«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

Երեկ մարդաշատ էր Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահը: Հյուրերը, որոնց թվում էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, դեսպանատների աշխատակիցներ, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, պատգամավորներ, նախարարներ եւ այլ պաշտոնատար անձինք, եկել էին շնորհավորելու մեր երկրում Բրազիլիայի դեսպանին Անկախության օրվա առիթով: Հանդիսությունը բացվեց Բրազիլիայի եւ Հայաստանի հիմների կատարումով, որից հետո ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան տկն Մարսելա Նիկոդեմուսը .

«Հպարտությամբ նշում եմ, որ վերջին 12 ամիսների ընթացքում մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները շատ են սերտացել: Մեր երկկողմանի հարաբերություններում տարբեր կարեւոր զարգացումներ են տեղի ունեցել, սկսած հունվար ամսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Բրազիլիա կատարած այցից, որտեղ նախարարը Բրազիլիայի առաջին կին նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ տարածաշրջանը ներկայացնող միակ բարձրաստիճան ներկայացուցիչն էր»: Դեսպանը նշեց, որ երկկողմանի համագործակցությունն ավելի խորացել եւ ընդլայնվել է առեւտրի ոլորտում: «Մենք վճռական ենք, նշեց դեսպանը, հետամուտ լինելու եւ գտնելու բոլոր այն ուղիները, որոնք շահավետ կլինեն երկու երկրների համար: Ինքնատիպ չթվալու ցանկությամբ ես միշտ նշում եմ, որ Բրազիլիան երկար տարիների պատմություն ունեցող հանրապետություն է, երիտասարդ ազգով, մինչդեռ Հայաստանը երիտասարդ հանրապետություն է, բայց հինավուրց ազգով: Չնայած բոլոր դժվարություններին, մեր երկու ժողովուրդներին հաջողվեց կապեր հաստատել: Առաջին հայերը Բրազիլիա հասան 19-րդ դարի վերջին: Նրանք հաստատվեցին ու տարիների ընթացքում իրենց հետքերը թողեցին մեր երկրում: Բրազիլիայի անկախության եւ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր մենք ուզում ենք նշել հայ ժողովրդի ներդրումը բրազիլական հասարակության մեջ: Մենք խորապես հավատում ենք, որ ազգերի միջեւ խոր եւ իմաստալից հարաբերությունները հիմնված են ժողովուրդների բարեկամական հարաբերությունների վրա: Ժողովրդավարական հասարակություններում, ինչպիսիք են մեր երկրների հասարակությունները, կառավարության քաղաքականությունն արտացոլում է սեփական ժողովրդի կամքը: Մեր երկիրը քաջալերում է տարբեր ազգերի բարեկամությունը», ասաց դեսպանը եւ քիչ անց ներկաներին հրավիրեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսի բացմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը Բրազիլիայի կառավարությանն ու դեսպանին շնորհավորեց Բրազիլիայի անկախության 189-րդ տարեդարձի առիթով, ցանկացավ հաջողություններ կառավարությանը եւ բարեկեցություն ժողովրդին: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի իր քաղաքականությունը Բրազիլիայի հետ հարաբերությունները ավելի խորացնելու եւ զարգացնելու ուղղությամբ:

Բացվեց «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը

Բրազիլիայի անկախության 189-րդ եւ Հայաստանի անկախության 20-ամյակին է նվիրված Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած ցուցահանդեսը, որը կրում է «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագիրը: Ցուցահանդեսի կարմիր ժապավենը կտրեցին Հայաստանում Բրազիլիայի դեսպան տկն Մարսելա Նիկոդեմուսը եւ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Երեք առանձին սրահներում ցուցադրված էին 1880-2011 թթ. Բրազիլիայում հայերի զբաղեցրած ու վարած ազգային, մշակութային, քաղաքական գործունեությունը ներկայացնող լուսանկարներ: Մեկ առանձին սրահում ցուցադրված էին փաստավավերագրական կադրեր, ոոնք արտացոլում էին հայերի ապրելակերպը Բրազիլիայում հայտնվելու օրվանից: Հետաքրքրական էր, որ մեկ առանձին պաստառում զետեղված էին 35.000 հայերի ազգանուններ, որոնք հաստատվել են Բրազիլիայում եւ ներկայումս ապրում ու աշխատում են տարբեր բնագավառներում:

  «Ազգը» զրուցեց Բրազիլիայում հայկական ակումբի ներկայացուցիչ Օննիկ Տամջյանի հետ, որն աշխարհագրություն է դասավանդում հայկական դպրոցներում: Նրանց գերդաստանը ցեղասպանությունից մազապուրծ դեգերել է, հասել Լիբանան, Եգիպտոս, իսկ 1965-ին հաստատվել Սան Պաուլոյում: «Այսօր Բրազիլիայում մոտ 40.000 հայեր են ապրում, որոնք հիմնականում զբաղվում են բիզնեսով ու լավագույն մասնագետ վարպետներ են»:

Այսօր բրազիլիայի խորհրդարանում հայերը ունեն մեկ ներկայացուցիչ, դերասան Ստեփան Ներսեսյան, որն էլ ներկայացնում է հայերի հիմնահարցերը: Գործում են հայկական դպրոցներ, կիրակնօրյա դպրոցՙ հայկական եկեղեցուն կից, որտեղ ուսուցանում են հայոց պատմություն, հայ մշակույթ, պատմում էր պրն Տամջյանը:

Ցուցահանդեսում ներկայացված նյութերից տեղեկանում ենք, որ հայերը Բրազիլիա են հասել 19-րդ դարի վերջին տասնամյակներում: Նրանց շարքերում էին Գասպարյանները, Քեութենեջյանները, Ռիզկալահ Ջորջ Թահանյանը եւ ինժեներ Միհրան Լաթիֆյանը: Դրանից հետո հայերի մեծաթիվ ներգաղթը Բրազիլիա տեղի է ունեցել 1915-26 թթ. ընթացքում, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ջարդերից խույս տալով, հայերը գաղթեցին Բրազիլիա ու հաստատվեցին Ռիո դե Ժանեյրոյի, Պորտո Ալեգրի եւ Սան Պաուլոյի Սանտոս նավահանգիստներում, որտեղ նրանց դիմավորեցին Բրազիլիայում արդեն հաստատված հայ առաջին գաղթականները, որոնք էլ օգնեցին իրենց հայրենակիցներին ոտքի կանգնելու: Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 21-ը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4