ՏԻՄ համակարգի 15-ամյակի առթիվ
Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հանրապետական միջոցառումների շրջանակներում, ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո երեկ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի մարզերի ու համայնքների գեղարվեստական ինքնագործ խմբերի մրցույթ-փառատոն` ժողովրդական երգ, ժողովրդական պար եւ ազգային նվագարաններ անվանակարգերով, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակում` «Արտէքսպո» միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսը:
Հատկապես մարդաշատ էր հրապարակում կազմակերպված միջոցառումը, որն իր ընդգրկմամբ (մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերը, առանց Երեւանի) աննախադեպ էր Գյումրիում: Հրապարակի կենտրոնում պատրաստված միանման տաղավարների յուրաքանչյուր շարքում ներկայացված էր հանրապետության մեկ մարզը իր մարզային եւ համայնքային մշակութային օջախներով` գրադարաններով, թանգարաններով, մշակույթի կենտրոններով ու դրանց ձեռքբերումներով, անհատ արվեստագետներով ու ոսկեձեռիկ վարպետներով, նրանց գործերով եւ այլնով: Իսկ Հայաստանի ազգային գրադարանի «Բիբլիոբուս» շրջիկ գրադարանը ներկայացրել էր հանրապետության մարզերին նվիրված գրքերի, ալբոմների, քարտեզների եւ այլ հրատարակությունների բացօթյա ցուցահանդես:
Ներկայացված համայնքները, մշակույթի օջախներն ու մյուս մասնակիցները մրցում էին ինը անվանակարգերում` «Լավագույն մշակույթի տուն», «Լավագույն թանգարան», «Լավագույն գրադարան», «Լավագույն գյուղական համայնք», «Լավագույն քաղաքային համայնք» եւ այլն: Մրցույթի արդյունքները կամփոփվեն համապատասխան հանձնախմբի կողմից: Ցուցահանդեսը, որ նաեւ միջմարզային շփումների լավ առիթ էր, պետք է նպաստի մարզերում մշակութային կյանքի խթանմանը:
Բազմամարդ հրապարակում մինչեւ երեկո հնչում էր հանրապետության քաղաքների ու մարզերի կոլեկտիվ եւ անհատ կատարողների երգն ու պարը: Միջոցառումներին ներկա եղան եւ տաղավարների ցուցադրանքին ծանոթացան ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Գ. Մ.