Դիանա Քալաշովան հիացրեց չեխ եւ սլովակ հեռուստադիտողներին
Չեխիայում եւ Սլովակիայում անցկացվող «Չեխիան եւ Սլովակիան ունի տաղանդ 2» հեռուստաշոուի առաջին փուլում, երբ անցկացվում էր մասնակիցների ընտրությունը, փայլուն հանդես եկավ իննամյա Դիանա Քալաշովան, որը ոչ միայն անցավ հաջորդ փուլ, այլեւ ժյուրիի նախագահ, հայտնի չեխ երգչուհի Լուցիե Բիլայից ստացավ հիացական գնահատականներ: Փոքրիկ Դիանան, որ իր ելույթի ավարտին բեմ հրավիրեց նաեւ ծնողներին, իր ձայնով զարմացրեց ու գերեց բոլորին: Ժյուրիի անդամները եւ ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էին հայազգի փոքրիկ երգչուհուն: Նա անգլերենով կատարեց Ջենիֆեր Ռաշի «Սիրո ուժը» երգը: Դիանան չեխերենով պատասխանելով ժյուրիի անդամների հարցերին, նշեց , որ ինքը ծագումով Հայաստանից է եւ դպրոցում սովորում է միայն ամենաբարձր գնահատականներով: Լուցիե Բիլան բարձրացավ բեմ, կանգնեց երգչուհու կողքին եւ համբուրելով նրան ասաց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա եւ թե ապագայում դժվար թե իրենց շոուն նման տաղանդ տեսնի, եւ ինքը երջանիկ է, որ նրա առաջին ելույթին ներկա է: Երգչուհին նաեւ առաջարկեց Դիանային ապագայում իր հետ երգել եւ նրանից ստացավ դրական պատասխան: Բիլան նաեւ նշեց, որ իսկական երգչի համար Դիանան ամեն ինչ ունիՙ գեղեցկություն, համեստութուն, ձայն եւ, իհարկե, հիանալի ծնողներ: Ժյուրիի սլովակ անդամ Յարոսլավ Սլավիկը Դիաննային համարելով նոր աստղ եւ տաղանդ, հիշեց հայկական արմատներ ունեցող ամերիկահայ երգչուհի Շերին, ընդգծեց նրանց գենետիկ կապը, եւ հաստատեց, որ Դիանան էլ Ջենիֆերի նման փայլուն կատարեց այդ երգը:
Առջեւում դեռ մրցույթի հաջորդ փուլերն են, իսկ վերջում նաեւ կլինի հեռուստադիտողների քվեարկություն, իսկ չեխական թերթերն արդեն գրել են, որ Բռնո քաղաքում տեղի ունեցած մրցույթի առաջին փուլում Բիլան արդեն ընտրել է իր ֆավորիտին: Դիանան 2002-ին ծնվել է ռուսական Նովոկուզնեցկ քաղաքում, իսկ 2003 թվականից ապրում են Պրահայում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, իսկ այս տարի նաեւ Ղրիմում անցկացված «Նոր ալիք» երգի փառատոնին, ուր հասել է մինչեւ եզրափակիչ:
Այստեղ կարող եք լսել Դիանա Քալաշովայի ելույթըՙ
http://www.serial-online.cz/ceskoslovensko-ma-talent-2/casting-diana-kalashova.aspx
«Օրեր» եվրոպական ամսագիր, Պրահա