«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴԴԵՄ ԻՍՐԱՅԵԼԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ

«Բարբարոսա» ծրագրի մասին

Քաղաքական նոր ռազմավարության շրջանակներում Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ զգալիորեն ընդլայնում են երկրի ծովուժի ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում:

Նոր ծրագիրն ստացել է «Բարբարոսա» անվանումը: Սակայն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի դեմ ուղղված նացիստական համանուն ծրագրի, որն այդպես էր կոչվել ի պատիվ կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի, թուրքական ծրագիրն անվանակոչվել է ի պատիվ թուրք ծովակալ Խայիր ադ Դին Բարբարոսայի, որը ծովահենային շատ մեծ նավատորմ էր ղեկավարել Միջերկրական ծովում:

Սեւ եւ Մարմարա ծովերից դեպի Միջերկրական եւ Էգեյան ծովեր թուրքական ծովուժի տեղափոխման շրջանակներում վերջին երկու ծովերում կհայտնվեն երկուական հակասուզանավային ֆրեգատ եւ հրթիռային կորվետ (հետախուզական նավ), ինչպես նաեւ օժանդակ նավեր:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շաբաթ օրը հայտարարեց, որ իր երկիրը մտադիր է Միջերկրական ծովի արեւելքում ռազմական ներկայությունն ուժեղացնել «նավագնացության ազատությունը պաշտպանելու համար»: Դավութօղլուի խոսքերովՙ այդ ջրատարածքում կհերթապահեն թուրքական ռազմանավեր, որոնք, ի թիվս այլ առաջադրանքների, կուղեկցեն այն նավատորմիղների նավերին, որոնք կձգտեն «ճեղքել» Գազայի հատվածի ծովային շրջափակումը:

Սակայն Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները միայն Իսրայելին չէ, որ սպառնում են: Կառավարությունում Եվրոմիության հետ կապերի գծով նախարար Աջման Բաքիսը սեպտեմբերի 6-ին հայտարարեց, որ թուրքական ծովուժը Կիպրոսի Հանրապետությանը թույլ չի տա գազ եւ նավթ որոնել Միջերկրական ծովում: Ավելի վաղ ամերիկյան Noble Energy եւ իսրայելական «Դելեկ» ընկերությունները հայտարարել էին, որ երկրաբանական-հետախուզական աշխատանքներ են սկսում Կիպրոսի տնտեսական ջրերում:

Թուրքիան չի ճանաչում տնտեսական գոտիների սահմանների վերաբերյալ Իսրայելի եւ Լիբանանի հետ Կիպրոսի ստորագրած համաձայնագրերը, պնդելով, թե դրանք խախտում են այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության իրավունքները:

Բաքիսից հետո Կիպրոսի հասցեին սպառնալիքներով հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով, որ թուրքական ռազմանավեր կուղարկվեն Իսրայելի եւ Կիպրոսի սահմանների մոտ:

Թուրքիայի դիրքորոշումը հարուցել է Աթենքի ցասումնալի հակազդեցությունը: Հունաստանի կառավարությունը դատապարտել է Կիպրոսին հասցեագրված թուրքական սպառնալիքները: Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Ահմեդ Դավութօղլուի հռչակած «հակամարտությունների մեղմացման» քաղաքականությանը հակառակ, վերջին ժամանակներս Թուրքիան գժտվել է իր բոլոր հարեւանների հետ (Իսրայել, Հունաստան, Կիպրոս, Սիրիա, Իրան): Էրդողանի կառավարության քաղաքականությունը հանգեցրել է նաեւ բուն Թուրքիայի քրդաբնակ տարածքներում ռազմական գործողությունների սաստկացմանը:

Ինչ վերաբերում է Իսրայելին, նա շարունակում է ակտիվորեն ամրապնդել հարաբերությունները Բալկանյան թերակղզու երկրների հետ: Սեպտեմբերի 4-ին Իսրայել այցելեց Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Բեգլիտիսը, որը Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ ստորագրեց անվտանգության ոլորտին առնչվող նոր համաձայնագրեր: Դրանք անցյալ տարեվերջին վարչապետներ Գեորգիոս Պապանդրեուի եւ Բենիամին Նաթանյահուի ձեռք բերած պայմանավորվածությունների շարունակությունն են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4