«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2011-09-03 | #156, 2011-09-06 | #157, 2011-09-07


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ-ՄՐՑՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ

  «Ազգը» ընթերցողներին տեղեկացրել է Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀԿ) կողմից մեր երկրի անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված գրականության, կերպարվեստի, ժուռնալիստների, գիտնականների եւ նաեւ մի շարք այլ բնագավառներում անցկացվող մրցույթների մասին: Դրանց շարքը ավելացել է եւս մեկովՙ երիտասարդ երգչախմբերի հանրապետական փառատոն-մրցույթով: ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի երաժշտական ընկերության հետ համատեղ, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը Երեւանում «Մրցանակաբաշխություն-2011թ.»-ի շրջանակներում ՌՀՄ-ի նախաձեռնած փառատոն-մրցույթը առաջին անգամն է անցկացվելու: Երեկ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը , ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը եւ Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը հանդիպեցին լրագրողների հետ ու ներկայացրին փառատոնի անցկացման կարգը: «Մրցանակաբաշխություն-2011»-ին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ եւ սիրողական այն երգչախմբերը, որոնց անդամների միջին տարիքը չի գերազանցում 35-ը: Փառատոնի պարտադիր պայմաններից էՙ Կոմիտասի եւ ուրիշ հայ կոմպոզիտորների խմբերգերից մեկ ստեղծագործության կատարումը: Մայրաքաղաքում գործող երգչախմբերի համար փառատոն-մրցույթի ունկնդրումը մասնագիտական ժյուրիի կողմից, կկայանա Երեւանում, իսկ մարզերի համարՙ համապատասխան մարզկենտրոններում: Մրցույթի համար սահմանված են երեք մրցանակՙ 600.000-ական դրամ, խրախուսական երեք մրցանակ, պատվոգիր եւ դրամական պարգեւՙ 200.000-ական դրամ:

Արթուր Պողոսյանը բարձր գնահատեց ՌՀՄ եւ նախարարության համագործակցությունը, որը մեծ խթան է մեր երկրի կատարողական արվեստի զարգացման համար: «Փառատոն-մրցույթում տարիքային սահմանափակումը եւ հանրապետության ողջ տարածքում անցկացվող փառատոնը համահունչ է կառավարության քաղաքականությանը, մշակույթի նախարարության կողմից իրականացվողՙ մշակույթի համաչափ զարգացման թեզի ներքո», ասաց պրն Պողոսյանը:

Վլադիմիր Աղայանն ասաց. «Կազմակերպության ստեղծման առաջին իսկ օրվանից համագործակցել ենք նախարարության հետ ու մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահել Հայաստանի Հանրապետության մտավոր կյանքի աշխուժացումն, ու աջակցել ենք ամենամյա մրցույթ-փառատոներ կազմակերպելով: Իսկ մտավոր աշխուժացման կենտրոնական դեմքը դրանք մտավորականներն ենՙ գրող, նկարիչ, երաժիշտ, ժուռնալիստ: Առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը: Դժբախտաբար, ինչպես գիտեք, հատկապես վերջին 20 տարվա ընթացքում գիտական եւ ստեղծագործական մտավորականությունը հայտնվել է հասարակության կարիքավորների շարքում եւ պետությունը անհրաժեշտ միջոցներ չունի օժանդակելու ստեղծագործական միություններին: Մենք փորձեցինք այդ բացը ինչ-որ չափով լրացնել, որի պարզ վկայությունն են 2007-ից սկսված մրցանակաբաշխությունները»: Նախկին մրցանակաբաշխություններին միացավ եւս մեկըՙ «Երիտասարդական երգչախմբերի հանրապետական փառատոն-մրցույթը», որով ինչպես նշեց պրն Աղայանը, «մենք հայացքով թեքվել ենք դեպի կատարողական արվեստը, որը մշակույթի նախարարության խնդրանքն էր»:

Դավիթ Ղազարյանն իր հերթին նշեց, որ նման փառատոնը լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանում երգչախմբային արվեստի զարգացման եւ նաեւ դպրոցներում երգչախմբերի ստեղծման համար: Կար ժամանակ, որ գրեթե բոլոր դպրոցներում երգչախմբեր էին գործում: Սակայն դրանք փակվեցին ու անգամ երաժշտության դասաժամերը կրճատվեցին կամ փակվեցին: Հայ դպրոցում երգչախումբը մեծ դեր կարող է խաղալ դպրոցականների գեղագիտական դաստիարակության հարցում: Այս փառատոն-մրցույթը յուրովի հարգանքի տուրք է երգչախմբային արվեստում իրենց լուման ներդրած անվանի երախտավորներիՙ դիրիժոր, խմբավար, կոմպոզիտոր Արամ Տեր-Հովհաննիսյանին, Թաթուլ Ալթունյանին: Փառատոնի օրերին կլինի նաեւ անակնկալՙ «Կապելլայի» գեղղեկ եւ դիրիժոր մաեստրո Հովհաննես Չեքիջյանին կմեծարեն ու փառատոնի հանդիսավոր փակման արարողությանը պետական երգչախումբը հանդես կգա հատուկ ծրագրով: Հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի ելույթով կազդարարվի փառատոնի գալա համերգն ու մրցանակների հանձնման արարողությունը, որը դարձել է ամենամյա ու Հայաստանում է իրականացվում ՌՀՄ, ՀՀԿ-ի նախագահ Արա Աբրահամյանի ներկայությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4