«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2011-09-06 | #157, 2011-09-07 | #158, 2011-09-08


ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ. ՄԱՅՐԸ ՍԱՎԱՆՈՎ ԽԵՂԴԵԼ Է ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

34-ամյա Ռոզա Ալոյանը զանգահարել է հարեւանուհուն եւ հայտնել, որ սպանել է երկու դեռահաս երեխաներին: Այնուհետեւ փակել է դուռն ու «հանգիստ խղճով հեռացել»: Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում: Ոստիկանություն բերման ենթարկված մայրը հայտարարել է, որ տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու զավակներին եւ կախել: Որոշ ժամանակ անց նա իջեցրել է որդիներին, պառկեցրել մահճակալին եւ վերմակով ծածկել: Իրավապահ մարմինները մարդասպան մոր տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ տարբեր աղանդների պատկանող գրականություն, բրոշյուրներ: Տանը հայտնաբերվել է նաեւ բացված Աստվածաշունչն այն էջի վրա, որտեղ նշվում է, որ Քրիստոսի գալստյան օրը շուտով մոտենալու է:

Ռոզա Ալոյանը եւ նրա ամուսինը Գավառի մանկատան սաներ են եւ պետությունից բնակարան ստանալուց հետո տեղափոխվել էին Արարատ: Ըստ որոշ տեղեկություններիՙ Ռոզան բաժանվել էր ամուսնուց եւ երեխաների հետ առանձին էր ապրում: Հոգեկան շեղման խնդիրներ չեն հայտնաբերվել: Ըստ մեզ հասած լուրերիՙ Ռոզան «Եհովայի վկա» աղանդի հետեւորդ է: Իրավապահ մարմինների ներկայությամբ հարեւաններն ասել են, որ նա հաճախում է «Եհովայի վկա»-ի հավաքներին: Սակայն օրվա երկրորդ կեսին «Եհովայի վկաներ» կազմակերպությունից տարածվեց հայտարարություն, որտեղ հայտարարել են, որ Ռոզան իրենց շարքերից չէ, առանց անդրադառնալու ավելի կարեւոր այն հարցին, թե նա իրենց ազդեցության տակ եղե՞լ է:

Անցյալ տարի նոյեմբերին Սեւան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Թորոսյանը սպանել էր ծնողներին` 64-ամյա Խաչիկ եւ 57-ամյա Մարիետա Թորոսյաններին: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել էին արյունոտված գազի բալոն: Կատարվածը որակվել էր սպանություն կրոնական հիմքերի վրա: Արման Թորոսյանը հայտարարել էր, որ սպանել է ոչ թե իր ծնողներին, այլ սատանաների, իսկ ինքը «աստծո զավակ է»: Այդ ժամանակ էլ բոլոր ցուցանիշներով կասկածվում էր, որ երիտասարդը Եհովայի վկա է, սակայն վերոնշյալ աղանդից հայտարարել էին, որ նա իրենց անդամը չէ: Սակայն, հետաքրքրական զուգադիպությամբ «Եհովայի վկաների» շեֆերը մամուլի հասարակության բազմաթիվ պահանջներին` հրապարակավ ներկայացնել իրենց անդամների ցուցակը, հրաժարվում են:

Անկախ հանգամանքից, թե Ռոզան կրոնական որ աղանդին է պատկանում, եթե իրավապահ մարմինները հաստատեն լուրը, որ սպանությունը կրոնական շարժառիթներ ունի, ապա պետք է պատասխանատվության ենթարկել քայքայիչ կազմակերպության բոլոր անդամներին եւ լուրջ միջոցառումներ իրականացնել հասարակությանը նրանցից փրկելու համար:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4