«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔ ՇԱՏ ՊԱՏՄԱԿԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Շուշի, Արցախ

Շուշիի ապագան քաղաքապետ Կարեն Ավագիմյանի , ինչպես եւ Արցախի կենտրոնական իշխանության ու բոլոր մյուս ծրագիր կազմողների համար պատկերանում է այս կերպ. «Ես Շուշիի ապագան տեսնում եմ որպես զբոսաշրջության կենտրոն: Հյուրանոցային համալիրների կառուցումը խթան կհանդիսանա դրա համար: Այս տարվա ընթացքում արդեն երկու հյուրանոցային համալիր է բացվել: «Ավան-Շուշին», որ ամերիկահայ բարերարների միջոցներով է կառուցվել (Ալեք Բաղդասարյան եւ այլք), 65-70 համար ունի, բայց ոչ միայն տուրիստներ է ընդունում: Կոնֆերանս-դահլիճներում կարելի է համաժողովներ կազմակերպել: Սեպտեմբերի մեկին էլ բացվեց «Շուշի գրանդ հոթել» հյուրանոցը (այդ մասին «Ազգը» տեղեկացրել է- Մ.Խ.), արեւելյան մարզաձեւերի լիբանանահայ աշխարհահռչակ վարպետ Կարո Քեբաբչյանի նախաձեռնությամբ, 55 լավագույնս կահավորված սենյակներով եւ հարակից բոլոր հարմարություններով, նրա միջոցներով է վերականգնվել, այստեղ նախատեսված է նաեւ չինական բժշկության առողջական կենտրոն»:

Քաղաքապետին մի պահ ընդհատենք` Շուշիի ապագայի վերաբերյալ հարցի պատասխանի իրավունքը տալով նաեւ ճանաչված նկարիչ Հովիկ Գասպարյանին, ով, այո, հաստատեց` տուրիստները սկսել են Շուշի այցելել, սակայն. «Փոխանակ մի պատմական փողոց վերակագնեն, ուրիշ բան է կատարվում. կան հարուստ մարդիկ, որ լսել են` տուրիստ է գալիս, սկսել են ճոխ հյուրանոց սարքել, փոխանակ քաղաքը սարքեն: Տուրիստն էլ, մեկ-երկուս, կգա, կտեսնի` չսարքած քաղաք, բան չկա անելու, էլ չի գա: Անցյալի մշակութային կոլորիտի մի տասը տոկոսը գոնե պիտի երեւա: Շուշիի անցանելի փողոցները բոլոր փողոցների քսան տոկոսն են: Շուշիի գենպլան են գծում` Երեւանում են գծում, արտասահմանում են գծում. առանց Շուշին իմանալու ո՞նց կարելի է նրա գենպլան գծել: Առաջինը Շուշին պետք է մաքրվի ավերակներից, ամուր հիմքերը մնան, նոր իմանաս` ի՞նչ ես կառուցելու: Անպայման նախ պատմական շենքերը պետք է վերականգնեն: Մարիամյան օրիորդաց վարժարանն էն ձեւ են վերականգնում, որ գնում-տեսնում ես` ասում ես, լավն էն է` չսարքեն, ճարտարապետական առումով անգրագիտություններ են կատարվում: Կամ մայթերը` հին մայթերը շատ մեծ քարով տաշած ու շարած էին, մաշվածությունն էլ հմայք էր տալիս: Քանդել-տարել-թափել են, բերել են բետոնից պլիտեք ու ասֆալտ: Նույնը օրիորդաց վարժարանի մայթերին է` ահագին էլ ճանապարհը բարձրացրել են, քանի որ շենքը նախատեսված է եղել ինչ-որ հարթությունից` կամարներ ունի:

Ճանապարհը որ բարձրացնում ես, կամարները կտրում ես, շենքն իր հզորությունը կորցնում է, մայթի սիրուն սալահատակն էդտեղ էլ են փոխել ասֆալտի: Անտարբերությունից է, երկիրը չսիրելուց է, ամեն ինչի եւ ամեն գործի մեջ պիտի սեր լինի: Բոլորը պետք է սիրեն երկիրը` հասարակ բանվորից մինչեւ պրեզիդենտ»: Հ. Գասպարյանի տեսակետներին կանդրադառնանք առանձին հրապարակումով, վերադառնանք Շուշվա քաղաքապետին ու քաղաքի խնդիրներին:

Քաղաքապետն, այսպիսով, մեզ հետ զրույցում ուրախանում էր քաղաքի հին ու նոր հյուրանոցներով` Շուշին հիմա ունի երեք նորմալ հյուրանոց` նորմալ գներով, 6-7 հազար դրամից սկսվող, ու նույնիսկ զբոսաշրջության զարգացման տեղեկատվական կենտրոն ունի:

Քաղաքի հիմնական պրոբլեմներից առաջնահերթը խմելու ջրագծի վերակառուցումն է:

Խմելու ջուր հասցնող Թադեւոսի ջրատարը մի քանի տարի առաջ վերականգնվել է, սակայն քաղաք մտնող ջրի կորուստները շատ են, ավելի շատ, քան հասնում է բնակչությանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ջրագիծը նորոգվում է արդեն երեք տարի, մոտակա երկու տարում այդ աշխատանքը փաստորեն կավարտվի: Եթե ներքին կորուստները վերացվեն, Շուշիի առաջնահերթ պրոբլեմներից մեկը կլուծվի: Հիմա երկու օրը մեկ է ջուր տրվում բնակչությանը, ամռանն ավելի պակաս է լինում:

Բնակչության թիվն, ըստ քաղաքապետի, պաշտոնապես 4200-ի մոտ է, հաշվառված են այդքան, բայց փաստացի մի երեքուկես հազար մարդ է ապրում քաղաքում: Չհաշվառվածներ, ինչպես նաեւ զորամաս կան Շուշիում:

Ովքե՞ր են Շուշիի բնակիչները: Մի շուշեցի դիպուկ բնորոշեց` Շուշին էլ Ղարաբաղի Ամերիկան է` արցախցիներ, Բաքվի փախստականներից եւ անգամ Հայաստանից եկածներ կան, որոնք այսօր փորձում են նոր շուշեցու կերպար ձեւավորել: Քաղաքապետն օգտագործեց «խայտաբղետ» բառը, բայց կան բնիկ շուշեցիներ, որոնք պատերազմական գործողություններից հետո վերադարձան իրենց տները:

Սկզբից հատկապես եկել են նրանք , ովքեր բնակարանային խնդիր են ունեցել:

Հիմա բնակֆոնդը սպառված է, բոլորը բաժանված է, իսկ մի պրոբլեմի մասին երեկ մի թեթեւ պատմել ենք, այժմ մանրամասնենք: Շատերը կան, որ բնակարանը վերցրել են, սեփականաշնորհել, փակել գնացել են: Երեւի մի քսան-երեսուն տոկոսը բնակֆոնդի այդ վիճակում է. «Պարտավորություներ չունեն մեր հանդեպ, այնպես որ չենք կարողանում ստիպել, որ պատուհանները փակենք գոնե ձմեռը», ասում է Կ. Ավագիմյանը: Սկզբից հինգ տարի, հետո` տասը տարի այդ բնակարանները չէին սեփականաշնորհում` պայմանագրով տալիս էին վերաբնակչին, իսկ տասը տարին լրանալուց հետո բնակիչն իրավունք ուներ ձրի սեփականացնելու: Մեծ մասը սեփականացրել են, բոլորը հատկացված են: Հիմա բոլոր ապրողներն ապահովված են` եթե ապրում ես Շուշիում, ուրեմն բնակարանով ապահովված ես:

Քաղաքապետն ընդունեց, որ մեծ սխալ էր ժամանակին, Շուշին ազատագրելուց հետո տեղի ունեցածը, երբ տները քանդվում էին` դրանց շինանյութն օգտագործում էին նոր տուն սարքողները կամ իրենց տները նորոգողները: Գուցե ժամանակի խնդիր էր. «Երեւի մեր ամենամեծ սխալներից մեկն է, որ քանդել են: Կարելի էր լրիվ հակառակն անել` բոլոր տները ամրացնել-հարմարեցնել»:

Բայց եղածն անցել է, ու անգամ երբ գնացինք ու տեսանք տասնիններորդ դարավերջի կառույցների` Ռեալական դպրոցի, Ժամհարյանների կառուցած հոսպիտալի վիճակը, մի անգամ եւս ցավեցինք, որ ժամանակին աններելի բան է տեղի ունեցել, բայց եւ` այս կառույցները պիտի առաջնահերթ վերականգնվեին, ինչպես Ղազանչեցոց փառավոր եկեղեցին, դրանք են Շուշվա կոլորիտը, դրսին ու ներսին ցույց տալիքը` որպես ինքնագիր ու պատմություն:

Քաղաքապետը չհամաձայնեց մեր հարցադրմանը, որ Շուշիում գործազրկության խնդիր կա (գործազրկությունից բողոքում են հատկապես շուշեցի երիտասարդները): Ըստ քաղաքապետի` Շուշիում լայնածավալ շինարարություն կա, տղամարդկանց մեծ մասն աշխատում է շինարարությունում, բյուջետային հիմնարկներում, դպրոցներում, մշակույթի օջախներում. «Մենք գործազրկության խնդիր ունենք հիմնականում կանանց շրջանում, քանի որ կանացի աշխատանքն է քիչ, իսկ տղամարդկանց շրջանում չէի ասի, որ գործազրկություն կա»: Իսկ բարձրագույն կրթությամբ մարդկանց շրջանում (շրջանավարտների ութսուն տոկոսը ստանում է բարձրագույն կրթություն) առաջանում է մասնագիտական աշխատանքի տեղավորման խնդիր, դրանից էլ` գործազրկություն:

Շուշիի հեռանկարի տեսակետից գործազրկության խնդիրը լուծելու հնարավորությունները որտե՞ղ պետք է փնտրվեն, արդյո՞ք միայն խթանվող սպասարկման ծառայությունների ոլորտում, արդյո՞ք գյուղատնտեսական կամ բիզնես ծրագրերը չե՞ն ստորադասվում, բա մի երկու փոքր ձեռնարկություն չլինի՞ Շուշիում, տնտեսական առումով ձեռնտու եւ բնակչության աշխատատեղի խնդիր լուծող: Քաղաքապետը տեսնում էր Շուշիի ապագայի պատկերում, ասենք, տրիկոտաժի կամ քաղցրավենիքի արտադրություն, համենայն դեպս այնպիսիք, որ Շուշիի ներկա լավագույն էկոլոգիական վիճակի համար վտանգավոր չեն լինի: Իսկ, օրինակ, կաթի գործարան հնարավոր չի լինի, որովհետեւ շրջակա (Շուշիի վարչական տարածքի) գյուղերի անասունը այնքան քիչ է, որ դրա անհրաժշտությունն առաջանա, բացի դրանից` կես ժամվա ճանապարհ Ստեփանակերտում կա կաթի արտադրություն: Փաստորեն` Ստեփանակերտի մոտ լինելը նպաստել է Շուշիի ղեկավարության մեջ այն կարծիքի ձեւավորմանը, որ ավելի լավ է Շուշին փոքր, էկոլոգիապես մաքուր, մշակութային եւ զբոսաշրջության կենտրոն լինի, իսկ այն, ինչ չես գտնի այստեղ, մոտիկ Ստեփանակերտում կգտնվի: Բարձրաձայն հենց այսպես չի ձեւակերպվում, բայց բոլոր զրույցները իշխանության ներկայացուցիչների հետ այս կարծիքն էին ամրապնդում:

Մշակույթի նախարարությունն էլ տեղափոխվելու է այստեղ (այժմ նորոգվող Մարիամաց օրիորդաց վարժարանի պատմական շենք, դատական համակարգի շենքն է սարքվում` մոտակա տարիներին կտեղափոխվեն, այս մասին արդեն գրել ենք, Երեւանի ագրարային համալսարանի մասնաճյուղի կառուցումը նույնպես կնպաստի կրթական աշխուժությանը: Ֆրանսահայ բարերարների միջոցներով արհեստագործական դպրոցի կառուցումը կսկսվի շուտով, սկսվել է նաեւ մանկական գիշերօթիկ դպրոցի շինարարությունը, լավ գործերն է թվում քաղաքապետը:

Արտաքնապես Շուշին, այո, սիրունանում է, բայց մարդկանց տրամադրությունները միանշանակ չեն. խորքում իշխում է գավառական մտայնություն, մարդիկ համոզված են, որ արդարություն չկա, շատերն ասում են, որ աշխատատեղերում միայն ծանոթներին են տեղավորում, ահագին շնորհալի ու բանիմաց մարդիկ դրսում են, նրանց փոխարեն աշխատում են պակաս արհեստավարժ ու բանիմաց «տերովները» (սա, իհարկե, ընդհանրապես հայկական մտայնություն է, բայց շուշեցոց մեջ սա ավելի ցցուն էր արտահայտվում). «Ես չգիտեմ, թե դուք ի՞նչ մարդկանց հետ եք զրուցել, բայց մենք ունենք հայկական բնավորություն, որ միշտ բողոքենք: Մեր բնակիչների մտածելակերպը շատ է փոխվել, անկեղծ ասած` էն օգնությունները ավարտվել են, բայց մեծ մասը մտածում է, որ իրենք պետք է չաշխատեն, իսկ պետությունն առանց աշխատելու պարտավոր է իրենց պահել: Ես համոզված եմ, որ այդ «բողոքողների» մեծամասնությունն այդպիսի մարդիկ են: Իննսնական թվականների օգնությունները մեզ մի քիչ փչացրել են, սարքել են ծույլ», մեր կարծիքին թերահավատ մոտեցավ քաղաքապետը: Ոչ, մենք մարդկանց չէինք ընտրում, խոսքի էինք բռնվում ամեն տեղ եւ ամեն մարդու հետ, մեր վերեւի նշածը կենտ կարծիքներ չէին, ընդհանուր տրամադրությունն էր սովորական, պաշտոնական կառույցներում չաշխատող մարդկանց: Իսկ քաղաքապետն ասում էր, որ վերջին երեք-չորս տարիներին Շուշիի նկատմամբ ուշադրությունը փոխվել է, մինչեւ այդ սխալ քաղաքականություն էր` չվերականգնել Շուշին, բայց արդեն երեք տարի Շուշին Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում է, բոլոր նորությունները այդ տարիների հետ են կապվում:

Միջին աշխատավարձը Շուշիում հիսուն-վաթսուն հազար դրամ է, ինչն, իհարկե, քիչ է, մանավանդ այստեղ համարյա նույն երեւանյան գներն են, բայց միջոցներ որոնվում են եկամուտներն ավելացնելու, զբոսաշրջության կենտրոն դարձնելը դրանցից մեկն է:

Չգիտենք` ե՞րբ կդառնա Շուշին զբոշաշրջության կենտրոն կամ կդառնա՞ արդյոք, սակայն սովորական շուշեցին ապրում է այնպես, ինչպես Հայաստանի ծայրամասերում ապրողը. խանութներում պարտքի մատյաններ կան, քաղաքային կյանքն ու ցածր աշխատավարձերը իրար չեն բռնում, եւ շուշեցին հաճախ է հույսը կապում տնամերձի ու բոստանի հետ:

Կշարունակենք:

Նկար 1. Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյան

Նկար 2. Նկարիչ Հովիկ Գասպարյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4