Իր բանաստեղծություններից մեկում Մանվել Միկոյանը հարցնում էՙ «Որտե՞ղ են երաժիշտները», որը դառնում է իր վերջին ժողովածուի հիմնական լեյտմոտիվը եւ խորագիրը գրքի: Այն խորհրդածությունները, որ չափածոյացրել է հեղինակը հիշյալ ժողովածուում, այսօրվա մտածող անհատի ապրումների դառն արձագանքներ ենՙ հայկական իրականությանը կամ անդրադարձներ են հայկական այս ժամանակի, որտեղ քաոս է ու լաբիրինթոս, լավագույն դեպքում մշուշ. համենայն դեպս չկա, չի երեւում ժամանակի առանցքը, այն կորսված կամ մաշված է, որից ծնված անհուսությունը գերակա է զգայական աշխարհի բոլոր շերտերում: Ե՛վ տխուր է, ե՛ւ ճնշող:
Իրականության գույների բանաստեղծական պատկերները խտացած արտահայտություններն են դրանց, որից օտարացողի ու մենակյացի կերպար է ձեւավորվում: Հույսերի երկնագույնը կարծրանում, խեղդվում է որովայնային հառաչից ու մարմինների մեջՙ կոշտ, խրվող աչքը տեսնում է ավելին, քանի պետք էր տեսնել: Բաց զգայական աշխարհը արձագանքում է արտաքին երեւույթներին ավելի քան տենդագին, հիվանդության աստիճան, երբ նյարդերը վեր են ածվում ասեղվող մրջնաբույնի... ու չեն թողնում քնել: Սա մազոխի՞զմ էՙ հայկական ժամանակը ապրելու «անհրաժեշտ» բեռ, թե՞ բանաստեղծական սինդրոմ, որի ժանգային տտիպը վաղ թե ուշ վեր է ածվելու տեւական ապրում-վիճակի` չթողնելով ապրել պարզ ու հանգիստ: Տողերի վրայով անցնում ու թվում էՙ ճահճի միջով մի կերպ քարշ ես տալիս հոգնած մտքերդ, ընդարմացող ոտքերդ, տիղմը կլլում, քեզ իր մեջ է առնում: Ու դիմադրել-դիմակայելը դառնում է արժանապատվությանդ թիվ 1 խնդիրը:
Ես ատում եմ իմ նզովյալ մարմինը,
քանզի այն օտարացնում է ինձ հոգուս հետ,
այրում տրոփող բոլոր հանգույցները:
...Ես ատում եմ իմ նզովյալ մարմինըՙ
Բաղկացած անթիվ ցավերից
ու նողկալի տառապանքիցՙ
կպչուն, ինչպես անդրդվելի ձանձրույթը,
Ես ատում եմ...
իմ մարմնի նզովյալ հիշողությունըՙ
խորտակված երազների
սարսռացնող արձագանքներից խեղանդամ դարձած
զգացմունքների տեղատարափ անձրեւ
հեղեղից փլված հույսի դղյակներ...
Ինչպե՞ս է արթնացնում իր օրը Երկիրըՙ տեսնո՞ւմ է արդյոք ստորոտներում կամ անդունդներում թափառող իր զավակների հյուծվող մարմինները: Ահա եւ 21-րդ դարի Երկիր Նաիրինՙ բանաստեղծի հայացքից գուցե «նեղսրտած», բայց իրականՙ դեմ հանդիման արհավիրքի...
«...Ժողովուրդ, որ հոգնել է Ազգ դառնալու ցնորային երազանքից,/ որ խռովել է իր նախնիների հողից/ եւ պատրաստ է հող դառնալ օվկիանոսից այն կողմ/ այնտեղ մի քիչ մարդ զգալու պարզունակ մտասեւեռությամբ...
Ստահակների երփներանգ հիբրիդներ.../ Որ խորթ են ու անհարիր իրենց իսկ անվանն ու արյանը/
Ակնհայտ է հասարակական կյանքի գահավիժումը «ամորձատված գաղափարների» շքեղ ցուցանակներին. քաղաքացիական պարտքը թույլ չի տալիս հեղինակին անտեսել կամ կոծկել իրականության խոցոտվող դեմքը. «Կիբորգներ են շրջում/հովիտներում բիբլիական/...ուր հոմանուհիները գերադասում են/հարմարավետ որջերը դարավոր թշնամու/ ուր փափուկ Աթոռի համար/ ուրանում են նույնիսկ կաթը սեփական մոր...:
Կրքերի ջունգլիներում կործանվում, անհետանում է մարդկային գեղեցկությունըՙ նրա հոգու մարմինը, նա վերածվում է հաշվիչ մեքենայի, եւ ծրագիրըՙ մարդուն աշխարհից վերացնելու, անխուսափելիորեն տեսանելի է դառնում:
Մ. Միկոյանի բասնատեղծությունների «Որտե՞ղ են երաժիշտները» ժողովածուն բաղկացած է չափածո չորս շարքերից եւ «Արձակ բանաստեղծություններ» բաժնից: Առաջինըՙ «Երկրորական հումիք բազա», հեղինակի վերաբերմունքն է տիրող իրականությանը` սոցիալական-քաղաքական, բարոյական հարթություններով: Շատ ծանոթ պատկերներ ու հոգեվիճակներ ավելի սրում են օրվա տագնապը: Հայ մարդն ու հայկական բարոյականությունըՙ աղճատված, օտարացված, հեռացված ավանդական ըմբռնումներից, նորօրյա կեղտաջրին շատ արագ հարմարված եւ խորը թաղված, գլուխը կորցրած-մարդկային դեմքը կորցրած:
Մի քանի բանաստեղծություններում առկա քաղաքական սատիրան` ուղղված գիշատիչների մաֆիային եւ դրա դեմ պայքարող «առանց սահմանների ագռավներին», տխուր ու խուլ բողոք էՙ կեղծ բարեպաշտության, կորցրած խղճի տոնավաճառային ունայնության դեմ: Եվ բնական է մտքերի երբեմն խառնաշփոթըՙ մերթ անտարբերության, մերթ ցավի, մերթ սպասման, մերթ համակերպման, եւ մերթ էլ հեռացումի վհատվող նոտաներով:
Կողոպուտ-բառիս ամենալայն իմաստով, կողոպուտՙ մարդու բարոյականի, հոգեկան աշխարհի: Ահա ինչի է վերածել հայկական ժամանակը իր քաղաքացունՙ քայլող դիակներՙ անհոգի, վաշխառու, դավադիր, վերացել է գութը, անհետացել է սերը. անհայացք աչքերի առաջ կախաղան է բարձրացվում իրենց դավանանքի գլխավոր պատգամըՙ «Սիրեցեք զմիմյանս»-ը:
Բայց այնտեղՙ օվկիանոսից այն կողմ իրենց գաղջությամբ բավարարված հայեր կանՙ «լավատեսության քաղցկեղով տառապող», իսկ ահա հայրենի քաղաքի հսկայական շենքիՙ դեռ երեկ նշմարվող վերջին պատուհանի լույսն արդեն մարել է: «Էս անտեր մնացածների կեսը ջհանդամվել է, ո՞ւմից եմ փողն ուզելու», սրտնեղում է տարեց կրպակավաճառը: Սոցիալական շարժումըՙ բնակավայրը փոխելու մարդու պարզ ցանկությունը մեզ համար վերածվում է ազգային անվտանգության լուրջ խնդրիՙ աղետի, հողը դատարկվում է, մնացողը հուսահատվում, ծուլանում է, հողը դառնում է ստերջ, անպտուղ: Եվ «օդն էլ է ապականված/մարդկային գռեհիկ ու լպրծուն առնչությունների ախտով»: Ախտակիրների քանակը շատանում է, որից փրկության ելքը, չէ՛, հակագազը չէ, այլՙ դռներդ փակելը եւ սեփական պատյանի մեջ մտնելը: Եւ ահա մենակությունըՙ որպես հոգու կեցություն, 21-րդ դարում վերածվում է աղետի:
Լճանում-թանձրանում են ապրումները, մշուշը տարածվում, անտեսանելի պատ է բարձրանում անհատի եւ հասարակության միջեւ. ձգվում է սպասումի տվայտանքը: «Աստծո ամեն օր», «Ես դեռ ապրում եմ» շարքերում ներանձնական ապրումները մերթ հույսի, մերթ լքումի, մերթ վերագտնող սիրո տրամադրությունների ելեւէջումներ են: Տրիոլետները նույնպես շարունակում են այս նույն նոտաները. «Այս խոնավ, բորբոսնած քաղաքում,/ ուր նույնիսկ արեւն է կարծես թաց/շողերն են սարսռում կարկամած/այս խոնավ, բորբոսնած քաղաքում»:
Հոգեվիճակների անձեւ կերպարները որոշակիանում են արձակ բանաստեղծություններում, մտաձեւերը ավելի հստակ են դառնում, բանաստեղծի հոգեւոր որոնումները ավելի կայուն փուլ են մտնում, հասնում մարդկային գոյության առեղծվածի ունայնության գաղափարին: Սակայն միեւնույնն էՙ մարդու բնածին-նախաէությունը շարունակում է մնալ լավատեսական, նա փորձում է դեռ երազել ու փնտրել. «Երբեք չհոգնես փնտրելուց: Մենքՙ բոլորս աշխարհ ենք եկել ինչ-որ մեկին փնտրելու համար»:
Բանաստեղծությունների սույն ժողովածուն տպագրվել է «Վան Արյան» տպագրատանը (2011 թ.), շապիկիՙ բովանդակությանը համահունչ ձեւավորմամբ, ներսիՙ գրաֆիկական աշխատանքներին համապատասխան ընտրությամբ:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ