«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 6 ԿԵՏՈՎ

Մրցունակության հիմնական թերությունները մրցակցային դաշտում են

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրեն Մանուկ Հերգնյանը երեկ ներկայացրեց Հայաստանի մրցունակության զեկույցը ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի: 2011/21 զեկույցում մեր երկիրն առաջընթաց է արձանագրել 6 տեղով եւ 142 երկրների մեջ, նախորդ տարվա 98-ի փոխարեն զբաղեցնում է 92-րդ տեղը: Խոսելով այս ցուցանիշի մասինՙ Մանուկ Հերգնյանը տեղեկացրեց, որ մրցունակության ցուցիչը որոշվում է 110 ցուցանիշների վերլուծությամբ 12 հենասյուների հիման վրա:

Հայաստանը առաջընթաց է արձանագրել 12 հենասյուներից 10-ումՙ ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, ապրանքների շուկայի արդյունավետություն, աշխատուժի շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի արդյունավետություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, շուկայի չափ, գործարարության կատարելագործում, նորարարություն: Փոքր-ինչ նվազել են առողջապահություն եւ տարրական կրթություն եւ զգալիորենՙ մակրոտնտեսական կայունություն հենասյուները: Այդ հենասյուներից առանձին բաղադրիչների փոփոխության մասին խոսելովՙ «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի տնօրենը առանձնացրեց պետական կառավարման բեռի թափանցիկության, բջջային կապի բաժանորդագրության մեծացման, հարկային քաղաքականության բարելավման, վարկերի հասանելիության ավելացման, ինտերնետի օգտագործման ընդլայնման ցուցանիշները: Իսկ մակրոտնտեսական կայունության հենասյան ցուցիչի նվազման վրա էապես ազդել է գնաճի բարձր ցուցանիշը:

Զարգացման նույն մակարդակի վրա գտնվող, այսինքնՙ ԱՊՀ երկրներից, մրցունակության ցուցիչով Հայաստանը առաջ է անցել Մոլդովայից (93-րդ տեղ), Տաջիկստանից (105-րդ տեղ), Ղրղզստանից (126-րդ տեղ): Մինչդեռ հետ ենք մնում Ադրբեջանից (55-րդ տեղ), Ռուսաստանից (66-րդ տեղ), Ղազախստանից (72-րդ տեղ), Ուկրաինայից (82-րդ տեղ), Վրաստանից (88-րդ տեղ): Այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում արձանագրած 6 կետով Հայաստանի մրցունակության աճը այս տարվա ընթացքում ամենամեծ աճերից է:

Մանուկ Հերգնյանը տեղեկացրեց, որ զեկույցի համար հիմք են հանդիսացել միջազգային կառույցներից եւ ազգային վիճակագրական ծառայությունից ստացած վիճակագրական վերջին տվյալները, որոնք վերաբերում են 2010-ի արդյունքներին: Բացի դրանից, հարցվել են տարբեր ոլորտներ ներկայացնող 110 ընկերությունների ղեկավարներ: Հարցումներ անցկացվել են այս տարվա մարտ-մայիս ամիսներին:

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի գործարարները կարող են ազատ արտահայտել իրենց մոտեցումները նույն հարցերում, ինչպես հայ գործարարները, Մանուկ Հերգնյանը պատասխանեց, որ Ադրբեջանի գործարարների պատասխանների առումով սուբյեկտիվ գործոնը կա: Սակայն օբյեկտիվ գործոններից Ադրբեջանը մակրոտնտեսական կայունության աշխարհում լավագույն ցուցանիշներից մեկն ունի:

«Հարկային բարեփոխումներն ազդե՞լ են մեր երկրի մրցունակության ցուցիչի վրա»ՙ «Ազգի» տված հարցին «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի տնօրենը դրական պատասխանեց, ասելով, որ հարկային քաղաքականության ազդեցությունը 19 կետով է բարելավվել, պետական կարգավորման բեռըՙ 39 կետով եւ պետական քաղաքականության թափանցիկությունըՙ 18 կետով:

Զեկույցում Հայաստանի արձանագրած կտրուկ առաջընթաց ցուցանիշներից արժանահիշատակ են բջջային կապի բաժանորդագրման ավելացումը 48 կետով, որի արդյունքում մեր երկիրը զբաղեցնում է 33-րդ տեղը: Ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է 48 կետով, եւ այժմ Հայաստանը 68-րդն է 142 երկրների մեջ:

Ի դեպ, բջջային կապի բաժանորդագրությունը նաեւ Հայաստանի ուշագրավ առավելություններից մեկն է: Մեր երկրի ուշագրավ առավելություններից են մալարիայի ազդեցության բացակայությունը գործարարության վրա եւ մալարիայի դեպքերի քանակը, որոնց ցուցանիշներով առաջինն ենք: Իսկ առավել լուրջ ուշագրավ առավելություններից հարկ է նշել նաեւ նոր բիզնես սկսելու անհրաժեշտ գործընթացների քանակը, մաքսադրույքների չափը:

Հայաստանի մրցունակության ուշագրավ թերությունները շարունակում են մնալ նույնըՙ մրցակցության ուժգնության, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության, շուկայում գերիշխող խմբերի առկայության խնդիրները, ապա մաքսային գործընթացների բեռը:

Վերջում նշենք, որ աշխարհի ամենամրցունակ երկիրը Շվեյցարիան է, 2-րդ տեղում Սինգապուրն է, 3-րդ տեղումՙ Շվեդիան, 4-րդըՙ Ֆինլանդիան եւ միայն 5-րդըՙ ԱՄՆ-ն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4