Նման հայտարարություն երեկ կատարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը` հավելելով, որ կայքն իր առջեւ խնդիր ունի ընտրություններից առաջ նոր փոթորիկ ստեղծել տարբեր ոտնահետքերի համար: Անդրադառնալով «WikiLeaks»-ի հրապարկմանը, ըստ որի 2008թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ 35 տոկոս ձայն է հավաքել, սակայն երկրորդ փուլ չի եղել, հետեւաբար Սերժ Սարգսյանն ընտրություններում չի հաղթել, Գալուստ Սահակյանն ասաց, որ հասարակության նկատմամբ հարգալից վերաբերմունք չէ, եթե «WikiLeaks»-ն է որոշում, թե ով է հաղթել ընտրություններում: «Ինձ համար ավելի լավ է մեր մամուլի աղավաղված լուրերը մեկնաբանել, քան խաթարված «WikiLeaks»-ի», ասաց Սահակյանը: ՀՀԿ-ական գործիչը չի ընդունում «WikiLeaks»-ի դիտարկումը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հակասություններ ունեն: «Նրանք պատերազմի երկար ճանապարհ են անցել, եւ նման մարդիկ կարող են միայն համատեղ գործել»: Սահակյանը չի հավատում, որ հայ պաշտոնյաներից որեւէ մեկը կարող էր օտարերկրյա դիվանագետների հետ անկեղծանալ: Նա ասաց, որ անձամբ ճանաչում է Սամվել Նիկոյանին եւ չի կարծում, որ նա կարող էր նման բան անել: Իսկ նրանց, ովքեր օտարերկրյա դիվանագետների հետ Հայաստանի մասով զրույցներ են ունեցել, Սահակյանը բնութագրեց ոչ լավ հայեր:
Սահակյանը վիրավորվել է, երբ «WikiLeaks»-ը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բնորոշել է «Հին աղվես»: «Հին աղվեսներին թող որոնեն իրենց մոտ»: Անդրադառնալով ՀԱԿ-կոալիցիա երկխոսությանըՙ Սահակյանն ասաց, որ երկխոսությունը շարունակվում է: Երկխոսության պայմանները չեն կարեւոր, այլ թեմաները, որոնց մասին այսօր խոսում են իշխանական եւ ընդդիմադիր բոլոր ուժերը: Երկխոսող կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը երկխոսությունը նմանեցրել էր տանգոյի` հավելելով, որ այն մենակ չեն պարում: Սեպտեմբերի 9-ին սպասվող հանրահավաքից առաջ ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասել էր, որ կլինեն ջրբաժան ու ցասում, եւ եթե տանգոն իշխանությանը դուր չի գալիս, ապա իրենք տրնգի կպարեն: Այս առնչությամբ Սահակյանն ասաց, որ եթե հայերն են պարելու, ավելի լավ էՙ տրնգի պարեն, քան տանգո, քանի որ տրնգին ավելի ազգային է:
Սահակյանն արդեն կռահում է, թե սեպտեմբերի 9-ին ՀԱԿ հանրահավաքում ինչպիսի ելույթներ են հնչելու: «Նորից վերադառնալու են ավազակապետության, որ «հեսա գալու ենք», «հեսա եկանք», «դուք տեսեք` ինչ ենք անելու», դրա համար իբր թե առկախեցին: Իբր թե էնքան ժողովրդավարական են դարձել, պիտի ժողովրդից հարցնեն, որ հետո փորձեն երկխոսել: Նախընտրական ընթացք է, ձեւեր թափել, պոպուլիզմով առաջ գնալ, դրանք բոլորն էլ ընդունելի են»:
Հ. Հ.