«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


Apple ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՍԹԻՎ ՋՈԲՍԻ

Ստեղծագործ մտքի տեր մագնատը համալսարանական կրթություն չի ստացել, բայց գտնում է, որ գիտելիքի հետեւից վազքը պարտադիր է

Օգոստոսի 24-ին ամերիկացի գործարար-մագնատ եւ գյուտարար Սթիվ Ջոբսը հայտարարեց, որ հրաժարվում է անհատական համակարգիչների մի ամբողջ շարք մշակած Apple ընկերության (կազմավորված 1976-ին իր, Սթիվ Վոզնիակի, Մայք Մարկքուլայի եւ ուրիշների կողմից) գործադիր տնօրենի իր պաշտոնից, եւ առաջարկում է իր փոխարեն այդ պաշտոնում նշանակել Թիմ Կուքին. իր իսկ խնդրանքով նա այժմ զբաղեցնում է նույն ընկերության տնօրենների վարչության նախագահի պաշտոնը:

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք այս նշանավոր անհատականության հետաքրքական կյանքի մասին մանրամասնություններ:


Վաղ տարիներ

Ամբողջական անունով Սթիվն Պոլ Ջոբսը ծնվել է 1955 թվի փետրվարի 24-ին Սան Ֆրանցիսկոյում: Ծնողների ամուսնացած չլինելու պատճառով նրան որդեգրել են Մաունթին Վիույում (Կալիֆոռնիա) ապրող Պոլ եւ Կլարա Ջոբսերը: Կլարայի աղջկական ազգանունը եղել է Հակոբյան: Զույգը հետագայում որդեգրել է նաեւ մի աղջիկ զավակի, որին անվանել է Պատտի:

Ջոբսի կենսաբանական ծնողները եղել են Աբդուլֆաթթահ Ջոն Ջանդալինՙ սիրիացի մի մահմեդական Հոմսից, որը հետագայում դարձել է քաղաքագիտության դասախոս, եւ Ջոան Սիմպսոնը (ծնունդով Շիբել)ՙ ամերիկացի ուսանողուհին, որը հետագայում դարձել է խոսակցական լեզվի ախտաբան: Նրանք հետագայում ամուսնացել են եւ ծնունդ տվել Ջոբսի կենսաբանական քրոջըՙ Մոնա Սիմպսոնին, որը հետագայում դարձել է վիպասան: Ամուսնանալուց հետո ցանկացել են վերականգնել իրենց ծնողական իրավունքները:

Ջոբսը հաճախել է Կուպերտինոյի «Ջունյըր» եւ «Հոմստեդ» ավագ դպրոցները, ինչպես նաեւ ներկա գտնվել Պալո-Ալտոյի (Կալիֆոռնիա) «Հյուլետ-Պակարդ» ընկերությունում կազմակերպված դասախոսություններին: Շուտով այնտեղ աշխատանքի է տեղավորվել եւ գործակցել Սթիվ Վոզնիակի հետ: Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պորտլենդի (Օրեգոն) «Ռիդ» քոլեջը, բայց ընդամենը մեկ կիսամյակ անց դուրս է եկել ուսման վարձի հետ կապված խնդիրների պատճառով եւ շարունակել է պարզապես որոշ դասախոսությունների (ինչպես գեղագրություն) ներկա գտնվել: Այդ ընթացքում նա ընկերների տանը հատակին է քնել եւ ուտելիքի համար փող հայթայթել կոկա-կոլայի շշեր հանձնելով: Շաբաթական մեկ անգամ էլՙ կիրակի օրերը ձրի ճաշել է «Հարե Քրիշնա» տաճարի ճաշարանում:

Կալիֆոռնիա է վերադարձել 1974-ի աշնանը եւ Վոզնիակի հետ սկսել հաճախել «Հոում բրու» համակարգչային ակումբի հանդիպումներին: Որպես տեխնիկ աշխատանքի է անցել տեսախաղերի արտադրության հայտնի «Աթարի» ընկերությունում, նպատակ ունենալով փող հավաքել եւ Հնդկաստան մեկնել «հոգեկան անդորր գտնելու համար»: Հնդկաստանից վերադարձել է որպես բուդդայականության հետեւորդՙ մազերը սափրած, ավանդական հնդկական շորերով, եւ աշխատանքի վերընդունվել «Աթարի» ընկերությունում, որտեղ նրան հանձնարարել են ստեղծել «Բրեյքաութ» խաղի հաղորդիչների շղթայալար սխեման:

Կարիերան Apple-ում եւ այլ ընկերություններում

Սթիվ Ջոբսը, Սթիվ Վոզնիակը եւ Ռոնալդ Ուեյնը մարկետինգի մասնագետ եւ ինժեներ Ա. Մայք Մարկքուլայի ֆինանսավորմամբ 1976-ին հիմնել են Apple ընկերությունը: Ջոբսը եւ Վոզնիակը իրար հանդիպել էին 1971-ին, երբ համապատասխանաբար 16 եւ 21 տարեկան էին: Վոզնիակը հակեր էրՙ լեհ-գերմանացի ծնողների զավակ: Ջոբսի մտահղացմամբ եւ խորհրդով Վոզնիակը մի համակարգիչ է հավաքել եւ վաճառել:

Apple-ի ընդարձակումով պահանջ է զգացվել նոր մարդկանց հավաքագրել: Կիսահաղորդիչների ազգային կենտրոնից Մայք Սկոտը ընդունվել է որպես գործադիր տնօրեն: Այնուհետեւ Ջոբսին հաջողվել է Ջոն Սկալիին հրապուրել եւ «Պեպսի կոլա» ընկերությունից 1983-ին հրավիրել որպես հաջորդ գործադիր տնօրենը:

Նա նրան ասել է. «Ուզում ես ամբողջ կյանքումդ շաքարաջուր վաճառե՞լ, թե՞ ինձ հետ գալ եւ վերափոխել աշխարհը»: Հաջորդ տարիՙ 1984-ի հունվարի 24-ին, բաժնետերերի տարեկան հավաքի ժամանակ «զգացմունքային» Ջոբսը ներկայացրել է «Մակինթոշ» անհատական համակարգիչների նոր ապրանքանիշըՙ «բաբելոնյան խառնաշփոթություն» առաջացնելով դահլիճում: Ջեֆ Ռասկինի սկսած գործը, որ հետագայում Ջոբսը զարգացրել էր, մեծ հաջողություն արձանագրեց շուկայում, հատկապես իր գրաֆիկական, պատուհանային, օգտագործողի համար դյուրամատչելի հատուկ համակարգի շնորհիվ:

Չնայած Ջոբսի հմայիչ արտաքինին եւ հորդորող բնավորությանը, որոշ աշխատակիցներ նրան բավական դյուրաբորբոք են համարել: 1984-ի վերջերին պահանջարկի խիստ անկումի հետեւանքով Սկալիի հետ տարաձայնություններ են առաջացել, եւ 1985-ի մայիսին «Մակինթոշ» բաժնի վարիչի պարտականություններից ազատել են Ջոբսին:

Որոշումը չի հուսահատեցրել նրան: Ընդհակառակը, նոր մտահղացումների արդյունքում, օգտագործելով CERN-ում (հետազոտական աշխատանոց Շվեյցարիայում, որտեղ հայտնագործվել է համաշխարհային ցանցը) Թիմ Բարներզլիի NeXT-ը, նա հիմնել է «NeXT Computer» ընկերությունը, որը տեխնոլոգիական տեսակետից ավելի առաջատար էր: Բայց գնային իր բարձր արժեքի հետեւանքով լայն տարածում չի գտել: Ջոբսը այն հիմնականում գիտական-ակադեմիական շրջանակներում է «շուկա հանել» եւ 50 հազար մեքենա վաճառելուց հետո, ամբողջովին անցել ծրագրերի մշակմանը եւ թողարկել NeXT STEP/Intel-ը: 1986-ին նա «Լուկաս ֆիլմզ» ընկերությունից 10 միլիոն դոլարով գնել է գրաֆիկական բաժանմունքը եւ այն հետագայում վերանվանել «Պիքսար»:

Նոր ընկերությունը նա Սան Ռաֆայելից (Կալիֆոռնիա) տեղափոխել է Էմերիվիլ (դարձյալ Կալիֆոռնիա) եւ «Դիզնեյի» հետ համագործակցելով 1995-ին թողարկել մեծ հաջողություն արձանագրած «Toy Story» (Զվարճալի պատմություն) համակարգչային շարժապատկերումը:

Հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում «Պիքսարի» ստեղծագործ առաջնորդ Ջոն Լասետերի ջանքերի շնորհիվ թողարկվել են նորանոր «հիտեր»ՙ «A Bug՛s Life»-ը (1998), «Toy Story-2»-ը (1999), «Monsters, Inc.»-ը (2001), «Finding Nemo»-ն (2003), «The Incredibles»-ը (2004), «Toy Story-3»-ը (2010) եւ այլն: Վերջին երեքն արժանացել են «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին, որը 2001 թվից «Օսկարի» անվանակարգերում է տեղ գտել:

2004-ին համագործակցության պայմանագրի ավարտին Ջոբսի բանակցությունները «Դիզնեյի» գործադիր տնօրենՙ Մայքլ Այզների հետ հաջող ավարտ չեն ունեցել, եւ մինչ Ջոբսը նոր գործընկեր էր փնտրում, Այզներին փոխարինելու է եկել Բոբ Իգերը, որն էլ անմիջապես վերականգնել է խզված հարաբերությունները:

2006-ի հունվարի 24-ին Ջոբսն ու Իգերը հայտարարել են, որ «Դիզնեյը» համաձայնել է 7.4 միլիարդ դոլարով գնել «Պիքսարը»: Ջոբսը դարձել է «Դիզնեյ» ընկերության ամենամեծ փայատերըՙ արժեթղթերի մոտ 7 տոկոսի տերը, որը 4-6 անգամ ավելի էր, քան Այզների եւ նույնիսկ Դիզնեյ ընտանիքի անդամ Ռոյ Դիզնեյի ունեցած բաժնից:

Մինչ այդ, 1996-ի ավարտին Apple-ը 429 միլիոն դոլարով գնել էր NeXT-ը եւ Ջոբսը վերադարձել էր իր իսկ հիմնած (ուրիշների հետ) ընկերությունը, եւ Ջիլ Ամելիոյի փոխարեն դարձել ընկերության դե ֆակտո գլխավոր տնօրենը: Նա մի շարք ծրագրեր է իր ավարտին հասցրել 90-ականների վերջերին, ինչպես, օրինակՙ Newton-ը, Cyberdog-ը եւ OpenDoc-ը:

Նրա ղեկավարության ներքո ընկերությունը մեծապես ընդարձակել է վաճառքի իր ծավալները: Հրապարակ հանելով iMac-ը, iPod-ը, iTunes-ը, iPhone-ը, որոնք յուրաքանչյուրն իր հերթին «հեղափոխություն» առաջացնող եւ ընկերության հեղինակությունը բարձրացնող նորամուծություններ են որակվել:

2011թ. օգոստոսի 24-ին կատարած հրաժարականի հայտարարությունից հետո Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 5 տոկոսով, Դիզնեյինըՙ 1.5 տոկոսով: Տոկոսային ոչ մեծ անկումը պայմանավորված էր նրանով, որ արդեն մի քանի տարի նրա վատառողջության վերաբերյալ լուրերը շրջանառության մեջ էին:

Ըստ Ֆորբսի, նա 43-րդ ամենահարուստ ամերիկացին է 5.1 միլիարդ (2009-ի տվյալներով) դոլարի կապիտալով:

Ղեկավարը եւ գործելաոճը

Ջոբսի մասին ե՛ւ հիացմունքով են արտահայտվել, ե՛ւ քննադատական խոսքերով:

Մեծապես գնահատել են համոզելու, առեւտուր անելու նրա կատարյալ շնորհքը:

Որպես ղեկավար եղել է պահանջկոտ, երբեմնՙ ագրեսիվ: «Ֆորչն» ամսագիրը նրան դասել է «Ամերիկայի ամենաաննկուն ղեկավարների» շարքում: Նրա գործընկերներից Ջեֆ Ռասկինը մի առիթով ասել է. «Նա հոյակապ թագավոր կդառնար Ֆրանսիայում»ՙ նկատի ունենալով նրա հմայիչ ու գերող անձնավորությունը: Իսկ Ֆլոյդ Նորմանը նշել է, որ «Պիքսարում» Ջոբսը «հասուն եւ բարեհոգի ղեկավար էր, որ երբեք չէր միջամտում ֆիլմարտադրողների ստեղծագործական մտահղացումներին»:

Ինքըՙ Ջոբսը, 2007-ի հունվարին կայացած «Մակուորլդ կոնֆերանսի եւ էքսպոյի» բացման առիթով իր արտասանած խոսքերում նշել է. «Ես շատ եմ սիրում լեգենդար հոկեյիստ Ուեյն Գրեցկու հետեւյալ խոսքերը. «Ես չմշկում եմ դեպի այն վայրը, որտեղ հանգրվանելու է տափօղակը, եւ ոչ թե այնտեղ, որտեղ եղել էր նախկինում»:

Ամերիկյան 338 արտոնագրերում կամ արտոնագրային դիմումներում Ջոբսի անունը նշված է կամ որպես գյուտարարի, կամ էլ համագյուտարարի:

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1984-ին նրան շնորհել է «Տեխնոլոգիաների բնագավառի ազգային մեդալը»: 1987-ին արժանացել է «Հասարակական ծառայության Ջեֆերսոն» մրցանակինՙ 35 տարեկանից ցածր անհատի կողմից կատարված մեծագույն հասարակական ծառայության համար:

Կալիֆոռնիայի կառավարիչ Առնոլդ Շվարցեննեգերի հրամանով 2007-ի դեկտեմբերի 5-ին Ջոբսը «մուտք է գործել» պատմության թանգարանի «Փառքի դահլիճ»: 2009-ի օգոստոսին նրան համարել են երիտասարդների շրջանում «ամենապաշտելի ձեռնարկատերը»: Նույն տարվա նոյեմբերին «Ֆորչն» ամսագիրը նրան հորջորջել է «Տասնամյակի գործադիր տնօրենը»: 2010-ի դեկտեմբերին «Ֆայնենշլ թայմսը» նրան «Տարվա մարդ» է ընտրել, իսկ «Թայմ» շաբաթաթերթը բնորոշել է նրան որպես «Մանրահամակարգիչների ամենահայտնի մաեստրոյի»:

Իր հրաժարականից հետո նրան նաեւ համարել են «իր ժամանակի Թոմաս Էդիսոնն ու Հենրի Ֆորդը»:

Նրա մասին երեքմասանոց երկու վավերագրական ֆիլմ է նկարահանել PBS-ը, մեկը 1996-ինՙ «Triumph of the Nerds» (Համակարգչամոլների հաղթանակը) խորագրով, մյուսըՙ 1998-ին «Nerds 2.0.1» (Համակարգչամոլները 2.0.1) վերնագրով: Մի երրորդ վավերագրական ֆիլմ էլ նկարել է Նոա Ուայլը 1999-ին «Pirates of Silicon Valley» (Սիլիկոնյան հովտի ծովահենները) խորագրով:

Անձնական կյանքը

Ջոբսը 1991 թվի մարտի 18-ին ամուսնացել է Լորեն Փաուելի հետ: Արարողությունը նախագահել է Զեն Բուդդիստների վանական Կոբուն Չինո Օտոգավան: Զույգն ունի մեկ որդի եւ երկու դուստր: Ջոբսը նաեւ մի դուստր էլ ունի (ծնված 1978-ին) նկարչուհի Քրիզան Բրենանից, ով սկզբնական շրջանում միայնակ է մեծացրել աղջկան, մինչեւ հետագայում Ջոբսը ընդունել է հայրությունը:

«Բիթլզ» խմբի սիրահար է եղել: «Նրանք մեկը մյուսին լրացնում էին, եւ որպես խումբ նրանք ավելին էին, քան ամեն մեկն առանձին-առանձին: Մեծ գործերը հնարավոր չէ կատարել առանձին: Դրանք խմբակային աշխատանքի արդյունք են», ասել է Ջոբսը:

Ջոբսը 1982-ին մի բնակարան է գնել Նյու Յորքի «Սան Ռեմո» շենքում, որտեղ ապրել են նաեւ Դեմի Մուրը, Սթիվն Սփիլբերգը, Սթիվ Մարտինը եւ դերասանուհի Ռիտա Հեյուորթի դուստրըՙ իշխանուհի Յասմին Աղա խանը: Սակայն երկար ժամանակ վերանորոգելուց հետո 2002-ին վաճառել է U2-ի Բոնոյին: Նա այնտեղ երբեք չի ապրել: 1984-ին մեկ ուրիշ 14-սենյականոց իսպանական առանձնատուն է գնել Վուդսայդում (Կալիֆոռնիա), որտեղ մոտ 10 տարի ապրել է առանց կարգին կահավորելու:

Նախագահ Քլինթոնը 1996-ին ճաշել է նրա եւ 14 այլ գործադիր տնօրենների հետ եւ հետագայում Ջոբսին հրավիրել Սպիտակ տուն, որտեղ նա գիշերն անցկացրել է «Լինկոլն» ննջարանում: Քաղաքական հայացքներով դեմոկրատ է: Բացի ձկնեղենից այլ կենդանիների միս չի ճաշակում: Նախասիրած ավտոմեքենան արծաթագույն «Մերսեդեսն» է:

Ինչ վերաբերում է առողջությանը, անհանգստություններն ուղեկցել են 2004 թվի կեսերից, երբ բժիշկները չարորակ ուռուցք են հայտնաբերել ենթաստամոքսային գեղձում: Հուլիսին վիրահատական միջամտությամբ հեռացրել են ուռուցքը եւ հայտարարել են, որ առողջ է եւ կյանքին վտանգ չի սպառնում: Բայց նրա բացակայությունները շարունակվել են եւ շահարկվել այն աստիճանի, որ 2008-ի օգոստոսի 28-ին «Բլումբերգ» ընկերության լրատվական ծառայությունը 2.500 բառերից կազմված մահախոսական է հրապարակել, որը շուտով ստիպված է եղել հերքել: Սեպտեմբերին կայացած «Let՛s Rock» հանդիսությանը ելույթ ունենալով Ջոբսը մեջբերել է Մարկ Տվենի խոսքերը. «Մահվանս մասին լուրերը չափազանցված են»: 2009-ի ապրիլին Մեմֆիսում (Տենեսի) ենթարկվել է լյարդի փոխպատվաստման վիրահատության: 2011-ի օգոստոսի 24-ին գրած հրաժարական-նամակում նշել է, որ «այլեւս չի կարող շարունակել իր պարտականությունները որպես գլխավոր տնօրեն»:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4