Բոլորը հատուկ ուշադրություն են դարձնում երեխային ու նրա համար գնում ամենագեղեցիկ ու լավ հագուստը, ամենալավ սնունդը, ամենա, ամենա, ամենան: Սակայն չեն մտորում, թե ինչ վնասներ կարող են հասցնել երեխային սինթետիկ գործվածքից կարված հագուստը, չճկվող կոշիկները, ռետինե ծծիչները եւ անգամ այն խաղալիքները, որոնցով գրեթե ամբողջ օրը զբաղվում են երեխաները: Փոքրիկները չեն մտածում, որ այդ խաղալիքները բերանին հպելը անգամ վնասակար է: Աղջնակների շատ սիրելի «Բարբի» տիկնիկն անգամ անցած տարի համարվեց վնասակար, եւ դրա արտադրությունը դադարեցվեց ԱՄՆ-ում: Իսկ մեր երկրում ոչ միայն այդ թանկարժեք տիկնիկն է վաճառվում, այլեւ մեծ աղմուկ հանած չինական արտադրության խաղալիքները: Իսկ Ամանորի նախօրեին ինչ տիպի, տեսակի, անհայտ ծագումով խաղալիքները անարգել վաճառվում են փողոցներում, տոնավաճառներում, կրպակներում եւ անգամ սուպերմարկետներումՙ միայն թե գրպանների պարունակությունը շատացնեն: Իսկ թե դրանք ինչ վնասներ կպատճառեն երեխաներին, դա նրանց չի հուզում: Ահա այս լուրջ ու կարեւոր հարցերի շուրջը լրագրողները բանավիճեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետի տեղակալ Գեւորգ Գյոզալյանի եւ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հետՙ ասուլիսում:
Արմեն Պողոսյանը , պատասխանելով «Ազգի» հարցինՙ մանկապարտեզներում ստուգվո՞ւմ են, թե երեխաները ինչ խաղալիքներով են խաղում, դրանց ժամկետն անցած է եւ ի՞նչ վարակներ է հնարավոր ձեռք բերել չստուգված խաղալիքներից, ասաց. «Երեւանի Կենտրոն եւ Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզներից մի քանիսում անցկացրել ենք մոնիտորինգ, որի արդյունքները ցույց են տվել, որ երեխաները խաղում են այնպիսի խաղալիքներով, որոնք մազ են թողնում, գունաթափված են, ու հնարավոր է, որ լինեն ժամկետանց: Պրն Պողոսյանը նաեւ հայտարարեց, թե վաճառվող խաղալիքները, որոնք ներկրվում են Չինաստանից, նույնպես անվտանգ են, քանի որ մինչեւ այժմ որեւէ բողոք չեն ստացել:
Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ այս տարի չորս ստուգումներ են անցկացվել խաղալիքներ ներկրող ու արտադրող սուբյեկտներում ու խաղալիքների վտանգավորության փաստ չեն արձանագրել: Սակայն չորս ներկրողներ, որոնցից չգիտես ինչու միայն երկուսի անունը նշեց պրն Գյոզալյանը, «Մանկան» եւ «Տունտունիկ», տուգանվել են 300.000-ական դրամովՙ սերտիֆիկատներ չունենալու եւ հայերեն մակնշում չկատարելու համար: Որքան էլ լրագրողները պնդում էին, որ որեւէ խաղալիքի վրա չկա օգտագործման ժամկետ, պրն Գյոզալյանը պաշտպանական դիրք բռնած պնդում էր, որ լիցենզիա տալուց ամեն մանրուք ստուգվում է երկու հատուկ լաբորատորիաներումՙ մասնագետների կողմից»: «Ազգի» այն հարցինՙ ստուգե՞լ են, թե ինչ ավազ է լցված «Մանկան» ընկերության խաղալիքներում, պրն Գյոզալյանը խոստացավ այդ հարցով զբաղվել: Իսկ պրն Պողոսյանը կոչ արեց «բոյկոտել չինական արտադրության խաղալիքները եւ չգնել»:
Մնում է մտածել, թե ինչու քար գցեցին 1990-ական թվականներին Երեւանում արտադրվող «Արմենթոյ» մանկական խաղալիքների գործարանի գլխին ու փակեցին: Իսկ թե ինչ խաղալիք գնենք, մնում է անհասկանալի: Իսկ վտանգից ու վարակներից խուսափելու համար պետք է անցնենք հին ու ընդունված սովորույթինՙ մենք կարենք տիկնիկներ մեր երեխաների համար: Իսկ մանկապարտեզներում վերացնեն հին ու մաշված խաղալիքները, ախտահանեն հաճախակի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ