ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը սեպտեմբերի 8-ին տարածած հայտարարության մեջ, որը հիմնվել է Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ջոն Պրեսկոտի` հոկտեմբերի 3-7-ը ԵԽԽՎ-ի նիստում քննարկվելիք զեկույցի վրա, գնահատական է հնչեցրել Հայաստանի վերաբերյալ` նշելով, որ 2008 թվականի մարտյան դեպքերի էջը կարելի է փակված համարել: Այդ գնահատականը ձեւավորվել է Հայաստանում հայտարարված վերջին համաներման արդյունքի, մարտի 1-ին սպանվածների հետաքննությանը հաղորդված նոր լիցքի, ինչպես նաեւ իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսության փաստերը հաշվի առնելով: Ընդ որում` համազեկուցողների զեկույցի նախագծում ողջունվել է ԵԽ-ի չափանիշներին համապատասխան լուծում գտնելու` կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը: Իսկ 2008-ի դեպքերը, իրենց հետեւանքներով հանդերձ, ըստ հայտարարության, վեր են հանել Հայաստանի ժողովրդավարական ուղիով զարգանալու առաջնահերթությունները` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, բազմակարծ քաղաքական միջավայրի ստեղծման, ազատ լրատվամիջոցների համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորման, ոստիկանության, դատաիրավական բարեփոխումների եւ այլն... Եվ, այս բոլորով հանդերձ` մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի կառուցողական համագործակցությունը ողջունում է: Եթե նկատի առնենք, որ այս հայտարարությունը հանրությանը հասանելի դարձավ երեկ, ընդդիմության «ջրբաժանային» հանրահավաքի օրը, ապա կարելի է հեռուն գնացող եզրակացություններ անել:
Մ. Խ.