«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2011-09-08 | #159, 2011-09-09 | #160, 2011-09-10


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայ ժամանակակից գրականության հայտնի եւ սիրված անուններից է Հովհաննես Գրիգորյանը, նրա գեղարվեստական մտածողության ամենաբնորոշ գիծը բանաստեղծական պատկերավորման ինքնատիպությունն ու անսովորությունն է, խոսքի լակոնիզմը: Լինելով 60-ականների խորհրդային շրջանի գեղագիտական շարժման բանաստեղծական սերնդի առաջատարներիցՙ իր անդրանիկ ժողովածուով գրական աշխարհ նա նոր, թարմ հոսանք բերեցՙ պահպանելով այն իր ստեղծագործության բոլոր փուլերում: Հովհ. Գրիգորյանը իրավամբ համարվում է բանաստեղծական արվեստի նորարարության ջատագով, մշտապես եղել եւ շարունակում է հետեւել նոր սերնդի բնաստեղծական որոնումներին, գրական շարժումներին եւ հոսանքներին: Նա հեղինակ է բանաստեղծական բազմաթիվ ժողովածուների, որոնցում ժամանակակից պոետի եւ քաղաքացու անշփոթելի դիմագիծ է կերտված: Նրա գրչին հատուկ են ինչպես մեղմ քնարականությունը, քաղաքային կյանքի խստաոճ պատկերավորումները, նաեւ բարեմիտ հումորը, երբեմնՙ անխնա սատիրան:

Հովհ. Գրիգորյանը հիմնադիրն է «Գրեթերթ» երիտասարդական պարբերականի, աշխատում է «Ցոլքեր» հանդեսի պատանի ստեղծագործողների հետ: Դիտողունակ ու սուր հայացքը շատ արագ է ի հայտ է բերում երիտասարդ շնորհալիներին, տաղանդավորներին:

Հովհաննես Գրիգորյանիՙ ստորեւ ներկայացվող 3 բանաստեղծությունները իր փոքրիկ Հայաստան երկրի ներկա օրերի տագնապների սիրո գողտրիկ արձագանքներ են:

Մ. Բ.

Եվ ի՞նչ աներ Աստված

Եվ Աստված ցանկացավ գրել

Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

քո տարածքի վրա ծայրեծայր,

բայց բառն այդ շատ էր երկար

ու չտեղավորվեց քո փոքրիկ

հողի վրա...

Եվ Աստված ցանկացավ գրել

Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

բայց, ավաղ,

այդ բառն էլ դարձյալ

շատ երկար էր

ու կեսն անգամ չտեղավորվեց

քո

քո փոքրիկ հողի վրա...

Եվ ի՞նչ աներ Աստված,

որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,

որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,

որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար

քո փոքրիկ հողի համար...

Աղոթք

Չորս քայլ վեր... սահման է:

Չորս քայլ վար... սահման:

Աստված իմ,

այսքան էլ փոքրիկ հայրենիք,

այսքան էլ փոքրիկ

Հայաստան,

նորածնի բարուր է իսկական...

Նորածնի բարուրը գրկել եմ,

Աստված իմ, մոլորվել,

կանգնել եմ.

ասա ինձ, ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ-

Չորս քայլ վերՙ ավեր է ու մահ է,

Չորս քայլ վարՙ ավար ու թալան...

Հայաստան

Սա իմ երկիրն է-չափսերով

այնպիսին,

որ կարող եմ վերցնել հետս,

թե մի հեռու տեղ գնամ:

Փոքրիկՙ ինչպես ծերացած մայր,

Փոքրիկՙ ինչպես

նորածին զավակ,

Իսկ քարտեզի վրա

ընդամենը մի արցունքի կաթիլ...

Սա իմ երկիրն է-չափսերով

այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ

սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ...

Բաց նամակ

ՀՀ նախագահին

Մեծարգո՛ նախագահ,

Անկախության շրջանի հայ լավագույն բանաստեղծներից մեկի` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Նրա կյանքը հնարավոր է փրկել միայն բարդ վիրահատական միջամտությամբ, որը կարող է իրականացվել միայն Գերմանիայում եւ կապված է ֆինանսական մեծ միջոցների հետ (50 000 ԱՄՆ դոլար):

Տաղանդավոր բանաստեղծի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է Ձեր բարձր հովանավորությունը: Հուսով ենք, որ մեր պետության համար հոբելյանական այս տարում, այս տոնական օրերին Ձեր հոգատար ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կհաջողվի փրկել անկախ պետականության շրջանի լավագույն բանաստեղծներից մեկի կյանքը:

Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում մենք իրավունք չունենք թույլ տալ այդպիսի կորուստ: Ժամանակն է, որ այլեւս չհամալրվի անտարբերության հետեւանքով վաղաժամ կյանքից հեռացած հայ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ տխուր ցանկը:

Ձեր օժանդակությամբ Դուք փրկում եք ոչ միայն Հովհաննես Գրիգորյանի կյանքը, այլեւ մեծ ծառայություն եք մատուցում հայ մշակույթին ու գրականությանը:

Ակնկալում եք Ձեր արագ արձագանքը, որովհետեւ ամեն վայրկյանը կարող է ճակատագրական լինել:

«Օգնենք Հովհաննես Գրիգորյանին» հանգանակության նախաձեռնող խումբ (գրողներ, գրականագետներ)

Օգնենք փրկել բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի կյանքը

Հայ ժամանակակից հանրահայտ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Նրան հնարավոր է փրկել միայն գերմանական կլինիկաներից մեկում: Բուժումն արժե 50 000 դոլար: Մեզ անհրաժեշտ է բոլորի օգնությունը: Որեւէ չափի օգնություն խիստ կարեւոր է մեզ համար:

Հեռախոսՙ 56 41 42, 094 49 76 01

Հաշվեհամարներՙ (ՊրոԿրեդիտ բանկ) AMD 253090017430- 0090

$ 253090017455-0091 EUR 253090017448- 0092


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4