ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մայրաքաղաքում ընթացող քաղաքաշինական ծրագրերն ու բարեկարգման աշխատանքները բազմաթիվ են ու, ըստ քաղաքապետարանի, դրանք պետք է առավել գեղեցկացնեն Երեւանն ու դարձնեն զբոսաշրջիկների նախընտրելի վայրը: Մայրաքաղաքի ճարտարապետական դեմքը պահպանելու, նրան գեղեցկություն հաղորդելու նպատակով ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակեց Նարեկ Սարգսյանին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախորդ ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը, հրաժարականի դիմում ներկայացրեց, ըստ որոշ աղբյուրներիՙ դեմ արտահայտվելով կառավարության շենքի գմբեթի կառուցման գաղափարին: Արդեն երկրորդ անգամ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակված Նարեկ Սարգսյանը մի շարք ծրագրեր ներկայացրեց` կառավարության շենքի թմբուկի կառուցում, մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերեւում 7-հարկանի 4-աստղանի հյուրանոցի կառուցում եւ այլն, որոնք միանշանակ չընդունեցին հասարակությունն ու մասնագետները:
Երեկ, պաշտոնավարության 100 օրն ամփոփելով, Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մշակվել ու քննարկվել են մի շարք նոր առաջարկություններ: Օրինակ, Հանրապետության փողոցի հարակից մասում կտեղադրվի Գարեգին Նժդեհի արձանը: Կտեղադրվեն Մանթաշովի, Ֆրիտյոֆ Նանսենի, Կարեն Դեմիրճյանի արձանները: Հոկտեմբերին կբացվի Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը: Օրակարգում է Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի կառուցման հարցը: Նոր փողոցների կառուցման աշխատանքներ նույնպես տարվում են: Մասնավորապես քաղաքաշինական ուղիներ են փնտրվում Լալայանց փողոցը Պուշկինին կապելու ուղղությամբ:
Անդրադառնալով իր մեկ այլ` բազմաթիվ անգամ քննադատված նախագծին, Նարեկ Սարգսյանը խոստովանեց, որ հաճախ է զբոսնում Հյուսիսային պողոտայով: Նախագիծը գնահատում է շատ բարձր, սակայն նրան չի գոհացնում միջավայրը: Շատ չոր է: Այդ ուղղությամբ նոր փաթեթ է մշակվել, ըստ որի կանաչ գոտիները պետք է ավելանան, շատրվանները պետք է գործեն:
Գլխավոր ճարտարապետի մտահոգության առարկաներից է Երիտասարդական պալատի տեղում նոր շենքի կառուցումը: Թեպետ մրցույթը հայտարարվել էր ու հաղթողը հայտնի էր, սակայն Սարգսյանը հստակ պատասխան չունի, թե երբ կսկսվի շինարարությունը:
Անդրադառնալով կառավարության շենքի գմբեթի կառուցմանը, որ հասարակական մեծ աղմուկ էր բարձրացրել, Սարգսյանն ասաց, որ նախագծին դեմ է մի քանի հոգի: «Բայց նրանք այնպիսի տպավորություն են ստեղծում, թե շատերն են դեմ»: Իրականում, երբ մի քանի ամիս առաջ Ճարտարապետների միությունն ու Հանրային խորհուրդը կազմակերպել էին քննարկում, դեմ արտահայտվողները բավական շատ էին: Պաշտոնական հրավեր ուղարկվել էր նաեւ քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ Նարեկ Սարգսյանին, սակայն նրանք հրաժարվել էին մասնակցելուց, քանի որ ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի` թմբուկի վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելը ճիշտ չէ:
«Եթե հանրային քննարկումներ անցկացվեին, չէին կառուցվի օպերայի շենքը, կառավարության շենքը, Էյֆելյան աշտարակը»: Նրա կարծիքովՙ թմբուկի կառուցման դեմ պրոֆեսիոնալ փաստարկ չկա: Դա ընդամենը մի քանի «հոգու կապրիզ է»: Աղմուկ բարձրացնողներից մեկն էլ երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն է: Վերջինս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսան է: Սարգսյանը առանց անուն տալու, միայն նշելով նրա` Վազգեն Մանուկյանի փեսա լինելը, ասաց, որ «այդ տղան» առանձին զրույցներում խոստովանել է, որ սուտ է գրում: «Ես գիտեմ, թե նա ինչու է այդքան դեմ, բայց չեմ կարող ասել»:
Նարեկ Սարգսյանի գնահատմամբ` իր նախագծերը միշտ արժանանում են բացասական վերաբերմունքի, որովհետեւ գոյություն ունեն չարախոսություն ու նախանձ: «Անձնական հաշիվների բաղադրիչ կա: Երբ Հյուսիսային պողոտան էինք նախագծում, Ճարտարապետների միությունը դեմ էր, երբ առաջարկում էի ԱԺ ցանկապատը ապամոնտաժել եւ բակը դարձնել հանրային այգի, նրանք կրկին դեմ էին: Ես ինչ անում եմՙ միությունը հակառակ պազիցիան է ընդունում: Հետաքրքիր կլինի լսել, իսկ նրանք ի՞նչ են անում»: Սարգսյանի փոխանցմամբ` ինքը կամավոր հրաժարվել է ճարտարապետների միության անդամ լինելուց, ինչն էլ նպաստել է, որ ճարտարապետների մի մասն իր հանդեպ բացասական վերաբերմունք ունենա:
«Ազգ» -ի դիտարկմանը, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ոչ միայն ճարտարապետներն ունեն բացասական վերաբերմունք, այլեւ մտավորականները, բնապահպանները, իսկ երբ նա կրկին նշանակվեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ, հասարակական բողոքի ալիք բարձրացավ, որը հատկապես արտահայտվեց քաղաքապետի Facebook-ի էջում, Նարեկ Սարգսյանը նախ ասաց, որ չի ուզում պատասխանել այդ հարցին: Այնուհետեւ շարունակեց. «Դուք դեռ չեք ապացուցել, որ հասարակությունը բացասական վերաբերմունք ունի, եւ ուրեմն` այն հարցը, թե որտեղի՞ց է գալիս այդ բացասական վերաբերմունքը, անհիմն է: Ես բազմաթիվ մտավորական ընկերներ ունեմ, որոնք իմ կողքին են, այդ թվում` հանգուցյալ Աղասի Այվազյանը: Այս ամենի մեջ կա չարության, նախանձի բաղադրիչ», ասաց ճարտարապետը` հավելելով, որ չի հավատում Facebook -ում ծավալվող քննարկումներին:
Ճարտարապետների միությանը նա մեղադրեց անսկզբունքայնության մեջ, իսկ իր վերաբերյալ ասաց. «Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքեր ունեմ եւ իմ լուման ունեմ Երեւանում վերջին 10 տարվա ընթացքում կատարված աշխատանքներում»:
Հ. Գ. Հանդիպման ժամանակ գլխավոր ճարտարապետը չհերքեց, որ մտերիմ է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, ու նրանք հաճախ են հանդիպում: