ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Շուշի
Ինչ-որ մի անտես, թաքնված հմայք ունի Շուշին, հատկապես նոր կառուցվող շենքերն են սիրուն` կապտավուն եւ սպիտակ երանգներով, որոնք ինչ-որ խորհրդավոր ու նրբագեղ մի ստվեր են նետում քաղաքի վրա առավոտ վաղ ու մայրամուտին, նոր այցելուին մտովի խոստովանել տալիս, որ ուրիշ ոչ մի փոքրիկ քաղաքում կապտասպիտակ այս երանգը եւ մեծ քաղաքներին հատուկ ուրբանիստական շունչը չեն տեսել ու չեն զգացել միատեղ, ու եթե չլսվեր շուշեցու բարբառը` անգամ մի պահ Շուշիի նորակառույց անկյունները կարելի էր շփոթել եվրոպական մեծ քաղաքների անկյունների հետ: Սա կարելի է եւ հաճոյախոսություն անվանել, եւ ընդհակառակը, որովհետեւ, օրինակ` Շուշիի երկրագիտական թանգարանի տնօրենը կգերադասեր նկարում երեւացող կապտավուն նորակառույցների փոխարեն տեսնել մինչ այս կառույցներն այստեղ կանգնած Շուշիի հին ու կոլորիտային շենքերից մեկը, ոը չգիտես ինչու քանդեցին:
Քաղաքն ապրում է հետտոնական ընդարմությամբ, տոնի փշուրները դեռ ներկա են` եռագույն դրոշներն ու եռագույնի երեք գույներով երեքական դրոշներն ամենուր են: Հյուրանոցներում եւ խանութներում մարդիկ խոսում են, թե որքան շատ հյուր կար քաղաքում Արցախի անկախության քսանամյակին: Իմ տանտիրուհի տիկին Նաիրան, սակայն, այլ բան է ասում. որ Շուշի սկսել են ավելի հաճախ գալ ընդհանրապես, որ նրբաքիմք տուրիստներն ու եկվորները սկսել են Շուշին գերադասել Ստեփանակերտից, որ այս քաղաքի գեղեցկությունը, նրբագեղությունն ու խաղաղությունը գրավում է նրանց. հատկապես գալիս են ուրբաթ օրվանից` եռօրյա հանգստի, եւ երկուշաբթի վերադառնում: Ու այդ պատճառով տիկին Նաիրան իր փոքրիկ ու հարմար սենյակները նորոգել է ու փորձում է հյուրատան նիստուշարժ անել` եթե մեծ հյուրանոցները չխեղդեն, գուցե մի բան ստացվի:
Իսկ հյուրանոցային բիզնեսը խթանվում է Շուշիում` միայն Արցախի քսանամյակի նախօրեին երկու նոր հյուրանոց է բացվել, սա խոսում է այն մասին, որ գուցե մի բան դուրս գա այն ծրագրից, ըստ որի Շուշին մինչեւ 2020 թվականը մշակույթի եւ զբոսաշրջության կենտրոն է նախատեսվում դարձնել: Այս փոքրիկ քաղաքը, որ պահում է Վարանդայի մելիքների ժամանակի արքունական նիստուկացի հիշողությունը, որ 19-րդ դարի վերջին վաթսուն հազար բնակչությամբ Այսրկովկասի երրորդ քաղաքն է եղել, որը հաղթահարել է զանազան եւ ամեն տեսակի փանահխաների, իսկ ռուս-պարսկական պատերազմից հետո մշակութային եւ արհեստագործական մի առեւտրաշահ կենտրոն էր, 1992 թվականի մայիսին կրկին ճանապարհ ընկավ իր անցյալի փառավոր ուղիներով, եւ երկար ճանապարհի է պատրաստվել:
Այն, ինչ մենք ասում ենք, սակայն, շուշեցուն կարող է մի քիչ վերացական թվալ, քանի որ բուն շուշեցին, տոնից տոն եւ հատկապես նշանակալից առիթներով արտահայտվող անձնական եւ զանգվածային հպարտության զգացումից զատ թաթախված է ամենօրյա չվերջացող պրոբլեմների մեջ, ու չնայած բոլորն են խոստովանում, որ մի հինգ-վեց տարի առաջվա համեմատ, այո, Շուշին զարգացում ապրել է, բազմաթիվ նոր շենքեր են շահագործման հանձնվել, «Հայաստան» համահայկական հիմնադրամն է մի շարք հաստատություններ նորոգում ու կառուցում, սակայն սովորական շուշեցու հոգսը բոլորովին էլ չի նվազում: Այնպես որ` Շուշիի պրոբլեմներն անպակաս են. նախ եւ առաջ խմելու ջուրը, որ երկու-երեք օրը մեկ է հասնում սպառողին, սպառողն էլ դա հավաքում է համապատասխան տարաներում, որ օրվա հոգսը հոգա: Մյուս պրոբլեմը ճանապարհներին են, կարեւոր եւ կենտրոնական լավ սարքված մի քանի ճանապարհների կողքին` Շուշիի թաղամասերը կապող փողոցները հիշեցնում են սովորական գյուղական եւ չասֆալտված, երբեմն անանցանելի հողուղիներ: Քաղաքում բազմաթիվ են քանդված շենք-շինությունները, որոնք տվյալ տարածքին լքյալ գոտու երեւույթն են տալիս: Գործազրկութունը մշտական վտանգ ունի իր մեջ` արտագնա աշխատանքի մեկնողների նոր հոսքերի ստեղծման առումով, իսկ այս զանգվածը եւ ունեւորների մի շերտ տարեցտարի լրացնում են ավելացող այն մարդկանց թիվը, որոնք ունեցած բնակարանների դռները փակելով` մեկնում են երկար տարիներով: Այստեղից էլ Շուշիի ամենակարեւոր պրոբլեմներից մեկը` փակված բնակարաններ եւ առանձնատներ, հողատարածքներ, որոնք տարիներով տիրոջ շունչ չեն զգացել` արգելակելով Շուշիի զարգացումը, քանի որ, ինչպես Շուշիի քաղաքապետն էր ասում, Շուշիում բաշխելու տարածք, բնակարան այլեւս չկա, բոլորն արդեն բաշխված են: Քաղաքացների կարծիքով` նախկին քաղաքապետը փորձել է դատարկ, բայց տեր ունեցող տների եւ տարածքների օգտագործման օրենսդրական ու գործնական ուղիներ փնտրել, ու գուցե դա էլ պատճառներից մեկն է եղել նրա պաշտոնավարման ավարտի, քանի որ այդպիսի տներ եւ տարածքներ ոչ միայն շուշեցի, այլեւ ստեփանակերտցի եւ երեւանցի շատ հզորներ ունեն, նրանց նախկին քաղաքապետը խիստ զայրացրած է եղել:
Բոլոր այս, եւ մի շարք այլ պրոբլեմների մասին զրուցել ենք Շուշի ներկա քաղաքապետ Կարեն Ավագիմյանի հետ, որն այս հարցերի պատասխանը որոշ առումով գիտեր, այդ մասին մեր հետագա հրապարակումներում կպատմենք: Ասենք առայժմ, որ փակ տարածքների վերաբերյալ Շուշիի սովորական քաղաքացիները, չիմանալով գուցե օրենսդրությունը սեփականության իրավունքի մասին, շատ արմատական առաջարկներ էին անում, թե` թող փողը տան, հետ վերցնեն սեփականատերերից, եթե իրենք չեն օգտագործում, մանավանդ` չտաքացվող բնակարանները ձմռանը խնդիրներ են առաջացնում, կծել-դրել են որ ինչ: Մյուս առաջարկը այն էր, որ պարտադրեն տների բացակա սեփականատերերին միջինում ընտանիքի ծախսի չափով կոմունալ վարձեր մուծել, որ քաղաքն էլ կարողանա իր խնդիրները լուծել. «Էս չորս հազար բնակիչով քաղաքը հո կրակը չի՞ ընկել բացակա երեսուն տոկոսի ձեռքը», ասում էին շուշեցիք: Օրինակՙ մի շենք կար, որ տրված էր Արցախի գրողների միությանը, մի քանի անգամ հրդեհ է ընկել` մի կերպ հանգցրել են, ոչ տերերը գալիս են, ոչ տիրություն են անում:
Մինչեւ տարվա վերջ նորություն կլինի Շուշիում` մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Շուշի, նորոգվող Մարիամյան կրթական հաստատության շենք, իսկ եկող-մյուս տարի դատական համակարգն աստիճանաբար կտեղափոխվի Շուշի, Երեւանի ագրարային համալսարանի այժմ կառուցվող մասնաճյուղում տեղացի ուսանողները կսովորեն: Ֆրանսահայ բարերները արհեստագործական ուսումնարան են սկսել կառուցել` այս կարգի բազմաթիվ ծրագրեր կան, մի մասն էլ արդեն իրականացվում է: Քաղաքի կյանքի ցուցիչը սովորաբար աշակերտներն են լինում, դրանց թվը վեց հարյուրն է, այնպես որ` այս թվի վրա եթե կառուցենք բնակչության թվի վերաբերյալ ոչ պաշտոնական մեր պրոգնոզները եւ կանխավ չհավատանք քաղաքի ղեկավարության ասած չորս հազարին, էլի այդ չորս հազարը կստացվի, չհաշված, որ Շուշիում այսօր շատ են դրսեկները, նաեւ Երեւանից եւ Ստեփանակերտից եկած վարձու աշխատողները: Այս բոլորի հետ միատեղ` շուշեցիներից շատերի հետ մեր զրույցները տպավորություն էին ստեղծում, որ հասարակ շուշեցին քաղաքը վերակառուցելու, զարգացնելու խնդիրն իրենը չի համարում նաեւ, ինչպես նկարիչ Հովիկ Գասպարյանն էր ասում` «պետությունը մենք ենք, սովորական մարդիկ» կարգախոսը նրանցից կիլոմետրով հեռու էր մնացել, եւ դրա համար մի շարք պատճառներ կային:
Ընդհանուր այս տեղեկությունները փոխանցելով Շուշի այցելության ընթացքից, խոստանանք սակայն, որ առաջիկայում ավելի համակարգված կպատմենք Շուշիի, նրա մարդկանց եւ քաղաքի հոգսերի մասին: