«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2011-09-07 | #158, 2011-09-08 | #159, 2011-09-09


ԷՀՈՒԴ ԲԱՐԱՔ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ»

Հնարավոր է թուրք-եգիպտական ռազմական պայմանագիր

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը երեկ հայտարարել է, որ չնայած երկկողմ հարաբերությունների վատթարացմանը, Թուրքիան Իսրայելի թշնամին չէ: Այդ մասին հաղորդում է «Ջերուսալեմ փոստ» թերթի կայքէջը:

Նախարարի խոսքերովՙ Անկարայի հետ ներկայիս դիմակայությունը վաղ թե ուշ դադարելու է, իսկ երկկողմ կապերը կարգավորվելու են: Բարաքը չի պարզաբանել, թե տվյալ դեպքում ինչի վրա է հիմնված իր վստահությունը:

Իր ելույթում Բարաքը կրկին ափսոսանք է հայտնել 2010-ի մայիսին «Ազատության նավատորմիղի» 9 թուրք ակտիվիստների սպանության կապակցությամբ, սակայն կասկածի տակ չի առել ակտիվիստների դեմ ուժի գործադրման անհրաժեշտությունը եւ պաշտոնապես ներողություն չի խնդրել Թուրքիայից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի դիրքորոշմանն ի պատասխանՙ Թուրքիան սառեցրել է նրա հետ բոլոր ռազմական շփումները, իջեցրել երկկողմ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը, անօրինական հայտարարել Գազայի հատվածի իսրայելական շրջափակումը եւ խոստացել էր թուրքական ռազմանավեր ուղարկել Պաղեստինի ափերի մոտ:

Իսրայելում ափսոսանք են արտահայտում երկկողմ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ, բայց հրաժարվում են փոխել դիրքորոշումը եւ մասնավորապես ներողություն խնդրել Թուրքիայից:

Իսրայելական «Հաարեց» թերթին հայտնի է դարձել, որ Թուրքիան մտադիր է ռազմական համաձայնագիր ստորագրել Եգիպտոսի հետ: Սպասվում է, որ երկու երկրները համապատասխան պայմանագիր կստորագրեն սեպտեմբերի 12-ինՙ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կահիրե կատարելիք այցելության ժամանակ:

Թերթը նշում է, որ վերջին 15 տարում սա թուրք վարչապետի առաջին այցն է Եգիպտոս: Վերջինիս նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքը Թուրքիային Եգիպտոսի մրցակիցն էր համարում Մերձավոր Արեւելքում եւ արաբական երկրներում: «Հաարեցի» լրագրողների կարծիքովՙ Եգիպտոսի ներկայիս ղեկավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ զարգացնել տնտեսական եւ ռազմական հարաբերություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4