Գերմանական NaturVision (Բնության Տեսլական) փառատոնում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) «Ես համաձայն չեմ» ֆիլմն արժանացել է մրցանակի: Ամենամյա փառատոնն արդեն տասը տարի է, ինչ անցկացվում է Բավարիայի անտառների շրջանում գտնվող Նոյշյոնաու (NeuschՓnau) փոքրիկ քաղաքում: Վերջինս իր տեսակի մեջ առավել կարեւոր փառատոներից մեկն է Գերմանիայում: «Արեւորդի» էկոակումբի պատանի սաներ Աննա Պետրոսյանի, Բերտա Մարտիրոսյանի, Սոֆա Պապյանի, Սիրարփի Չիբուխչյանի, Մարիամ Ավագյանի, Տիգրան Սիմոնյանի, Անահիտ Սարոյանի, Անուշ Մկրտչյանի, Ջուլիետա Սաֆարյանի, Էլինա Ալավերդյանի կողմից նկարահանված թափառող շների խնդրի մասին պատմող ֆիլմը ներկայացրել էին «Նորեկների եւ սիրողականների մրցանակ» անվանակարգում:
NaturVision-ի ժյուրին այս անվանակարգում առաջին մրցանակ չշնորհեց. ներկայացված ֆիլմերից եւ ոչ մեկը չէր համապատասխանում բարձր որակի պահանջի չափանիշներին: Սակայն, նրանք շնորհեցին երկրորդ մրցանակ եւ այն առանց որեւէ քննարկման հանձնվեց «Արեւորդի» էկոակումբի սաների նկարահանած «Ես համաձայն չեմ» ֆիլմին:
Միջազգային ժյուրիի անդամներն արձանագրել են, որ ֆիլմը տպավորիչ կերպով անդրադառնում է Երեւանում թափառող շների խնդրին: Մրցանակի շնորհման իրենց հայտարարության մեջ նրանք նշում են. «Հայաստանի պատանիների կողմից պատրաստված մի հուզիչ ֆիլմ է սա: Այնքան իրատեսական, որ նայելիս ցավ ես զգում: Ֆիլմը Հայաստանի մայրաքաղաք Երեւանի փողոցներում թափառող շների ճակատագրի մասին է` առանց որեւէ մեկնաբանության եւ առանց հատուկ կինոէֆեկտների գործածության»:
Պատանի «ֆիլմարտադրողներին» փառատոնը շնորհել ոչ միայն վկայագիր եւ փառատոնը խորհրդանշող փայտե քանդակ, այլ նաեւ լրացուցիչ շատ օգտակար նվերՙ պրոֆեսիոնալ մոնտաժման նորագույն ծրագիր, որը նրանց կօգնի ապագայում էլ ավելի լավ ֆիլմեր պատրաստել:
«Ես համաձայն չեմ» Ֆիլմն այս տարի կմասնակցի նաեւ հոկտեմբերին կայանալիք «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնին: Ֆիլմը հասանելի է tvsunchild.am կայքում