Արցախցի շատ պաշտոնյաներ, հիմնարկների ղեկավարներ այնքան համոզված են, որ լրագրողը, առհասարակ` հասարակ մահկանացուն իրենց պետք է չքննադատի, այնքան են սովորել միայն տոնից տոն խմբերով եկող լրագրողներին, որոնք հիացմունքով այ-օյ են անում Արցախի իսկապես գեղեցիկ տեղերը տեսնելով, ուտում են հյուրասիրվող ժինգյալով հացն ու Արցախի այլ յուրատեսակ ուտեստները ու, վերադառնալով, միայն փառաբանական նյութեր են գրում, որ այդ պաշտոնյաներից շատերի համար անսովոր է իրենց խոսքերը կամ արարքները կասկածի տակ առնող լրագրող տեսնելը: Մինչեւ հիմա ընդունված է եղել` Արցախի մասին միայն լավը կամ ոչինչ, սա պատերազմական եւ հետպատերազմական ժամանակներում աշխատող կարգախոս էր, որ հիմա, խաղաղ իր կյանքը կառուցող Արցախի համար պետք է մի կողմ դնել եւ ինչ կա` այն գրել, առանց շան տեղ դնելու Արցախի մասին բոլոր հրապարակումներին հետեւող, իրենց աչքի գերանը չտեսնող ու Արցախի մազը գերան շինող ադրբեջանական տեղեկատվական վայնասունը: Փաստորեն մինչեւ հիմա ընդունված վերը նշված սովորույթի պատճառով Արցախի չինովնիկներից շատերը իմունիտետ չունեն քննադատության հանդեպ եւ այս պարագայում նեղացածի ու թշնամացածի կերպարանք են ընդունում: Ընդ որում` լրագրողները ոչինչ, իրե՛նք իմունիտետ ունեն այդ կարգի պաշտոնյաների նկատմամբ, սակայն արցախցի սովորական մարդը այդպիսի «անսխալական» պաշտոնյաների ձեռքը երբեմն կրակն է ընկնում:
Մեզ, սակայն, հաճելի զարմանք պատճառեց շուշեցի մի կին, որը փորձում էր արդարություն որոնել եւ իր իրավունքները պաշտպանել` Արցախում երբեմն առկա ավանդական վախերը չինովնիկների հանդեպ չունենալով եւ դրանցով չբարդույթավորված: Նաիրա Ավետյանն առհասարակ շուշեցի կնոջ լավ օրինակի տիպար թվաց մեզ` միջին տարիքի, եռանդուն, ոչ մի բանից չհուսահատվող, նոր ձեռնարկներ սկսելու պատրաստ: Չնայած ֆինանսների բացակայությանը, նա տարի-տարվա վրա փորձում է կարգի բերել իր տան տարբեր սենյակները` դրանք հարմարեցնելով հյուրանոցային բիզնեսի համար: Դեռ չի կարողանում ամեն ինչ կարգավորել, բայց որդիների ու ամուսնու օգնությանը դիմելով փորձում է կամաց-կամաց նորոգել Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի մոտ գտնվող իր տունը, Շուշիի կենտրոնից ոչ հեռու իր հարմար տունը. չէ՞ որ ասում են Շուշին զբասաշրջության կենտրոն են դարձնելու, ինքն էլ արդեն պատրաստ է հյուրեր ընդունելու: Տիկին Նաիրայի եռանդը, չնայած առողջական խնդիրներին, շատ դուր եկավ մեզ, սա հակադրությունն էր այն շուշեցի կանանց համար, որ անընդհատ նայում են` ումից օգնություն ստանան, ո՞ր կազմակերպությունից մի բան իրենցով անեն: Սակայն ընդհանուր այն մտայնությունը, թե այստեղ պայքարելով ոչ մի բանի չես հասնի` փոքր քաղաք է, վերեւները ոնց որոշեն, այնպես կլինի, Նաիրայի համար չէ: Նա Շուշիի հիվանդանոցի հաշվապահն է եղել: Կրծքում ուռուցք հայտնաբերվեց` վիրահատեցին (2009 թվականի վերջին): Հիվանդության ընթացքը ձգվեց, սակայն նա այդ վիճակում տանը գործն անում էր: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, հիվանդանոցի տնօրենը նրան ազատել է աշխատանքից, իսկ մինչ այդ` անցած տարվա մարտ եւ ապրիլ ամիսների բյուլետենը չի վճարել (պատճառաբանում էին, թե 120 օր վճարելուց հետո չպետք է վճարվի): Սակայն Նաիրայի հիվանդությունը ձգվել է, անգամ մի պահ ասել է` բյուլետենս վճարեք, դիմում կգրեմ-կազատվեմ: Սակայն տեսնելով, որ չեն վճարում, բյուլետենի օրերը վերջանալուց հետո նա ներկայանում է աշխատանքի, սակայն աշխատանքի է ներկայանում նաեւ նրան ժամանակավոր փոխարինած հաշվապահը, իսկ արդեն անցած տարվա հունիսի 10-ին նրան ասել են, որ ազատված է աշխատանքից: Նաիրան չհաշտվեց անօրինական ազատման եւ հատկապես բյուլետենի ոչ լրիվ վճարման դեմ, եւ հիմա դատարան է դիմել` նյութական եւ բարոյական փոխհատուցում պահանջելով: Ասում է` ոչինչ, մի քիչ կնյարդայնանա, բայց արդարությունը կվերականգնի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ