Հայաստանի հավաքականը Ժիլինայում ջախջախեց սլովակներին
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական հերթական մրցախաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հայ մարզասերներին ցնծալու եւ իրենցով հպարտանալու մի նոր, ավելի ծանրակշիռ առիթ ընձեռեցին: Սլովակիայի հավաքականի հետ եզրափակիչի ուղեգրի համար վճռորոշ մրցախաղում մեր ֆուտբոլիստները պարզապես փայլեցին խաղային իրենց որակներով, հարձակողական ոճի արդյունավետ խաղովՙ հիացնելով ֆուտբոլասերներին: Դրսեւորելով իրենց վարպետությունը, աչքի ընկնելով անկոտրում կամքով ու վճռականությամբ, ցուցադրելով հոյակապ ֆուտբոլ, Հայաստանի հավաքականի խաղացողները հյուրընկալվելիս պարզապես ջախջախեցին մրցակցինՙ 4 անպատասխան գնդակ ուղարկելով Յան Մուխայի պաշտպանած դարպասը: Եթե գրանցված խոշորՙ 4-0 հաշիվը ինչ-որ չափով կարելի է անակնկալ համարել, ապա Հայաստանի հավաքականի հաղթանակը բոլոր առումներով օրինաչափ էր: Դա փառահեղ հաղթանակ էր, որը հնարավորություն տվեց շարունակելու պայքարը ուղեգրի համար:
Ընտրական մրցաշարի վերջնագծում 2-րդ խմբում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եզրափակիչի ուղեգրին հավակնելու համար Հայաստանի հավաքականը մնացած հանդիպումներում պետք է անպայման հաղթանակ տոնի: Ինչ խոսք, այդ խնդիրը չափազանց բարդ է եւ ֆուտբոլիստներից բարձր վարպետություն, ուժերի լրիվ կենտրոնացում է պահանջում: Ի պատիվ մեր ֆուտբոլիստների, առաջին քայլը գերազանց կատարվեց: Դա հույս է ներշնչում, որ Մակեդոնիայի եւ Իռլանդիայի հավաքականների հետ հոկտեմբերին կայանալիք հանդիպումներում էլ մեր ընտրանին իր բարձրության վրա կգտնվի եւ կկարողանա պատվով դուրս գալ դժվարին փորձությունից:
Սլովակիա-Հայաստան հանդիպումը չդիտած ֆուտբոլասերներին կարող է թվալ, թե մերոնք հեշտ հաղթանակ են տոնել: Սակայն բոլորս էլ համոզվեցինք, թե ինչպիսի թեժ մրցապայքարում ձեռք բերվեց այդ անչափ կարեւոր հաղթանակը, թե որքան ջանքեր պահանջվեցին մեր ֆուտբոլիստներից հաջողության հասնելու համար:
Ինչպես սպասվում էր, սլովակները հենց հանդիպման սկզբից դիմեցին վճռորոշ գործողությունների եւ առաջին 15-20 րոպեներին բավականին մեծ ճնշում էին գործադրում մեր դարպասին: Այդ ընթացքում անհանգստանալու առիթներ ունեցանք, երբ 2 անգամ դարպասից դուրս գալիս սխալվեց Ռոման Բերեզովսկին ու մրցակիցը քիչ էր մնացել հասներ հաջողության: Բարեբախտաբար փորձառու դարպասապահը հետագայում հաղթահարեց լարվածությունը, վստահ խաղաց ու մի քանի անգամ դարպասը փրկեց վերահաս գոլերից: Անշուշտ, Բերեզովսկու ավանդն էլ մեծ է այս հաղթանակում:
Գովեստի խոսքեր պետք է հղել նաեւ պաշտպանական գծի խաղացողներին, որոնք հստակ գործեցին, կարողացան դիմանալ մրցակցի ճնշմանը: Իսկ հավաքականի 39-ամյա ավագ Սարգիս Հովսեփյանը սլովակների հետ խաղում շատ ակտիվ էր ու բացի մրցակցին նրա կիսադաշտում դիմավորելուց, նաեւ հաճախակի էր մասնակցում թիմի գրոհներին: Նախորդ հանդիպումների համեմատ շատ լավ խաղաց Հենրիխ Մխիթարյանը, որն այս անգամ գործում էր իրեն հոգեհարազատ դիրքում: Նրա խփած 2-րդ գնդակը, որը շատ նման էր նախորդ տարի Երեւանում սլովակների դարպասն ուղարկած գոլին, շրջադարձային եղավ, վերջնականապես թեւաթափ արեց սլովակներին:
Շատ կարեւոր էր, որ առաջին խաղակեսում մերոնց հաջողվեց անառիկ պահել դարպասը: Իսկ ընդմիջումից հետո մեր հավաքականն արդեն իր կամքն էր թելադրում մրցակցին: Յուրա Մովսիսյանի խփած գոլը ստիպեց մրցակցին մեծ ուժերով գրոհների նետվել, ինչը մեր հավաքականի համար հակագրոհելու հիանալի առիթներ ստեղծեց, որոնք էլ հիանալի կազմակերպեցին ու դիպուկ հարվածներով ավարտեցին Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը: Ընդ որում վերջին 2 գոլերում իր անմիջական մասնակցությունն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը, որն այդ օրը լավագույններից մեկն էր խաղադաշտում: Եվ ընդհանրապես Ժիլինայում մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ հիանալի խաղացին ու արժանի հաղթանակ տոնեցին:
Իհարկե, չի կարելի ուրանալ նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մեծ ներդրումն այս հաջողությունում: Նա լավ էր ուսումնասիրել սլովակներին ու ճիշտ մարտավարություն էր ընտրել, ինչը տվեց իր ցանկալի արդյունքը: Գովելի է նաեւ, որ հաշվի մեջ առաջ անցնելուց հետո մարզիչն իր սաներին ցուցում չտվեց հետ քաշվելու եւ պահպանելու հաղթական հաշիվը:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն են արտահայտել:
Վարդան Մինասյան- Այսօր մեր ֆուտբոլիստները ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին: Հպարտանում եմ այս թիմով: Մենք լավ էինք ուսումնասիրել սլովակների ուժեղ եւ թույլ կողմերը ու լրջորեն էինք նախապատրաստվել խաղին: Հավատում էի, որ կարող ենք հաղթել, սակայն չէի սպասում, որ նման խոշոր հաշիվ կգրանցվի, քանի որ Սլովակիայի հավաքականն ամենակազմակերպված պաշտպանությունն ունի մեր խմբի թիմերից: Ընդմիջմանը տղաներին ասացի, որ պետք է ավելացնել: Չեմ ուզում առաջ ընկնել եւ գուշակություններ կատարել: Մեր հաջորդ հանդիպումը մակեդոնացիների հետ է, որոնց հարկավոր է հաղթել:
Վլադիմիր Վայս- Նախ կցանկանայի շնորհավորել մրցակցին գոլային պահերն անսխալ իրացնելու համար: Մենք վատ չէինք խաղում, սակայն առաջին խաղակեսում չկարողացանք օգտագործել վտանգավոր 3-4 պահերը: Իսկ հետագայում խաղն անհաջող դասավորվեց մեզ համար, մրցակիցը գոլ խփելու ավելի շատ հնարավորություններ ունեցավ, որոնք օգտագործեց: Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Հարկավոր էր խաղադաշտ դուրս բերել թարմ ուժեր, այլ ոչ թե իռլանդացիների հետ 90 րոպե խաղացած ֆուտբոլիստներ: Այժմ ընտրական 2-րդ խմբում 4 հավաքականներ հավակնում են ուղեգրերին: Եթե մեզ հաջողվի մնացած երկու խաղերում էլ հաղթել, ապա կարող ենք նույնիսկ 1-ին հորիզոնականում հայտնվել:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները եւս գովեստի խոսքեր են հղել Հայաստանի հավաքականի հասցեին: Ռուսաստանցի լրագրողներից ոմանք նույնիսկ շնորհակալություն են հայտնել հայերին, որոնց շնորհիվ ռուսներին հաջողվեց իռլանդացիների հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո պահպանել խմբի առաջատարի դիրքը: Ի դեպ, նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել անցյալ տարի: 3-րդ տուրում, Երեւանում 3-1 հաշվով հաղթելով սլովակներին, ՀՀ հավաքականը հնարավորություն էր տվել ռուսներին շրջանցելու մրցակցին եւ գլխավորելու մրցաշարային աղյուսակը:
Եվ այսպես, ընտրական մրցաշարի ավարտին մնաց 2 տուր: Հոկտեմբերի 7-ին ՀՀ հավաքականը սեփական հարկի տակ կհյուրընկալի մակեդոնացիներին, որոնք դժվարությամբ 1-0 հաշվով հաղթեցին Անդորրայի ընտրանուն: Այդ օրը կկայանա տուրի կենտրոնականՙ Սլովակիա-Ռուսաստան հանդիպումը: Իսկ իռլանդացիները կհյուրընկալվեն Անդորրային: 4 օր անց մեր հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնիՙ հյուրընկալվելով իռլանդացիներին: Կարծում ենք, որ հենց այդ խաղում էլ կվճռվի 2-րդ տեղի հարցը, որն իրավունք կտա մասնակցելու ուղեգրի համար անցումային խաղերին: Ռուսները սեփական հարկի տակ կհյուրընկալեն անդորրացիներին, իսկ սլովակները մրցակցի հարկի տակ կմրցեն մակեդոնացիների հետ: Ինչպես տեսնում ենք, ավելի բարդ է խաղացանկը մեր հավաքականի համար: Սակայն մենք հավատում ենք ազգային հավաքականի վերջնական հաջողությանը:
Մրցաշարային աղյուսակ
2-րդ խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Ռուսաստան | 8 | 5 | 2 | 1 | 10-4 | 17 |
2. Իռլանդիա | 8 | 4 | 3 | 1 | 11-6 | 15 |
3. Հայաստան | 8 | 4 | 2 | 2 | 17-7 | 14 |
4. Սլովակիա | 8 | 4 | 2 | 2 | 6-8 | 14 |
5. Մակեդոնիա | 8 | 2 | 1 | 5 | 6-9 | 7 |
6. Անդորրա | 8 | 0 | 0 | 8 | 1-17 | 0 |