ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Քսան տարի առաջ` 1991 թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության մակույկը համաշխարհային հեղաբեկումների ալիքների վրայով լողում էր դեպի անկախ պետականության բաղձալի ափը: Քսան տարիների ընթացքում անկախության ծովն աստիճանաբար ցամաքեց, արժանապատվության եւ հպարտության, ազատության եւ արդարության ձգտող հասարակությունը վերածվեց կծկված ու շփոթահար, վհատ ու թեւաթափ, հարմարվող ու կամազուրկ մարդկային զանգվածի, իսկ առաջընթացի եւ հզորության ձգտող նոր Հայաստանը դարձավ հետադեմ ու գավառամիտ, վախվորած ու անարի, արհամարհված ու ոտնահարված, անարգված ու դավաճանված երկիր` երկարատեւ դեգերումներից հետո խարիսխ նետելով անորոշության եւ անհուսության ափին: Քսան տարի անց երբեմնի մեր երազների Հայաստանի Հանրապետության տեղում կոռումպացված, օրինազանց, հայաթափվող մի երկիր է առաջացել, որի` նման գոյությունը հերքում է անկախ պետականություն կայացնելու` հայ ժողովրդի ունակությունը: Երկիր, որի` նման գոյությունը սրախողխող է անում առաջադեմ ու ժողովրդավարական, ազատ ու արդար պետություն ունենալու, նրան ապավինելու եւ նրան օգտակար լինելու, նրանով հպարտանալու` ՀՀ քաղաքացու ձգտումը: Երկիր, որի` նման գոյությունը նման է անհույս ու դատապարտված այն սիրուն, որը տակնուվրա է անում մտքերդ, հույզերդ, ողջ էությունդ: Երկիր, որի` նման գոյությունը նման է ցանկացած պահի մահվան դատապարտող շնչարգելության: Քսան տարի առաջվա մեր ձգտումների եւ նպատակների սլացքը թրատվել-կասեցվել է:
Եվ այժմ` քսան տարի անց, ձեզ մեղադրում են նրանք, որոնց երիտասարդ արյունը թափվեց ազատ, անկախ, արժանապատիվ երկիր ունենալու համար:
Ձեզ մեղադրում են այն նորածինները, որոնք ծնվեցին անլույս եւ ցուրտ ծննդատներում, թեպետ աշխարհ գալու նրանց ճիչն ավելի ուժգին էր թվում, քան հայրենիքն անարգելու ձեր չմարող բնազդը:
Ձեզ մեղադրում են նրանք, որոնց զրկեցիք հայրենիքում ապրելու եւ այնտեղ հանգչելու երանությունից: Նրանց բոլորի մեղադրանքը արճճե ծանրություն ունի, եւ ձեր շարքերն այժմ կքել են այդ բեռան տակ:
Ես մեղադրում եմ ձեզ նրանց բոլորի անունից: Ես մեղադրում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անունից: Ես մեղադրում եմ ձեզ հանուն Հայաստանի Հանրապետության:
Ես մեղադրում եմ Խորհրդային Հայաստանի նոմենկլատուրային, որը վարժեցրեց Հայաստանի ժողովրդին կոռումպացված, անարդար եւ անօրեն երկրում ապրելուն` ճզմելով այդ ժողովրդի մեջ օրինականությանն ու արդարությանը ապավինելու ձգտումը:
Ես մեղադրում եմ Խորհրդային Հայաստանի վերջին տարիների հարափոփոխ ղեկավարությանը, որն անընդունակ եղավ վերակառուցման քաղաքական տաք քամիների առջեւ բացել Հայաստան երկրի հնամաշ ու փոշեպատ պատուհանները:
Ես մեղադրում եմ նրանց ազգային խնդիրներին հետամուտ լինելու անվճռականության մեջ:
Ես մեղադրում եմ Խորհրդային Հայաստանի կոմունիստական նոմենկլատուրային, որոնց մի մասը հաջողությանբ սողոսկեց ժողովրդավարացող Հայաստանի երիտասարդ մարմնի մեջ` ատելով, արհամարհելով եւ ոտնատակ տալով նոր արժեքները:
Ես մեղադրում եմ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, որոնք ուխտադրուժ եղան` ոտնատակ տալով ազատ, անկախ, արժանապատիվ, արդար, ժողովրդավարական պետություն կայացնելու իրենց իսկ սերմանած ծիլերը:
Ես մեղադրում եմ Հայոց Համազգային Շարժմանը, որը, սկզբնապես լինելով նոր հասարակարգի, նոր արժեհամակարգի, անկախ պետականության ջահակիրը` վարկաբեկեց-անվանարկեց-ոտնահարեց այդ արժեքները:
Ես մեղադրում եմ Հայոց Համազգային Շարժմանը, որը դարձավ ընտրախախտումների, ընտրակեղծիքների, բռնությունների սկզբնավորողը Հայաստանում` ավերելով սեփական իշխանությունն ընտրելու, նրան ապավինելու եւ վստահելու` հասարակության ձգտումները:
Ես մեղադրում եմ հայ ավանդական կուսակցություններին, որոնք նեղ կուսակցական խնդիրները պետականությունից ավելի բարձր դասեցին:
Ես մեղադրում եմ հայ ավանդական կուսակցություններին, որոնք փառազրկվեցին Հայաստանում, կամ ազգային շահի եւ խնդիրների նեղմիտ եւ պարզունակ ընկալման, կամ ներկուսակցական աղտեղությունների, կամ խոսքի եւ գործի ահռելի հակադրության հետեւանքով:
Ես մեղադրում եմ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որը սփյուռքի միջկուսակցական պայքարի գործելակերպը, հոգեբանությունն ու բառապաշարը արմատավորեց Հայաստանում:
Ես մեղադրում եմ Հայաստանի Ռամկավար-ազատական եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություններին, որոնք իրենց անփառունակ գործելակերպով անվանարկեցին մի դեպքում` ազատական, մյուս դեպքում` սոցիալ-դեմոկրատական գաղափարները:
Ես մեղադրում եմ Ազգային-ժողովրդավարական միությանը, որը ցույց տվեց, թե Հայաստանում ինչպես են վաճառքի հանվում քաղաքական սկզբունքներն ու համոզմունքները:
Ես մեղադրում եմ «Օրինաց երկիր» կուսակցությանը, որը ցույց տվեց, թե ինչպես է Հայաստանում կուսակցություն հիմնադրվում քաղաքական սկզբունքների եւ համոզմունքների բացակայության պայմաններում:
Ես մեղադրում եմ «Հանրապետական» կուսակցությանը, որը դարձավ քաղաքական դեմագոգիայի եւ պատեհապաշտության առաջամարտիկը:
Ես մեղադրում եմ «Հանրապետական» կուսակցությանը, որի երբեմնի խորհրդային այլախոհները դարձան գործող արատավոր քաղաքական համակարգի ջերմեռանդ պաշտպանները:
Ես մեղադրում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը ցույց տվեց, թե ինչպես է Հայաստանում բիզնեսը գնում քաղաքականությունը եւ անհատներին:
Ես մեղադրում եմ հայաստանյան մնացյալ բոլոր կուսակցություններին, որոնք նորագույն հայ քաղաքական միտքը խեղդեցին օրորոցում: Ես մեղադրում եմ նրանց քաղաքական կարճատեսության մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ բոլոր 5 խորհրդարանների պատգամավորներին Հայաստանի Հանրապետության քաղաքական ներկայի եւ ապագայի հանդեպ դրսեւորվող անտարբերության մեջ: Ես մեղադրում եմ նրանց պառլամենտարիզմի չկայացման, օրենսդիր իշխանության ներկայացուցչականության կորստի մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետներին, որոնց գործունեության արդյունքում արժեզրկվեցին ու վարկաբեկվեցին ազատական տնտեսական համակարգը եւ ազատ շոււկայական հարաբերությունները:
Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետներին հայրենական արտադրությունն արհամարհելու, ռազմավարական արտադրական ճյուղեր չզարգացնելու, Հայաստանի տնտեսությունը ծառայություններից, տրանսֆերտներից, օտարերկյա ներարկումներից կախման մեջ դնելու մեջ: Ես մեղադրում եմ նրանց արտաքին պարտքի ծավալների ահռելի աճի մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետներին տնտեսական հովանավորչությունն ու մենաշնորհներն արմատավորելու, անազատ եւ անմրցունակ տնտեսություն ձեւավորելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետներին սեփական աշխատանքին ապավինած պարկեշտ մարդկանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու, անհոգ մանկություն եւ հանգիստ ծերություն ապահովելու անկարողության մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ վարչապետներին հասարակության սոցիալական բեւեռացման խորացման եւ սոցիալական շահատակության մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ պաշտպանության նախարարներին հայկական բանակի արժանապատվության նսեմացման, զինվորների ծանակման ու սպանությունների, հայկական բանակում ծառայելու` հայ մարդու խորացող տագնապի մեջ:
Ես մեղադրում եմ նրանց հայկական բանակում տիրող կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ պաշտպանության նախարարներին հայկական բանակը քաղաքականության բութ գործիք դարձնելու, հայկական զինուժը ՀՀ քաղաքացիների դեմ օգտագործելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարներին երկյուղած, անարժանապատիվ, չհաշվարկված արտաքին քաղաքականություն իրականացնելու համար:
Ես մեղադրում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարներին օտարերկրյա կողմնորոշումների քաղաքականություն իրականացնելու, ՀՀ արտաքին քաղաքականությունն ինքնուրույնությունից զրկելու մեջ:
Ես մեղադրում եմ նրանց մեր պետության սահմանների պաշտպանությունն օտար պետությանը հանձնելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ կրթության նախարարներին Հայաստանում հանրակրթության փլուզման եւ բուհական կրթության արժեզրկման մեջ: Ես մեղադրում եմ նրանց կրթության, ուսման, գիտելիքի հասարակական արժեքի կորստի մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ կրթության նախարարներին կրթությունը բիզնեսի վերածելու մերժելի ուղեգիծ իրականացնելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ կրթության նախարարներին կոռուպցիան, կաշառակերությունը կրթական համակարգի հավերժական ուղեկիցներ դարձնելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ իրավապահ մարմիններին բացառապես պատժիչ գործառույթներ իրականացնելու, օրինազանցության եւ կաշառակերության մեջ:
Ես մեղադրում եմ դատական մարմիններին արդարադատության հանդեպ հասարակական վստահության իսպառ բացակայության, կաշառակերության, կոռուպցիայի, կախյալ դատական համակարգ ձեւավորելու մեջ:
Ես մեղադրում եմ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին սահմանադրական արդարադատության հսկա կաղնին հողմածեծ անելու եւ այն տաշեղի վերածելու համար:
Ես մեղադրում եմ Երեւանի քաղաքապետներին Հայաստանի 13-րդ մայրաքաղաքի անցյալը ջնջելու, երբեմնի վարդագույն քաղաքը բետոնե գորշ զանգվածի վերածելու համար:
Ես մեղադրում եմ Երեւանի քաղաքապետներին Երեւանը երեւանցիների համար աստիճանաբար դժոխքի վերածելու համար` ռեստորանային չդադարող աղմուկի, հրավառությունների, ավտոմեքենաների շչակների, կանաչ տարածքների ահռելի կորստի համար:
Ես մեղադրում եմ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին մայրաքաղաքն անգթաբար դիմազրկելու, այն մեգապոլիսի վերածելու գավառական ձգտման, Երեւանը որպես անհոգի բիզնես-ծրագիր դիտարկելու, մայրաքաղաքն իր տարակուսելի ճաշակին համապատասխան վերաձեւելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Հայաստանում ավտորիտար կառավարման համակարգ ներդնելու, Հայաստանը ժողովրդավարության շավղից դուրս մղելու եւ արատավոր շրջան հրելու, ժողովրդավարության երբեմնի կղզյակը ռմբահարելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ապաշնորհ կադրային քաղաքականություն իրականացնելու մեջ:
Ես մեղադրում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որի կառավարման բարդ ժամանակահատվածում ազատագրվեց Ղարաբաղը, սակայն ինքը դարձավ պարտվողական տրամադրությունների դրոշակակիրը` շփոթ առաջացնելով հայկական կողմի բացառիկ հաղթանակի հանդեպ:
Ես մեղադրում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական պատեհապաշտության մեջ: Ես մեղադրում եմ նրան 2008 թ. մարտի 1-ին դրսեւորած անվճռականության, անհետեւողականության, եսակենտրոնության մեջ:
Ես մեղադրում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին հայկական հեղափոխությունը երիցս ձախողելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատերազմի անագորյուն կանոնները քաղաքացիական կյանքում կիրառելու մեջ:
Ես մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին կոռուպցիան, կաշառակերությունը պետական համակարգում արմատավորելու մեջ:
Ես մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին ազատ ընտրական համակարգի գլխատման մեջ:
Ես մեղադրում եմ նրան 2008 թ. մարտի 1-ի արյունալի շրջադարձի մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 2008 թ. մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո առանց վարանելու նախագահի պաշտոնը ստանձնելու մեջ:
Ես մեղադրում եմ Սերժ Սարգսյանին մարտի 1-ի նախադրյալները հաղթահարելու վճռականության եւ կամքի բացակայության մեջ:
Ես մեղադրում եմ նրան Հայաստանի ժողովրդագրական աղետը չկանխելու մեջ:
Ես մեղադրում եմ Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության ինքնալուծարման գործընթացն անվրդով ավարտին հասցնելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ երեք նախագահներին Հայաստանը մեծ նպատակներից եւ ապագայից զրկելու մեջ:
Ես մեղադրում եմ Վազգեն Մանուկյանին «համաշխարհային ազգի» եւ «սովորական ազգի» տեսական բանավեճում գործնականում պարտվելու եւ այդ պարտությանը անձնապես եւ մեծապես նպաստելու համար:
Ես մեղադրում եմ Բաբկեն Արարքցյանին երկրի համար ճակատագրական պահերին ուխտադրուժ լռություն պահպանելու համար:
Ես մեղադրում եմ Ղարաբաղի իշխանություններին Հայաստանի հետ վերամիավորվելու գաղափարից հրաժարվելու մեջ:
Ես մեղադրում եմ Ղարաբաղի իշխանություններին ղարաբաղյան զինուժը Հայաստանի ներքաղաքական զարգացումներում օգտագործելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին եւ միջազգային կազմակերպություններին Հայաստանի հանդեպ դրսեւորվող անտարբերության եւ արհամարհանքի համար:
Ես մեղադրում եմ հայկական Սփյուռքին Հայաստանի հանդեպ իրենց հայեցողական կեցվածքի համար: Ես մեղադրում եմ հայկական Սփյուռքին Հայաստանի ժողովրդավարացման գլխատման հանդեպ դրսեւորվող անհաղորդ կեցվածքի մեջ:
Ես մեղադրում եմ հայկական Սփյուռքին Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային զարգացումներին մասնակից դարձնելու ջանքերի բացակայության համար:
Ես մեղադրում եմ Հայ Առաքելական եկեղեցուն քրիստոնեական սկզբունքներն ու արժեքներն անտեսելու եւ դրանց կենսունակության հանդեպ հասարակության հավատը խարխլելու մեջ:
Ես մեղադրում եմ աղանդավորական կազմակերպություններին հայ քրիստոնյաների հոգեորսության, Հայ Առաքելական եկեղեցու հիմքերը խարխլելու փորձերի մեջ:
Ես մեղադրում եմ աղանդավորական կազմակերպություններին հավատացյալների կրոնական զգացմունքներն ուղղորդելու, հասարակության հոգեւոր հիմքերը կազմաքանդելու մեջ:
Ես մեղադրում եմ քաղաքացիական կառույցներին քաղաքացիական հասարակության կայացմանը խոչընդոտելու մեջ:
Ես մեղադրում եմ ՀՀ քաղաքացիներին, որ թույլ տվեցին, որ ոտնատակ տան հայրենիքում արժանապատիվ ապրելու իրենց իրավունքը:
Ես մեղադրում եմ ՀՀ քաղաքացիներին, որ վհատվեցին ու հուսալքվեցին` անզոր համարելով իրենց փրկել հայրենիքը անարգումից:
Ես մեղադրում եմ հայաստանյան տպագիր մամուլին առաջընթացի եւ զարգացման մեջ հասարակությունից առաջ չանցնելու, լրջության կորստի, մասնագիտական արժեքների նահանջի մեջ:
Ես մեղադրում եմ հայաստանյան հեռուստաընկերություններին մասնագիտական անազատության հետ հաշտվելու, զանգվածային լսարանի մոտ ցածրակարգ ճաշակ ու բնազդ ձեւավորելու մեջ:
Ես մեղադրում եմ մշակույթի գործիչներին հայկական մշակույթն ամլացնելու մեջ:
Ես մեղադրում եմ հայ գործարարներին, որոնք չհաղթահարեցին սեփական գավառամտությունը, նեղմտությունը, շահամոլությունը, հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ իրենց խոր արհամարհանքը:
Ես մեղադրում եմ հայ գործարարներին, որոնք դարձան ոչ թե հասարակության եւ պետության առաջընթացի եւ բարեկեցության ապահովման սյուները, այլ արատավոր տնտեսական եւ քաղաքական համակարգի սյուները:
Ես մեղադրում եմ հայ կանանց, որ թույլ տվեցին, որ հայ տղամարդիկ պատմության մեջ որերորդ անգամ ձախողեն հայկական պետականությունը:
Ես մեղադրում եմ հայ տղամարդկանց Հայաստանի դավաճանության մեջ:
Ես մեղադրում եմ հայ ուսուցիչներին, որոնք հայ դպրոցականին չուսուցանեցին, որ այս կերպարները չեն մեր ժամանակների հերոսները:
Ես մեղադրում եմ հայ ուսուցիչներին, որ հայ դպրոցականին չուսուցանեցին, որ հայ ժողովրդի փրկությունը քանիցս եկել է ոչ նրա հավաքական կամքի դրսեւորման, այլ նրա փոքրաթիվ անհատների` հայրենիքի հանդեպ խելահեղ սիրո եւ նվիրման արդյունքում:
Ես մեղադրում եմ հայ դասախոսներին, որոնք հայ ուսանողներին չուսուցանեցին ամենակարեւոր դասը` ազատ երկրի ազատ քաղաքացի լինելու դասը:
Ես մեղադրում եմ ինձ, որ այս ամենից հետո շարունակում եմ հավատալ, որ Հայաստանն իմ երկիրն է, ոչ թե նրանցը` ձերը:
Ես մեղադրում եմ ինձ, որ այս ամենից հետո արյանս հոսքը եւ սրտիս զարկերն արագանում են, երբ մտածում եմ Հայաստանի մասին:
Ես մեղադրում եմ ինձ, որ շարունակում եմ զգալ Հայաստան երկրի սրտի զարկերն այնպես պարզ ու հստակ, ինչպես մայրն է զգում դեռեւս աշխարհ չեկած իր զավակի սրտի բաբախյունը:
Ես մեղադրում եմ ինձ, որ չեմ կարողացել փրկել իմ հայրենիքը ձեզնից:
Ես մեղադրում եմ ձեզ` բոլորիդ, Հայաստանի Հանրապետության անունից: Ես մեղադրում եմ ձեզ հանուն Հայաստանի Հանրապետության: