսյանը խաբել են իրեն, մի բան արել, մեկ այլ բան ներկայացրել: Նարեկ Հարությունյանը հայտնաբերել է, որ ընկերությունից հսկայական գումարներ են անհետացել: Հարաբերությունները սրվել են: Նրա ներկայացմամբ` իր գլխին սարքել են, իբր պարտքեր ունի, եւ նա հայտնվել է անելանելի իրավիճակում: Երեք օր առաջ էլ զանգել են Հարությունյանին, սպառնացել եւ ասել, որ ձերբակալելու են: Նա համոզված է, որ այս ամենը ներքին պահանջով է ընթանում. մեծ է ոմանց ցանկությունըՙ հափշտակելու ուրիշի ունեցվածքը: «Ուզում են խեղդեն, որ ամեն ինչ թողնեմ ու հեռանամ եւ ԱՄՆ-ում հանգիստ ապրեմ: Բայց ես դա չեմ անի, որովհետեւ այս դեպքով շատ բաներ են բացահայտվում: Որովհետեւ սա սփյուքահայերին թալանելու հերթական պատմություններից է: Սփյուռքահայերին, ովքեր այստեղ ցանկանում են ներդրումներ կատարել, թալանում են»:

Հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը ՆԱՄ-ի բարեկամներից է: Միության օժանդակությամբ ալբոմ է թողարկել: Նա առաջարկում է գնահատել միության դերըՙ ելնելով հանգամանքից, որ հասարակությունում տիրում են տգիտություն եւ այլասերվածություն: «Եթե 1915թ. Թաթուլն ու Արամ Ասատրյանը երգեին, մեզ գուցե չջարդեին, չկոտորեին: Մեր ազգային մեջքն են ջարդում, իսկ զուգահեռՙ «Նարեկացի» արվեստի միությունը ներկայացնում է երկրի ազգային դեմքը, մշակույթը»:

Երկրում նման իրավիճակի պատճառն, ըստ Հախվերդյանի, կառավարությունն ու նախագահներն են, որ մշակույթից ոչինչ չեն հասկանում: «Առաջին նախագահը «Ռանչպարների կանչ» էր կարդացել, բայց չէր հասկացել, հաջորդ երկուսը դա էլ չէին արել: Դա այլանդակության հետեւանք է»:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գնահատմամբ 7 տարվա ընթացքում միությունն այնքան գործ է արել մշակույթի ոլորտում, ներդրում կատարել, որ անհնար է որեւէ այլ կազմակերպության հետ համեմատել: «Նարեկացու» հարկի տակ զգում ենք ինչպես տանը: Միությունը փարոսի դեր է կատարում: Ցավ եմ ապրում, որ այսքան ներդրում կատարած անձին ներքաշել են խնդիրների մեջ, նրա հանդեպ անարդար են վարվում: Իր առաքելությամբ զբաղվելու փոխարեն Նարեկը 24 ժամ զբաղված է անիմաստ բացատրություններ պարզաբանելով, ընկած է քաշքշուկների մեջ», ասաց Կարապետյանը` հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի:

Երաժիշտ Արթուր Շահնազարյանը հավելում է, որ եթե այսօր «Նարեկացին» էլ կորցնենք, ապա վաղը կարող ենք հայրենիք տանուլ տալ, որովհետեւ այն երգերը, որ այսօր հնչում են, խոսքերն ու արտահայտությունները այլասերում են, ոչնչացնում մեր մշակութային դեմքը: Դրա դեմ այսօր պայքարում է միությունըՙ մատուցելով Կոմիտաս, Խաչատրյան, շարականներ: «Պետք է զինվոր լինենք, որ կարողանանք պայքարել: Մեր ամենամեծ պրոբլեմը մեր ներսի թուրքն է, նրա դեմ պետք է պայքարել»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4