Սեպտեմբերի 6-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց «Արմենիա» առագաստանավի անձնակազմին` գրող, հրապարակախոս Զորի Բալայանի ղեկավարությամբ:
Նորին սրբությունը գոհունակություն հայտնեց, որ նավարկությունը բարեհաջող ընթացք է ունեցել: «Տեղյակ ենք այն խանդավառությանը, որ ձեր այցելություններով ստեղծում էիք հայ համայնքներից ներս` հպարտության զգացում փոխանցելով մեր զավակներին ձեր քաջարի այդ արարքով: Նմանատիպ երեւույթները նոր ոգեւորություն են ներարկում մեր զավակների հոգիներից ներս եւ լիցք են հաղորդում նրանց` շարունակելու իրենց ազգապահպան գործունեությունը», - նշեց Վեհափառ հայրապետը:
Հանդիպումից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր տաճարում «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Իջման ս. սեղանի առջեւ ծնրադրած նավագնացներին` մեկ անգամ եւս մաղթելով նորանոր հաջողություններ իրենց հետագա ծրագրերում: