Սեպտեմբերի 7-ին Պրահայի նախագահական նստավայրումՙ Պրաժսկի հրադում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսին : Այնուհետեւ մոտ քսան րոպե տեւած առանձնազրույցում Չեխիայի նախագահը եւ Հայաստանի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Վացլավ Կլաուսը գոհունակություն է հայտնել, որ Պրահայում վերջապես կգործի Հայաստանի դեսպանությունը, եւ հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-չեխական հարաբերությունների ամրապնդման գործում: Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ տարծաշրջանային խնդիրներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, տնտեսական կապերի աշխուժացման հնարավորությունները:
Տիգրան Սեյրանյանը Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանն է Չեխիայում, որի նստավայրը Պրահան է: Հայաստանի անկախության հռչակումից ի վեր Չեխիայում ներկայացված Հայաստանի երեք դեսպաններիՙ Աշոտ Ոսկանյանի, Ջիվան Թաբիբյանի եւ Աշոտ Հովակիմյանի նստավայրը եղել է Վիեննան: Մինչ Պրահայում դեսպանության բացումըՙ նախորդ երեք տարիներին այստեղ գործել է Վիեննայի դեսպանության գրասենյակը, որը կրկին ղեկավարել է Ա. Ոսկանյանը: Այժմ նոր դեսպանի ժամանումով եւ դեսպանության լիարժեք գործունեությամբ հայ-չեխական հարաբերությունները կմտնեն նոր փուլ: Օգոստոս ամսից դեսպանությունում գործում է նաեւ հյուպատոսական բաժինը:
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա