Օրերս «Համաշխարհային տնտեսական ֆորում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակած հանրահայտ «Գլոբալ մրցունակություն, 2011-2012» զեկույցը փաստում է, որ 2010-ին Հայաստանի տնտեսության մրցունակության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 6 նիշով` աշխարհի 142 երկրների շարքում դասվելով 92-րդ տեղը:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հուժկու վնաս կրած մեր տնտեսության համար սա առաջընթաց է ոչ միայն 2009-ի ճգնաժամային համարվող շեմի համեմատ, այլեւ նույնիսկ` նախաճգնաժամային 2006-2008 թվականների համեմատ:
Մրցունակությունը բնութագրվում է 12 հիմնարար գործոններով, որոնցից 10-ի դեպքում առաջընթաց կա: Այս գործոնների հիմքում տասնյակ ցուցանիշներ են: Այս ցուցանիշներից 73-ի գծով Հայաստանը առաջընթաց ունի, 25 ցուցանիշների գծով գրանցվել է նահանջ, իսկ մնացած ցուցանիշների գծով փոփոխություն չի գրանցվել:
Պետք է նկատել, որ դրական տեղաշարժ արձանագրած ցուցանիշներից 44-ի մասով տեղաշարժը տեղի է ունեցել 10 եւ ավելի դիրքով, իսկ վատթարացած ցուցանիշներից միայն 5-ն են, որ ունեցել են 10 եւ ավելի նվազում:
Այսինքն, թեեւ թվով քիչ, սակայն որոշ ցուցանիշներ խանգարել են Հայաստանին ավելի լավ դիրքում գտնվել: Հայաստանի դիրքի բարձրացումը կասեցրել են հիմնականում մակրոտնտեսական իրավիճակի գնահատականները, որում հատկապես մեծ դեր ունի գնաճի բարձր մակարդակը: Ըստ այդ ցուցանիշի Հայաստանի դիրքը նվազել է 41 նիշով եւ, ի տարբերություն 2008-2010 թվականների, հայտնվել ենք բավականին ցածր դիրքում` 119-րդ:
Հայաստանը բավականին նպաստավոր դիրքում է հատկապես առեւտրի տարիֆների, բիզնես սկսելու հետ կապված գործարքների ցուցանիշների գծով` զբաղեցնելով աշխարհում 35 եւ 34-րդ հորիզոնականները: Զգալի առաջընթաց է գրանցվել հատկապես կառավարության քաղաքականությունների թափանցիկության ցուցանիշների գծով` ի շնորհիվ 18 կետով բարելավման Հայաստանը աշխարհում 34-րդ դիրքում է: Զեկույցը փաստում է նաեւ Հայաստանում բջջային եւ ինտերնետային կապի մատչելիության էական բարելավումը:
Հայաստանը դեռ բավականին հետ է նորարարության եւ կատարելագործվածության ցուցանիշներով: Չնայած մեր դիրքերի որոշակի բարելավմանը, դեռ գտնվում ենք 110-րդ տեղում: Սրա վրա մեծ ազդեցություն ունեն հայաստանյան ձեռնարկությունների կողմից հետազոտությունների եւ նորարարության ուղղությամբ կատարվող ծախսերը, ինչպես նաեւ ակադեմիական ինստիտուտների եւ բիզնեսի թույլ համագործակցությունը:
Մաքսային ձեւակերպումների եւ գործընթացների դժվարությունները, հակամրցակցային օրենսդրության կիրառումը, արտաքին շուկաների մատչելիությունը, տեղական մրցակցության ինտենսիվությունը, շուկայում գերիշխող խմբերի առկայությունը մնում են Հայաստանի մրցունակության բարենպաստ դիրքը զսպող հիմնական ցուցանիշները: Այս առումով Հայաստանը զբաղեցնում է 127 եւ ավելի ցածր դիրքեր:
Առկա տեղեկատվությունը, կարծում ենք, բավարար է 2 կարեւոր դիտարկում անելու համար: Առաջինՙ Հայաստանի մրցունակության դիրքի բարելավումն իրականացված բարեփոխումների արդյունք է, որն արդեն դառնում է նկատելի: «Գլոբալ մրցունակություն, 2011-2012» զեկույցը այս իմաստով առաջինն էր, որ արձանագրեց առկա տեղաշարժը: Երկրորդ, բարեփոխումների շարունակականությունն անհրաժեշտություն է` այն կարող է բերել աշխարհում մեր դիրքերի զգալի բարելավման եւ ավելի լավ Հայաստանի:
Հ. Ս.