Էլեկտրոնային մամուլում տեղ գտած «Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի խոսք» աղանդի հավաքատեղի» նյութի առնչությամբ տեղեկացնում ենք հետեւյալը. սույն հարցը միշտ եղել է Արարատյան հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ համայնքի հոգեւոր կարիքները հոգացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի: Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանարոգումից հետո կունենա հոգեւոր հովիվ, եւ կհոգա համայնքի հոգեւոր պահանջները:
Ահազանգ ենք բարձրացնում, որ «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը ծանր հետեւանքներ է բերում մարդկանց թե՛ հոգեւոր եւ թե՛ ֆիզիկական վիճակին: Արարատյան թեմը դիմել է նաեւ իրավապահ մարմիններին, որ պատժվեն իրավախախտները: Չգործող եկեղեցու բակում ակտիվություն ցուցաբերելով` «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը մարդկանց միտումնավոր մոլորեցնում է` ներկայանալով իբրեւ առաքելական եկեղեցի:
Կոչ ենք անում չխաբվել եւ զգուշանալ, որ որեւէ մեկը չհայտնվի այդ կործանարար աղանդում: Զգոն եղեք: Ձեզ հուզող հարցերով մշտապես դիմեք հոգեւորականներին կամ գրեք Արարատյան հայրապետական թեմի www.qahana.am կայքին: Մենք հետեւողական ենք եւ արձագանքում ենք հուզող բոլոր հարցերին:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան