«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2011-09-03 | #156, 2011-09-06 | #157, 2011-09-07


ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Որ ճանապարհային ոստիկանության համակարգում ամեն ինչ հարթ չէ ու կոռուպցիոն դրսեւորումների հետ խաչվում է գրեթե ամեն ինչ, նորություն չէ հասարակության համար: Իսկ որ գնալով բոլոր հնարավոր ու անհնար մեղքերը ջրի երես են դուրս գալիս ու բարդվում ներկա դրությամբ արդեն իսկ աղմկոտ մեղադրանքով կալանավորված ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի ուղղությամբ, հաստատում է այն ցավոտ իրողությունը, որ մեր երկրում համակարգային մոտեցում չի լինում, միայն անձնական, այն էլ զուտ անձնական, այլապես ինչի՞ է սպասում Մարգար Օհանյանի աշխատանքը համակարգած ոստիկանապետը...

Ըստ Panorama.am-ի աղբյուրների, «Բենզինի գործի» նախաքննությունը շարունակվում է, եւ նոր բացահայտումներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ընդլայնվել են ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի կամ նրա իմացությամբ յուրացված գումարների ծավալները: Այժմ, ըստ կայքէջի աղբյուրի, նախաքննական մարմինը փորձում է պարզել` ինչպես են իրացվել կտրոնները:

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում ավելի վաղ կալանավորվել էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանը, մեղադրանքով, որ Հայաստանի մարզերում ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277.000 լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել էր 121.000 լիտրը, իսկ տարբերությունըՙ յուրացրել: Կարախանյանի կալանավորմանը հետեւեցին ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունն ու կալանավորումը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4