Օրերս Երեւանում էր Հայաստանում, Սփյուռքում ճանաչված մտավորական, թատերական գործիչ Ռոբերտ Առաքելյանը : Ծնունդով Լոռվա աշխարհի Դսեղ գյուղից, Երեւանի գեղարվեստաթատերական պետական ինստիտուտի (Հրաչյա Ղափլանյանի դասարան) շրջանավարտ, ապաՙ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, Ռոբերտ Առաքելյանը 1993-ից բնակություն է հաստատել Լիբանանում: Նրա մեկնումն, աներկբայորեն, կորուստ էր հայրենիքի թատրոնի համար, սակայն անուրանալի է այն փաստը, որ ի դեմս նրաՙ լիբանանահայ համայնքը ձեռք բերեց կարկառուն նվիրյալ եւ բարձրարհեստավարժ թատերական գործիչ: Այսօր Ռոբերտ Առաքելյանի իր ծավալուն թատերական-մանկավարժական-կազմակերպչական գործունեությամբ հայտնի է նաեւ Հայաստանում: 2009-ին Թատրոնի միջազգային օրվա առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նա պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Ռոբերտ Առաքելյանը տարիների ընթացքում եղել է Այնճարի Համազգայինի «Լուսարձակ-40» թատերախմբի ղեկավար, հիմնադրել է «Սուրեն Քոչարյան» ասմունքի խումբ, «Լեւոն Շանթ», «Լորիկ», «Երազ» եւ այլ թատերախմբեր Այնճարի եւ Բեյրութի մի շարք վարժարաններում: Ներկայումս ճանաչված մանկավարժն ու բեմադրիչը դասավանդում է «Թատրոն» վարժարանում, Համազգայինի ճեմարանում, «Թորոսյան» վարժարանում, Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարանում եւ Համազգայինի «Լեւոն Շանթ» կենտրոնի թատերական «Արեգ» դպրոցում, լինելով համանուն թատերախմբի ղեկավարը: Նշելի է, որ բեմադրիչը նաեւ «Գասպար Իփեկյան» մեծերի թատերախմբի ղեկավարն է: Այդ բոլորՙ թե՛ մանկապատանեկան, թե՛ մեծերի թատերախմբերը պարբերաբար հանդես են գալիս Այնճարում, Զահլեում, նաեւՙ հյուրախաղերով Սիրիայում, Կիպրոսում, հայաստանում: Հիշարժան է այն փաստը, որ Ռոբերտ Առաքելյանը հաճախ հանդիսանում է նաեւ իր բեմադրած թատերգությունների հեղինակը (շուրջ 30 պիեսների), նաեւ հեղինակ է հոդվածների, «Անցյալի հետքերով» գրքի եւ «Արեգ» թատերական դպրոցի համար ստեղծած երկու դասագրքերի: Ռոբերտ Առաքելյանի գործունեությանն անդրադարձել են ոչ միայն Լիբանանի եւ Հայաստանի մամուլը, այլեւ անվանի հայ մտավորականներ, գրողներ, դերասաններ: 1996-ին Այնճար այցելելուց հետո Սիլվա Կապուտիկյանը գրել է. «Ռոբերտ Առաքելյանի բոլոր սաներն էլ հիանալի արտասանեցին իմ բանաստեղծությունները, խոր զգացմունքայնությամբ»: Երկու տարի անց նույն թատերախմբի («Լուսարձակ-40») ասմունքային ելույթից հետո, Գեւորգ Էմինը հուշամատյանում արձանագրել է. «Ինձ պարզապես ցնցեց իմ բանաստեղծությունների այսքա՜ն բարձրաճաշակորեն արված կոմպոզիցիան: Իսկ ասմունքըՙ անկեղծ էր, գրական գործի ճշմարիտ զգացողությամբ: Լիբանանում մեծ գործ է անում մեր հայրենակից Ռոբերտ Առաքելյանը»: Բեմադրիչի վառ ձիրքը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը ասել է. «Ես սրտիս գոհունակությամբ հանդես եկա Ռոբերտ Առաքելյանի ղեկավարած «Լուսարձակ-40» թատերախմբի հետ Բեյրութում եւ Այնճարում: Որակյալ ներկայացում, լավ բեմադրություն, նրբաճաշակ բեմադրիչ» («Ազդակ» թերթ, 17.10 2005 թ. Բեյրութ):
Պատմելով լիբանանյան կյանքի մասին, Ռոբերտ Առաքելյանը ասում է. «Պետք է անաչառ կերպով գնահատել եւ հավուր պատշաճի արժեւորել այն, ինչ անում է Համազգայինի լիբանանյան շրջանային վարչությունը: Մեծ գործ է արվում մշակույթի բնագավառումՙ թե՛ քանակի, թե՛ որակի առումով: Իսկ բարդություններ, խնդիրներ կան ամեն տեղ: Օրինակ, Սփյուռքում հայ թատրոնի դերը եւ պարտավորվածությունը դուրս են զուտ մշակութային, գեղարվեստական խնդիրների շրջանակից: Նաեւ եւ առաջ դաՙ հայապահպան, ազգապահպան, պահանջատիրական ոգու խնդիր-առաքելություն է (քանի որ այսպես թե այնպես առկա է նաեւ ազգի ուծացման գերխնդիրը): Ասեմ նաեւ, որ Լիբանանում այդ ազգային ոգու պահպանման առաքելությունը կատարում է նաեւ հայրենի անվանի բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի ղեկավարած Հ. Ե. Ընկերակցության «Վահրամ Փափազյան» թատերախումբը: Անշուշտ, ընդհանուր դաշտում կան նաեւ որոշ քննադատելու բաներ: Բայց համոզված եմ, որ ամենակարեւորըՙ ո՛չ թե քննադատելն է, այլՙ գործ անելը, ստեղծելը, մղիչ ուժը դա՛ է: «Ավելի լավ է մի մոմ վառել, քան անընդհատ խավարն անիծել»ՙ սա շատ իմաստուն հին չինական ասույթ է, ես ջանում եմ միշտ հարազատ մնալ նման դիրքրոշմանը», ասում է Ռոբերտ Առաքելյանը:
Ուշագրավ է, որ տեղեկանալով Երեւանում իր ներկայացման մասին, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը առաջարկեց նրան մի պիես գրել: Ռոբերտ Առաքելյանը սիրով եւ պատրաստակամությամբ արձագանքելով այդ առաջարկին, օրերս գրեց «Տարեդարձի նվերը» թատերգությունը, որն արժանանալով Ռոբերտ Բաբայանի բարձր գնահատանքին, շուտով բեմադրվելու է տիկնիկային թատրոնում ու ներկայացվելու այդ թատրոնիՙ ԱՄՆ-ում կայանալիք մոտալուտ հյուրախաղերին: «Ուրախ եմ նման ստեղծագործական ընթացք ունեցող իմ երեւանյան այս օրերի համար: Արվեստագետը միշտ պիտի զգա իրեն ստեղծագործական ընթացքի մեջ: Ինձ համար ստեղծագործական ընթացքըՙ նաեւ մարդկանց հետ շփվելն է, փողոցով քայլելը, նոր բան տեսնելը... Դա էր պատճառը, որ այս օրերին ես այցելեցի մեր պատմական Անին: Իմ հայրենիքըՙ ե՛ւ Դսեղն է, ե՛ւ Երեւանն է, ե՛ւ Անին է... Ես հարուստ եմ իմ Հոգեւոր Հայրենիքով, որը խթանում է ինձ ստեղծագործել եւ ապրել որպես հայ մարդ, հայ արվեստագետ», եզրահանգում է Ռոբերտ Առաքելյանը:
ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ