«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Շարունակվում է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած «Մրցանակաբաշխություն-2011»-ը: Երեկ ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահությունը հրապարակեց «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը , շնորհավորելով հաղթողներին, բարձր գնահատեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) իրականացրած եւ իրականացվող բազմաբնույթ, բազմատիպ ծրագրերը: «Բայց այդ ծրագրերի մեջ մեզ համար էապես կարեւոր են այն ծրագրերը, որոնք կապված են մշակույթի, կրթության, գիտության խնդիրներին: Պրն Արա Աբրահամյանը եւ ընդհանրապես միության ղեկավար կազմը, հասկանալով այն դժվարությունները, որ մենք այսօր ունենք կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում, իրենց աջակցությունն են բերում, եւ այն ունի շոշափելի արդյունքներ, որոնք հնարավոր չէ չգնահատել», ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: 2007-ից սկիզբ առած մրցանակաբաշխությունը հաջող ընթացք ունի, եւ տարեցտարի ավելանում է թե՛ մասնակիցների եւ թե՛ անվանակարգերի թիվը: Իսկ դրանց հաջողությունն ու հետաքրքրությունը, ըստ պրն Մարտիրոսյանի, «կայանում է նրանում, որ նախ եւ առաջ այդ ծրագրով ու նախաձեռնությամբ ներկայացնում են գիտության, մշակույթի դերը մեր երկրի, մեր հասարակության զարգացման գործում, եւ այն միտված է մի խնդրիՙ բարձրացնել այդ ոլորտների վարկը ու դրանով նպաստել այդ բնագավառների զարգացմանը»:

Այնուհետեւ ԳԱԱ-ի «Գիտության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն, ակադեմիկոս, քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ նախորդ երկու մրցանակաբաշխությանը ընտրված են եղել հինգ անվանակարգ, իսկ այս տարի դարձել է 14: Եթե առաջներում մրցույթին մասնակցել են մինչեւ 26 գիտնականներ, ապա այս տարի նրանց թիվը հասել է 36-ի եւ մասնակցել են մինչեւ 35 տարեկան երիտասարդները: Պրն Մաթեւոսյանը հատուկ նշեց. «Ոլորտները մեր կողմից անջատելու արդյունքում նկատվեց, որ տարեցտարի ներկայացված աշխատանքների որակը շատ լավացավ»: Մրցույթում ընդգրկվել են մեր հանրապետության ակադեմիական, բուհական համակարգերը, նաեւ պաշտպանության նախարարության «Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների» ինստիտուտը: Փորձագիտական հանձնաժողովների առաջարկով երկու անվանակարգեր կիսվել ենՙ արեւելագիտություն (հաղթող Վահրամ Տեր-Մաթեւոսյան-ՊՆ եւ Ռուբեն Մելքոնյան- ԵՊՀ), իսկ ինֆորմատիկայում հաղթող են ճանաչվել Հայկ Գրիգորյանը (ԵՊՀ), Հրաչյա Ասցատրյանը (ԳԱԱ): Գրականություն անվանակարգում Կոմիտասի մասին հոդվածաշարի համար մրցանակակիր է ճանաչվել Տաթեւիկ Շախկուլյանը: Պատմությունումՙ Արման Եղիազարյանը (ԵՊՀ), սոցիոլոգիայիցՙ Էմիլ Օրդուխանյանը, տնտեսագիտությունիցՙ Անահիտ Մանասյանը: Քաղաքագիտություն եւ իրավագիտություն անվանակարգում մրցանակը կհանձնվի Հայկ Սուքիասյանին, քիմիայիցՙ Խաչատուր Մանուկյանին, երկրաբանությունիցՙ Ջոն Կարապետյանին, կենսաբանությունիցՙ Քրիստինե Փիրումյանին, տեխնիկական գիտություններ անվանակարգումՙ Հայկ Խաչատրյանին, ֆիզիկայիցՙ Դավիթ Հայրապետյանին, մաթեմատիկա ու մեխանիկա անվանակարգում հաղթող է ճանաչվել Սմբատ Գոգյանը, իսկ հայագիտություն եւ ազգագրություն անվանակարգումՙ Անահիտ Մենեմշյանը: Մրցանակի չափը յուրաքանչյուր անվանակարգում սահմանվել է նվազագույնը 600.000 դրամ:

ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը բարձր գնահատեց Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտության եւ կրթության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների հետ համագործակցությունը: «ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխությունը տարբեր ոլորտներում նպատակ ունի աշխուժացնել Հայաստանի մտավոր կյանքը: Իսկ այդ կյանքի աշխուժացման կենտրոնական դեմքը հենց գիտական եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներն են: Եվ հենց նրանց ստեղծագործելու հնարավորություն են տալիս այսպիսի մրցանակաբաշխություններ անցկացնելով, որպեսզի նրանք ստեղծագործեն ի շահ մեր երկրի զարգացմանՙ հենց մեր երկրում...», ասաց պրն Աղայանը:

ՌՀՄ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը , պատասխանելով լրագրողի հարցին, ասաց. «ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի նախագահ Արա Աբրահամյանը գիտությունը դիտարկում է որպես Հայաստանի զարգացման կարեւորագույն բաղկացուցիչ եւ այս տեսանկյունից չորս օղակների զարգացումը միմյանց հետՙ երիտասարդություն, կրթություն, գիտություն եւ մշակույթ, մենք դիտարկում ենք որպես մեկ ամբողջականություն: Իսկ ինչ վերաբերում է մրցանակակիրների հետագային, ասեմ, որ մեր ծրագրերում նրանք հետագայում կլինեն մեր ուշադրության կենտրոնում: Մրցանակաբաշխությունները շարունակվելու են, եւ անհրաժեշտ է, որ այն երիտասարդները, ովքեր հաղթել են մրցույթներում, իրենց գիտական ապագան կապեն մեր երկրի հետ, որը մեզ համար խիստ կարեւոր է ու գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, որպեսզի նրանք հնարավորություն ստանան աշխատել ու ստեղծագործել Հայաստանում, կապված լինեն մեր հող ու ջրի հետ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4