Վախթանգը չեմպիոնական գոտին նվիրեց Սերժ Սարգսյանին
Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր անդրանիկ մենամարտը հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակով ավարտեց Վախթանգ Դարչինյանըՙ պաշտպանելով թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ճիշտ է, նրան չհաջողվեց մենամարտն ավարտել նոկաուտով, սակայն ողջ հանդիպման ընթացքում հայ բռնցքամարտիկի առավելությունը զգալի էր: «Կատաղած ցուլը» շատ լավ էր նախապատրաստվել այդ մենամարտին եւ մեծ ոգեւորութւամբ էր այն անցկացնումՙ հարվածների մի ամբողջ շարք տեղալով մրցակցի վրա: Արդեն առաջին ռաունդում Մբամբան հայտնվեց նոկդաունում: Թվում էր, թե նա չի դիմանա Վախթանգի ճնշմանն ու շուտով գետնին կտապալվի: Սակայն հարավաֆրիկացին «ամուր ընկույզ» դուրս եկավ եւ կարողացավ 12 ռաունդ դիմանալ: Երեք մրցավարներն էլ միաձայն հաղթանակը շնորհեցին Վախթանգ Դարչինյանին (119-107, 120-107 120-107), ինչը մարզասերները մեծ ցնծությամբ ընդունեցին:
Ընդհանուր առմամբ Երեւանում առաջին անգամ կազմակերպված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն ստացվեց: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճը լեփ լեցուն էր բռնցքամարտի սիրահարներով, որոնք իրենց բացականչություններով մենամարտերի ընթացքում ոգեւորում եւ աջակցում էին հայ բռնցքամարտիկներին: Իսկ Վախթանգի մենամարտի ժամանակ յուրաքանչյուր հաջող հարվածից հետո դահլիճը պարզապես «պայթում» էր բացականչություններից ու ծափերից:
«Շատ ուրախ եմ, որ հաղթեցի: Այս հաղթանակը նվիրում եմ Հայաստանի անկախության 20-ամյակին: Այստեղ են գտնվում պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայտնի գործիչները, որոնց թույլտվությամբ IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի գոտիս նվիրում եմ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մրցաշարի գլխավոր հովանավոր Գագիկ Ծառուկյանին ու նրան հանձնել 2008-ի լավագույն նոկաուտի համար ստացած մրցանակս: Շնորհակալ եմ նաեւ մյուս հովանավորներին, բոլոր նրանց, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել պրոֆեսիոնալ բռնցքամարտի այս հիանալի երեկոն Հայաստանում: Խոստացել էի, որ լավ մենամարտ ու շոու է լինելու, ափսոս միայն, որ չհաջողվեց նոկաուտով հաղթել:
Իմ նպատակն է պրոֆեսիոնալ բռնցքամարտում հնարավորինս շատ չեմպիոնական գոտիներ նվաճել, որպեսզի ընդգրկվեմ լավագույնների շարքը: Նաեւ ցանկանում եմ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի դպրոց հիմնել, օգնել հայ բռնցքամարտիկներին: Այսօր այստեղ է գտնվում Ավստրալիայի լավագույն պրոմոութերներից մեկըՙ Գերի Շոուն, որը 2-րդ անգամ է Հայաստանում: Առաջին այցելության ժամանակ նրան ընդունել էր հանրապետության նախագահը: Կարծում եմ, որ հետագայում եւս Հայաստանում կկազմակերպվեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտեր», մենամարտի ավարտից հետո հենց ռինգում հայտարարեց Վախթանգ Դարչինյանը:
Դարչինյան-Մբամբա մենամարտը պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր եւ վերջին մենամարտն էր: Իսկ մինչ այդ ռինգ դուրս եկան մեր սկսնակ պրոֆեսիոնալները: Հովհաննես Ժամկոչյան-Միխայիլ Գոգոլաշվիլի եւ Ազատ Հովհաննիսյան-Սերգեյ Տոսիմով մենամարտերն ընթացան նույն սցենարով: Երկուսում էլ 2-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկները մրցակիցներին նոկաուտի ենթարկեցին: Իսկ ահա Գաբրիել Տոլմաջյանն ու Եվգենի Ֆյոդորովը ռինգում անցկացրին նախատեսված 6 ռաունդներն էլ: Միեւնույն 60-54 հաշվով երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին: Այդ երեկո հայ բռնցքամարտիկներն իրոք գերազանցեցին մրցակիցներին: