20-ամյա Հովհաննես Վարդանյանը 14 ամիս ծառայել է Ասկերանի զորամասում: Հայրը` Վարդան Վարդանյանը, պատմում է, որ որդին մինչ ծառայությունը հոգեկան խնդիրներ չի ունեցել, եղել է սպորտսմեն ու ցանկացել է բանակում ծառայել: Ծառայության ժամանակ, մի անգամ որդու հետ հեռախոսազրույցում հայրը իմացել է, որ Հովհաննեսը սպաներից մեկի հետ վիճել է: Կարծում էր, որ դա սովորական, անցողիկ երեւույթ է: Որոշ ժամանակ անց, երբ նա կրկին զանգում է որդու հետ խոսելու, զինվորներից մեկը պատմում է, որ Հովհաննեսն արդեն 9 օր գտնվում է Նորքի հոգեբուժարանում: Նորքի հոգեբուժարանում զարմանում են, թե ինչո՞ւ են հարազատները 9 օր տղային անտերության մեջ թողել, այնինչ հայրը տեղյակ չի եղել: Նա զանգահարում է հրամանատարին, ում հեռախոսահամարը պարզ լսվում է սոցիալական բոլոր ցանցերում եւ լրատվական կայքերում տարածված տեսանյութում, եւ բացատրություն պահանջում, թե ինչու է իր որդին ընկել հոգեբուժարան, թե ինչու ինքը չգիտի, թե ինչ է կատարվել իր զինվորի հետ, ինչին ի պատասխան հրամանատարն ասում է, որ «էլ ստեղ չզանգի, մոռանա էս հեռախոսահամարն», ու անջատում է բջջայինը: «Չենք լռելու» երիտասարդական կազմակերպությունը երեկ տարածել է տեսանյութ, որտեղ նկարահանել է Հովհաննեսին Նորքի հոգեբուժարանում:
Գործի առնչությամբ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով հարուցվել է քրեական գործ` ՔՕ 375-րդ հոդվածի 1-ին մասով: Այն կուղարկվի ՊՆ քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանում` նախաքննություն անցկացնելու: Զինվորին խելագարության հասցրել են սպաները` կիրառելով բռնություն նրա նկատմամբ: Չի բացառվում, որ երիտասարդը գուցե շատ փոքր, սակայն հոգեական խնդիրներ է ունեցել: Այս պարագայում պետք է պատժվեն ոչ միայն սպաները, ովքեր բռնություն են կիրառել, այլեւ բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի անդամները, եթե ապացուցվի, որ երիտասարդը նախապես ունեցել է առողջական խնդիրներ:
Գեւորգ Կոստանյանի մեկ այլ տեղեկացմամբՙ զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում եւս երկու սպա է ձերբակալվել:
Հ. Հ.