Ի՞նչ է կատարվում դպրոցներում
«Ազգ» օրաթերթում սեպտեմբերի 6-ին «1000-դրամանոց օրագրի բիզնես դպրոցներում» հոդվածում համակարգչային սխալի պատճառով Սիամանթոյի անվան 162 դպրոցի փոխարեն տպագրվել էր Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց, ինչի համար հայցում ենք ընթերցողների եւ թիվ 11 դպրոցի կոլեկտիվի ներողամտությունը: (Այս մասին «Ազգի» պաշտոնական հերքումը կարդալ ներքեւում):
Երեկ, մենք կրկին զրուցեցինք թիվ 162 դպրոցի աշակերտների այդ ծնողների հետ, ովքեր հաստատեցին, որ օրագրի վաճառք այդ դպրոցում կատարվել է: Ավելի ուշ զրուցեցինք նաեւ դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանի հետ, որ չհերքեց, թե արդեն մի քանի տարի համագործակցում են կազմակերպության հետ, ով իրենց տրամադրում է օրագրեր Սիամանթոյի նկարով, նրա խոսքերով ու բանաստեղծություններով: Ստեփանյանն ասաց, որ նախաձեռնությունը ծնողական համայնքինն էր եւ մինչ իր տնօրեն նշանակվելն էր նման ավանդույթ դպրոցում գործում: «Ես չցանկացա այդ ավանդույթը խախտել: Ամեն տարի օգոստոսի վերջին ծնողական համայնքը հավաքում է այդ գումարները, որպեսզի արդեն սեպտեմբերին երեխաներին օրագրեր բաժանվեն: Այս տարի նույնպես օրագիր էինք պատվիրել: Երկու օր առաջ դպրոցում բաժանեցին հոբելյանական օրագրերը, մինչդեռ երեխաներն արդեն մեկ շաբաթ գալիս էին դպրոց եւ պատվիրած օրագրերում արդեն լրացումներ կատարել էին: Երբ ծնողներն ինձ մոտեցան եւ ասացին, ի՞նչ անենք նոր օրագրերը, ես էլ ասացի` հոբելյանական օրագիրը պահեք հաջորդ տարի կօգտագործեք», ասաց Ստեփանյանը` հավելելով, որ օրագիրն իրոք արժե 1000 դրամ: Աշխատանքային տետրերի վերաբերյալ տնօրենն ասաց, որ դրանք ստացել են գրքերի հետ միասին: Ինչ վերաբերում է աշխատանքային տետրերը կամավորության սկզբունքով գնելունՙ տնօրենն ասաց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:
Սակայն «1000 դրամանոց օրագրի բիզնես դպրոցներում» հոդվածն առավել լայն արձագանք գտավ: Երեկ «Ազգ»-ի խմբագրություն զանգահարեցին Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի ծնողները` ասելով, որ սեպտեմբերի 1-ից դպրոցում դրամահավաքության արշավ է սկսվել: Ֆիզկուլտուրայի դահլիճը նորոգելու համար յուրաքանչյուր երեխայից 6.000 դրամ գումար են պահանջում, դպրոցի ֆոնդի համար հավաքում են 15.000 դրամ եւ այդպես շարունակ:
Երեկ զրուցեցինք դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի հետ, որ տեղեկացրեց, որ դպրոցի պատին արդեն փակցրել են հայտարարություն, ըստ որի շինարարական աշխատանքներ իրականացնելու համար դպրոցն օգնության կարիք ունի եւ գումարը հավաքվում է խիստ կամավորության սկզբունքով: Թեպետ դպրոցի տնօրենը հավաստիացրեց, որ դա խիստ կամավորության սկզբունքով է, սակայն ծնողներն էլ մեզ հետ զրույցում հերքեցին` խնդրելով նախարարությանը լուրջ ուշադրություն դարձնել դպրոցում տիրող մթնոլորտին:
Հ. Հ.