Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը համոզված է, որ որեւէ մրցույթում «Աննա» սերիալն առաջին հորիզոնականը կզբաղեցնի:
Նա «Չենք լռելու» նախաձեռնության կազմակերպած մրցանակաբաշխությունը, որը Facebook սոցիալական ցանցի օգտատերերի կարծիքների հիմա վրա «Աննա» սերիալին «Աղբ եթերից» առաջին մրցանակն էր տվել, նաեւ Հ1 ուղարկել 100 դրամ, աղբ դուրս թափելու համար, համարում է միջոց ճանաչվածություն ձեռք բերելու: «Այդ մրցանակաբաշխությունը կհամարեմ հումանիտար օգնություն` «Աննա» սերիալի կողմից այդ նախագծին», ասաց նա: Բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, որ «Աննան» ու Հանրայինի մնացած հեռուստասերիալները եթերային աղբ են, իսկ դրանց թիվը բավական մեծ է, տեղեկացնում ենք, այս տարի «Քաղցր կյանք» եւ «Աննա» հեռուստասերիալները կավարտվեն: Բայց ուրախանալու առիթ դեռ կա, եթերում կշարունակի իր գոյությունը «Հրեշտակների դպրոցը»:
Երեկվա ասուլիսում Ալեքսան Հարությունյանը տեղեկացրեց, որ հեռուստասերիալներին զուգահեռ կնկարվեն նաեւ գեղարվեստական ֆիլմեր: Այժմ Հանրայինը պատրաստվում է դեկտեմբերի 3-ին կայանալիք մանկական «Եվրոտեսիլին»: Քննարկման է դրված հաջորդ տարի «Բաքվում կայանալիք Եվրոտեսիլին մասնակցության հարցը: Հայկական կողմը դիմել է եվրոպական հեռարձակողների խորհուրդ եւ պահանջել ապահովության երաշխիքներ:
Հարությունյանի գնահատականներով` այս տարի էլ «Հայլուրը» կփորձի պահպանել անվիճելի առաջատարի դիրքերը: Նոր նախագծերից է հայ-վրացական «Երկու աստղը», որ եթերում կլինի հոկտեմբերի 1-ից: Նախատեսվում են սոցիալական բնույթի հաղորդումներ, սեպտեմբերի 21-ին կցուցադրվի «Գարեգին Նժդեհ» վավերագրական ֆիլմը:
Անդրադառնալով WikiLeaks կայքի աղմկահարույց բացահայտումներին, որտեղ նշվել էր Ալեքսան Հարությունյանի անունըՙ որպես բավական ազդեցիկ մարդ ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումների վրա ազդող անձ, Հարությունյանը դրանք անվանեց նորաձեւ դարձած հրապարակում, որը չի մեկնաբանի: «Դրանք ամերիկյան տարբեր դիվանագետների կարծիքն են: Ես չեմ ցանկանում մեկնաբանել մանավանդ տարիներ առաջ տարածված ինֆորմացիան: Եթե դա վերաբերեր այսօրվա իմ գործունեությանը, որոշ մեկնաբանություն կտայի»:
Հ. Հ.