«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2011-09-07 | #158, 2011-09-08 | #159, 2011-09-09


ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԻՆ

«Նարեկացի» արվեստի միությունը 7-ամյա պատմություն ունի: Բացման առաջին իսկ ամիսներից արվեստի այդ օջախը առանձնացավ իր ուրույն ձեռագրով, մշակված ու մատուցված թարմ ու ժամանակին համահունչ միջոցառումներով: Միության տարեդարձը շնորհավորելու էին եկել արվեստի ու մշակույթի գործիչներ, գործարարներ, մտավորականներ, ովքեր շնորհավորելով միության տարեդարձը, իրենց ելույթներում բարձր գնահատեցին նրանց դերն ու ավանդը հայ մշակույթի զարգացման գործում:

Շնորհավորողների թվում էր նաեւ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Վերջինս իր եւ նախարարի անունից շնորհավորեց «Նարեկացի» արվեստի միության բոլոր անդամներին, եւ միության նախագահ, հիմնադիր Նարեկ Հարությունյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւը` Ոսկե մեդալըՙ հայ մշակույթի զարգացման ու տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար: Այնուհետեւ պրն Պողոսյանը անդրադարձավ մշակույթի ոլորտում միության կատարած կարեւորագույն ներդրումներին, որոնց թիվն անցնում է 3000-ից: Բացի դրանցից միությունը իրականացրել է շուրջ երկու տասնյակ ձայնասկավառակների, պոեզիայի ժողովածուների ու գեղարվեստական ալբոմների հրատարակում, համերգների, ցուցահանդեսների ու վարպետության դասերի շուրջ 30 մշտական շարքեր եւ բազմաթիվ այլ նախագծեր: Միությունը հատուկ ուշադրություն է դարձրել երաժշտության զարգացմանը եւ 2005-ին հիմնադրեց Կամերային երաժշտության Հայաստանի անդրանիկ ընկերությունը: Բազմաթիվ ու բազմաբնույթ երաժշտական փառատոներ, հոբելյանական համերգներ, երաժշտության օրեր եւ այլն:

Հոբելյանական համերգին հրաշալի կատարումներով հանդես եկան Վահան Արծրունին, Ռուբեն Հախվերդյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Լեւոն Կարապետյանը, «Սպեղանի» երգչախումբը, Գեւուրջիեւի անվան անսամբլը եւ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը:

«Նարեկացի» արվեստի միությունը դարձել է հարազատ օջախ երիտասարդ արվեստագետների համար, որոնք հաճախակի հանդիպումներից, շփումներից լիցքավորվածՙ ստեղծագործում են ու հենց այդ աշխատանքներն էլ ներկայացնում արվեստասեր հանրությանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4