«Ազգ» -ն ընթերցողներին տեղեկացրել է Վայքի ծննդատանը սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած աննախադեպ ու անմարդկային վերաբերմունքի մասին, որի հետեւանքով նորածին է մահացել: Վայքի ծննդատան բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը, Հիպոկրատի երդմանը հակառակ, գերադասել է տնային գործերը եւ նորածնի կյանքը թողել բախտի քմահաճույքին...
Գլխավոր դատախազությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որից պարզաբանումներ ենք ներկայացնում:
Վայքի ծննդատանը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի կապակցությամբ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Սեպտեմբերի 5-ի դրությամբ պարզվել է, որ Գնդեվազ գյուղի բնակչուհի Արմինե Թորոսյանը 2011թ. փետրվարի 2-ին որպես հղի հաշվառվել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում: Ընդհանուր առմամբ հղիությունն ընթացել է նորմալ, խնդիրներ չեն հայտնաբերվել, զարգացումն ընթացել է նորմայի սահմաններում:
2011թ. հերթական կոնսուլտացիայի ժամանակ հղի Ա. Թորոսյանը «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անցել է սոնոգրաֆիկ հետազոտություն, որի ժամանակ պարզվել է, որ արձանագրված հղիության ժամկետը չի համապատասխանում հղիության օբյեկտիվ տվյալներին: Հղին ուղեգրվել է դոպլեր քննության` «Արմենիա» ԲԿ: Մի քանի օր անց Ա. Թորոսյանն իր կոնսուլտացիոն բժշկին հեռախոսով տեղյակ է պահել, որ դոպլեր հետազոտությամբ իր մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել, եւ այլեւս չի ներկայացել կոնսուլտացիաների:
2011թ. օգոստոսի 11-ին Ա. Թորոսյանը դիմել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Այդ օրը, ինչպես նաեւ օգոստոսի 14-ին տնային հերթապահությունն իրականացրել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչՙ Մետաքսյա Հովհաննիսյանը, որը օգոստոսի 11-ին զննելով ծննդկանին` պարզել է, որ ծննդաբերական ընթացք չկա, նշանակել է միջմկանային անալգին-դիմեդրոլ` ցավերը հանգստացնելու համար, եւ ուղարկել տուն:
2011թ. օգոստոսի 14-ին` ժամը 5-ի սահմաններում, Ա. Թորոսյանը կրկին դիմել է վերոհիշյալ բուժհաստատություն: Հերթապահ մանկաբարձուհին զննել է նրան, զանգահարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին ու հայտնել, որ ծննդկանի վիճակը նորմալ է, եւ ներզննման տվյալներով արգանդի պարանոցի բացում չկա: Բաժանմունքի վարիչը հեռախոսազրույցի ընթացքում ցուցում է տվել կատարել մաքրող հոգնա, իսկ ինքը հիվանդանոց է գնացել 10:30-ին, անձամբ կատարել ներզննում եւ պարզել, որ արգանդի պարանոցի բացումը 2 սմ է, պտղապարկը` պահպանված, իսկ հեմոդինամիկ մյուս տվյալները` նորմալ: Պտղի սրտի աշխատանքը եղել է 147-148 զարկ 1 րոպեում, ինչը եւս նորմայի սահմաններում է եղել: Ծննդկանի հերթական զննումը կատարվել է 16:30-ին, զննման տվյալներով ծննդաբերության ընթացքը եղել է նորմալ: Հղիի մոտ ճիգային շրջանը սկսվել է ժամը 20-ին, արգանդի պարանոցի բացվածքը եղել է լրիվ:
Ժամը 21-ին նկատվել է ճիգային շրջանի թուլություն: Անմիջապես ձեռնարկվել է ծննդաբերության խթանում, պտղի սրտի աշխատանքը եղել է նորմալ, ներարգանդային թթվածնային քաղց չի ախտորոշվել: Ժամը 22:15-ի սահմաններում պտղի մոտ նկատվել է թթվածնային քաղց, իսկ գլուխը եղել է կոնքի ելքի ուղիղ չափսում, որի դեպքում ցուցված է եղել կատարել վակում-էքստրակցիա: Սակայն բուժմիավորումում տվյալ գործիքների բացակայության պատճառով կատարվել է էպիզքոտոմիա` շեքի կտրվածք, որից հետո մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պտղին պարանոցի հատվածից բռնելով` դուրս է բերել:
Երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել: Երեխայի պարանոցին եղել է պորտալարի եռակի փաթաթում, պորտալարի վրա եղել է մեկ իսկական հանգույց: Բաժանմունքի վարիչը նորածնի պարանոցն ազատել է պորտալարից եւ թուլացրել հանգույցը: Երեխայի սրտի աշխատանքը եղել է նորմալ, սակայն երեխան լիարժեք չի շնչել: Այնուհետեւ բաժանմունքի վարիչը եւ մանկաբարձուհին կատարել են նորածնի վերին շնչուղիների արտածծում, արհեստական շնչառություն եւ վերակենդանացման այլ միջոցառումներ, որոնք օգուտ չեն տվել: Երեխան չի ճչացել շուրջ 40 րոպե:
Տեսնելով, որ երեխայի վիճակը ծանր է` համապատասխան կանչ է տրվել: 2 ժամ անց ժամանած շտապ օգնության անձնակազմը համապատասխան բուժօգնություն ցույց տալուց հետո երեխային տեղափոխել է Երեւան քաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ 2011թ. սեպտեմբերի 4-ին երեխան մահացել է:
Դիահերձումից հետո լրացուցիչ կտեղեկացնենք քրեական գործի ընթացքի մասին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ