Արման Կիրակոսյանը 55 տարեկան է
Այսօր լրանում է դիվանագետ, գիտնական եւ մանկավարժ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի ծննդյան 55-ամյակը: Ու թեեւ 55 տարին «դասական» առումով հոբելյանական չէ, այդուհանդերձ, այս առիթը չեմ կարող չօգտագործել իմ վաղեմի բարեկամի մասին խոսք ասելու համար:
Նա ծնվել է հայ անվանի պատմաբան, քաղաքական հայագիտության ռահվիրա Ջոն Սահակի Կիրակոսյանի ընտանիքում: Մի մարդ, որն առաջինների թվում բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության հետ կապված շատ ու շատ պատմագիտական, քաղաքական, քաղաքագիտական խնդիրներ, համակողմանիորեն լուսաբանեց դրանք ժամանակի համար համարձակ, նույնիսկ, հանդուգն գրքերում: Մեր օրերում է, որ յուրաքանչյուրն իրեն ցեղասպանագետ է համարում, իսկ անցյալ դարի 60-80-ական թվականներին դրանով զբաղվելը շա՜տ դժվար էր, եթե չասենքՙ վտանգներով ու սպառնալիքներով լի:
Նախախնամություն չէ՞, արդյոք, որ 1975-85 թթ. Հայկական ԽՍՀ արտգործնախարարի զավակը 1991 թվականին առաջինների թվում էր, որը համալրեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը, դարձավ նախարարի առաջին տեղակալ, իսկ 1992-93 թթ. ղեկավարեց այդ գերատեսչությունը նախարարի պաշտոնակատարի կարգավիճակով:
Լինել անվանի մարդու զավակ Արման Կիրակոսյանի համար նշանակեց լինել նրա գործի ֆանատիկ նվիրյալն ու հետեւողական շարունակողը: Դրա ապացույցն ու հաստատումն են այն բազմաթիվ գրքերն ու հետազոտությունները, որոնց հեղինակն Արմանը դարձավ դեռ հոր կյանքի տարիներին:
Իսկ վերջերս Ա. Կիրակոսյանը երկարատեւ ու մեծագույն ջանքերի շնորհիվ ստեղծեց մի բացառիկ հաստատությունՙ Ջ. Կիրակոսյանի հուշաաշխատասենյակ-գրադարանը, ուր հավաքել է հոր գիտական, գրական ժառանգությունըՙ գրքերը, ձեռագրերը, լուսանկարները, գրադարանը, փաստաթղթերը, մի տեղ, ուր ակամա զգում ես լուսահոգի Ջոն Սահակովիչի ոգեղեն ներկայությունը, նրա մտքի թռիչքը, ոգու պոռթկումը եւ իր ժամանակի անարդարությունը...
Արման Կիրակոսյանը մեր 20-ամյա անկախ դիվանագիտության առաջամարտիկներից է: Ինչպես ասացի, նա առաջինների թվում է, որ կոչվեց ծառայության նորանկախ ՀՀ ԱԳՆ-ում: Նա առաջինն է այն 5 դիվանագետների թվում, ում 1992 թ. հուլիսի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվեց արտակարգ ու լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Նա առաջինն էր, որ մեր նորանկախ պետության դիվանագիտական ծառայության մեջ դարձավ (Հունաստանում) դիվանագիտական կորպուսի դուայեն (ավագ):
Հոբելյարի դիվանագիտական ուղին բեղմնավոր ու բազմազան է. նա 1994-99 թթ. աշխատել է ՀՀ դեսպան Հունաստանում եւ համատեղության կարգովՙ Խորվաթիայում, Կիպրոսում, Սլովենիայում, Հարավսլավիայում ու Ալբանիայում: 1999-2005 թթ. Ա. Կիրակոսյանը եղել է ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում եւ միաժամանակ 2001-05 թթ.ՙ ՀՀ մշտական դիտորդ Ամերիկյան պետությունների կազմակերպությունում: 2005 թվականից Հայաստանի արտգործնախարարի տեղակալ է:
Լինելով թե՛ դիվանագետ, թե՛ գիտնական, Կիրակոսյանն անձնուրաց մանկավարժ է: Դասավանդելով Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, նա ուսանողությանն է մատուցում ոչ միայն գիտելիքներ, այլեւ գործնական տեղեկատվություն դիվանագիտական պրակտիկայից ու տեխնիկայից, շատ բաներ, որ ոչ մի դասագրքում չես կարդա: Պատահական չէ, որ դիվանագետն ընդգրկված է մայր բուհիՙ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած խորհրդի կազմում: Մանկավարժի կոչմանը նա վերաբերվում է իրեն բնրոոշ բծախնդրությամբ ու պատասխանատվությամբ:
Քչերին է հայտնի, որ Կիրակոսյան դիվանագետն ու գիտնականը նաեւ երաժիշտ է, կոմպոզիտոր, վոկալիստ, մի շարք երգերի հեղինակ, ընդ որումՙ երաժշտությամբ սկսել է զբաղվել տակավին ուսանողական տարիներին, շարունակելով մինչեւ օրս:
Ազնվագույն, համեստ, ընտանիքի, ընկերությանն ու հայրենիքին անմնացորդ նվիրված անձնավորություն է իմ բարեկամըՙ Արման Ջոնի Կիրակոսյանը, ում միշտ վերաբերվել եմ հպարտությամբ ու ակնածանքով: Այս զգացմունքներով մաղթում եմ նրան դիվանագիտական, գիտական, մարդկային, անձնական նորանոր հաջողություններ իր կյանքի հետագա 55 տարիների ընթացքում:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, «Ազգ»-ը միանում է շնորհավորանքին եւ բարեմաղթանքներին: