2011 թվականի սեպտեմբերի 8-ին` մեծանուն բարերար Խաչիկ Պողոս Աստվածատուրյանի (Պոլ Չաթերի) ծննդյան օրը, իր 165-ամյակի առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ հնդկահայոց հոգեւոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վրդ. Հովհաննիսյանը եւ Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչությունը այցելեցին Հոնկոնգ, ուր իր հավիտենական հանգիստն է գտել նվիրյալ հայորդին ու մեծ երախտավորը:
Այցելուներն աղոթեցին Խ. Աստվածատուրյանի հոգու խաղաղության ու հանգստության համար, խնկարկեցին մեծ հայի անմահ հիշատակը, նրա շիրիմին Հայր Խորենը կատարեց հոգեհանգստյան արարողություն:
Խաչիկ Աստվածատուրյանը ծնվել է 1846 թվականի սեպտեմբերի 8-ին Կալկաթայում, մկրտվել տեղի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում: 18 տարեկանում հաստատվել է Հոնկոնգում ու անդուլ աշխատասիրությամբ ձեռք բերել մեծ հարստություն, դարձել Հոնկոնգի ժամանակի ամենաազդեցիկ մարդը: Շուրջ հիսուն տարի` 1876-1926-ը, ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը, ավելի քան 40 տարի եղել է Հոնկոնգի գեներալ-նահանգապետի խորհրդականը, կղզու գործադիր եւ օրենսդիր խորհուրդների անդամ... 1902 թվականին Մեծ Բրիտանիայի թագավոր Էդվարդ VII-ից ստացել է ասպետի կոչում: Խաչիկ Պողոս Աստվածատուրյանի առջեւ բաց են եղել Բեքինգեմյան պալատի դռները:
Աստվածատուրյանը եղել է հնդկահայ համայնքի խոշոր բարերարը, նյութական օգնություն է ցուցաբերել Հնդկաստանի հայ եկեղեցիներին, կառուցել է Կալկաթայի հայկական ծերանոցը, Մեծ եղեռնից մազապուրծ հայերին օգնելու նպատակով Բրիտանիայում հիմնել է «Հայ գաղթականների բարեգործական հիմնադրամը»:
Մահացել է 1926 թվականին: Նրա կշիռն ու ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ մահվանից հետո ամիսներ շարունակ ցնցումներ են գրանցվել արժեթղթերի միջազգային շուկայում:
Հոնկոնգում այսօր էլ մեծ երախտավորի անունով կան բազում կառույցներ, մետրոյի կայարան, «Չաթերի այգի», «Չաթերի պողոտա», «Խաչիկի փողոց»: