Սեպտեմբերի 12-18-ը Ստամբուլում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Այն նախորդներից կտարբերվի պայքարի թեժությամբ, քանի որ բացի առաջնության մեդալներից, խաղարկվելու են նաեւ 2012-ի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերը: Դրանց կարժանանան այն ըմբիշները, ովքեր քաշային իրենց կարգերում տեղ կզբաղեցնեն լավագույն հնգյակում:
Պատասխանատու այդ մրցումներին են լրջորեն նախապատրաստվում նաեւ հայ ըմբիշները: Օգոստոսի 31-ից Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբշամարտի հավաքականներն ուսումնամարզական վերջին հավաքն են անցկացնում Երեւանում: Նախապատրաստությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 14-ը, որից հետո մեր ըմբիշները կմեկնեն մրցավայր:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանն արդեն կողմնորոշվել է կազմի հարցում: Ստամբուլում մրցագորգ դուրս կգան Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Աշոտ Տերտերյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիեւը (74 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ), Հարություն Ենոքյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Ռուսլան Բասիեւը: