Հայ ծանրորդներից մեդալների ակնկալիքները մեծ են
Սեպտեմբերի 11-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Մասնակից թիմերից յուրաքանչյուրը առանձին ներկայացուցիչներ կունենա երկու մրցաշարերում:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը լրջորեն է նախապատրաստվել այս մրցաշարինՙ ուսումնամարզական վերջին հավաքն անցկացնելով Աբովյանում: Մեդալների համար պայքարի դուրս կգան 9 ծանրորդներ: Մինչեւ 20 տարեկանների մրցաշարում Հայաստանը կանանց մրցավեճում կներկայացնեն Իզաբելա Յայլյանն (53 կգ) ու Ալլա Սամվելյանը (58 կգ): Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն Սմբատ Մարգարյանը (56 կգ) եւ գերծանրքաշային Գոռ Մինասյանը:
Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես կգան 5 ծանրորդներՙ Ռուբիկ Մամոյանը (62 կգ), Զորիկ Պողոսյանը (69 կգ), Մարտիկ Սիմոնյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ) եւ գերծանրքաշային Հայկ Հակոբյանը:
Ինչպես միշտ, մեր ծանրորդներից սպասելիքները մեծ են եւ Ռումինիայում էլ նրանցից մեդալների ակնկալիքներ ունենք: Բոլորովին վերջերս հայ պատանի ծանրորդները գերազանց ելույթ ունեցան Լեհաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Մրցահարթակ դուրս եկած մեր 9 ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 6 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 3-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով միայն Բելառուսի (12+9+4) եւ Ռումինիայի (7+3+7) ծանրորդներին:
Ռումինիայում անցկացվելիք մրցումներին նախապատրաստվող հայ ծանրորդներից երկուսըՙ Իզաբելա Յայլյանն ու Գոռ Մինասյանը գերազանց հանդես եկան Լեհաստանումՙ նվաճելով Եվրոպայի պատանիների չեմպիոնի տիտղոսը: Իզաբելան հաղթեց երկամարտի 170 կգ (77+93) արդյունքով: Իսկ Գոռը պարզապես մրցակցությունից դուրս էր: Երկամարտի նրա արդյունքըՙ 390 կգ (181+209) 48 կգ-ով ավելի էր 2-րդ տեղը գրաված ռուսաստանցի Եգոր Իվանովի ցուցանիշից: Բացի այդ, Գոռը պոկում վարժությունում պատանիների աշխարհի նոր ռեկորդ սահմանեց: Կարծում ենք, որ Ռումինիայում էլ մեր երկու ծանրորդները կրկին վստահ հանդես կգան ու դարձյալ կկանգնեն պատվո պատվանդանի վերին աստիճանին: Մեկնարկող առաջնության մասնակիցներից Աղասի Աղասյանն այս տարվա օգոստոսին Չինաստանում կայացած համաշխարհային 26-րդ Ունիվերսիադայում գերազանց ելույթ ունեցավՙ հայ մարզիկներից առաջին ոսկե մեդալը պարգեւելով Հայաստանին: Նա երկամարտում ցույց տվեց 337 կգ (151+186) արդյունք:
Սպասելիքները մեծ են նաեւ մեր մյուս գերծանրքաշային Հայկ Հակոբյանից, որը մասնակցելու է մինչեւ 20 տարեկանների մրցաշարին: Հայկն անցյալ տարի նոյեմբերին Լիմասոլում կայացած մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոնն է: Նա երկամարտում ցույց տվեց 390 կգ (180+210) արդյունք: Այս տարվա օգոստոսին Հայկը Չինաստանում կայացած Ունիվերսիադայում զգալիորեն բարելավեց ցուցանիշըՙ ցույց տալով 402 կգ (186+216): Սակայն դա բավարար չեղավ մրցանակակիր դառնալու համար: Ճիշտ է, նա կարող էր բրոնզե մեդալ նվաճել երկամարտում, սակայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով մրցանակը զիջեց ուկրաինացի Օլեգ Պրոշակին:
Նշենք, որ անցյալ տարի Լիմասոլում կայացած մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում բացի Հայկ Հակոբյանից, չեմպիոն էին հռչակվել նաեւ Արայիկ Միրզոյանը (77 կգ)ՙ 341 կգ (155+186) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75-ից բարձր)ՙ 250 կգ (110+140): Իսկ Աղասի Աղասյանը մինչեւ 77 կգ քաշայինների մրցավեճում դարձել էր արծաթե մրցանակակիր երկամարտի 336 կգ (151+185) արդյունքով:
Սպասելիքներ ունենք նաեւ Ռուբիկ Մամոյանից, որը Լիմասոլում մինչեւ 23 տարեկանների մրցավեճում երկամարտի 270 կգ (125+145) արդյունքով դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն: Այդ առաջնությանը մասնակցած Զորիկ Պողոսյանը (69 կգ) մինչեւ 20 տարեկանների մրցաշարում զբաղեցրել էր 6-րդ տեղը երկամարտի 293 կգ (130+163) արդյունքով: Իսկ Ալլա Սամվելյանը (58 կգ) նույն մրցաշարում գրավել էր 5-րդ տեղը երկամարտի 180 կգ (73+107) արդյունքով: Իհարկե, մրցանակային տեղի է հավակնում նաեւ Սմբատ Մարգարյանը, որը չնայած երիտասարդ տարիքին, արդեն տիտղոսակիր ծանրորդ է: Ճիշտ է, նա անցյալ տարի Լիմասոլում ձախողվել էրՙ 0 ստանալով, սակայն հույս ունենք, որ այս անգամ Բուխարեստում ամեն ինչ նորմալ կընթանա նրա եւ թիմակիցների համար:
Եվ այսպես, սեպտեմբերի 11-ին կտրվի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկը: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան Իզաբելա Յայլյանը (53 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ) եւ Ռուբիկ Մամոյանը (62 կգ):