«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2011-09-03 | #156, 2011-09-06 | #157, 2011-09-07


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐՆ «ԱՆՔՆՆԵԼԻ» ԵՆ... ԿԱՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՐԿԻՄԱՍՏ

Այս օրերին տարածաշրջանային այցով ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան է այցելում Եվրոմիության Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը : Նա Բաքվում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հանդիպումներից մեկում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի «բազմակողմանի» առաջընթացի առնչությամբ այն դեպքում, երբ Եվրոմիության Մշտական խորհուրդը հրապարակել է այդ տեսակետի հետ բնավ էլ նույնականություն չունեցող ԵՄ-ի հայտարարության վերջնական նախագիծը` Ադրբեջանում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների ու իրավունքի գերակայության մասին:

Ըստ ԵՄ-ի պաշտոնական կայքէջի, հայտարարությամբ նշվում է, որ ԵՄ-ն մտահոգություն է հայտնում. մասնավորապես, 2011-ի օգոստոսի 11-ին Բաքվում Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակի ոչնչացման առնչությամբ: Եվրոմիության մտահոգությունն է առաջացնում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի է ունեցել առանց դատարանի որոշման:

Խոստանալով հետեւողական լինել այս հարցում` Եվրոմիությունն, ըստ հայտարարության, մտահոգ է մնում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վիճակի առումով, հիշատակելով, որ հատկապես մտահոգիչ է 2011-ի օգոստոսի 25-ին ձերբակալված ու մինչեւ 3 տարվա տարբեր պատժաժամկետներով դատապարտված 6 ցուցարարների պարագան, որոնք մասնակցել են ապրիլի 2-ին Բաքվում կայացած ցույցերին: Մտահոգության հաջորդ պատճառը իրավապաշտպան Վիդադի Իսկենդերովի դատապարտումն է 3 տարվա ազատազրկման:

Ափսոսանք հայտնելով Ադրբեջանում ձերբակալված երիտասարդ բլոգերների եւ միջազգային իրավապաշտպանների հանդիպմանը խոչընդոտելու առումով` հայտարարությամբ նաեւ հիասթափություն է արտահայտվում իրավիճակի շարունակակության համար:

Իսկ Լեֆորի պարագայում ստացվում է, որ ԵՄ-Ադրբեջան համագործակցությունն անամպ իրողություն է:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4