Այսպիսին է Վարդան Մինասյանի դիրքորոշումը
Անդորրայի եւ Սլովակիայի հավաքականների նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակներից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է աճել, մանավանդ որ եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորություններն ավելի իրատեսական են դարձել: Ուստի պատահական չէ, որ մեծ թվով լրագրողներ էին ներկայացել երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում երեկ կայացած հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ասուլիսին: Նա նախ բոլորին շնորհավորեց այդ հաղթանակների առիթով, նշելով, որ ֆուտբոլիստների ոգեւորությունը, բարձր տրամադրությունը բնավ էլ բացասաբար չեն անդրադառնա մակեդոնացիների հետ հանդիպման նախապատրաստության վրա: Մարզիչն ընդունեց, որ հաջողության հասնելու հարցում մարզական բախտը եւս կարեւոր է, սակայն շեշտեց, որ խաղի որակ պետք է լինի, իսկ մարզական բախտն ուղեկցում է նրան, որն ավելի արժանի է:
Խոսելով առաջիկա ընտրական երկու հանդիպումների մասին, Մինասյանը նշեց, որ առայժմ մտածում է միայն մակեդոնացիների հետ մրցավեճի մասին: Ըստ նրա, մակեդոնացիներն իրենց ցուցադրած խաղով ու ներուժով պետք է մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք գրավեին: Օրինակ, ինքը դիտել է իռլանդացիների հետ 2 հանդիպումներն էլ, որոնցում մակեդոնացիները զգալի առավելություն ունեին: Այնպես որ Մակեդոնիայի ընտրանու հետ Երեւանում դժվարին մրցակցություն է սպասում:
Մեկնարկային կազմում փոփոխություն կատարելով, հավաքականի գլխավոր մարզիչը ցանկացել էր ուժեղացնել եզրերի խաղը, քանի որ սլովակները հիմնականում եզրերով էին հարձակվելու: Հենրիխ Մխիթարյանը պաշտպանության անցնելու ժամանակ պետք է եզրն ամրապնդեր, իսկ գրոհների ժամանակ տեղափոխվեր կենտրոնական գոտի: Իհարկե, մարզիչը հաշվի էր առել, որ սլովակները իռլանդացիների հետ նախորդ խաղում բավականին ուժեր էին ծախսել, ուստի սպասում էր, որ երկրորդ խաղակեսին մրցակցի ֆուտբոլիստների մոտ կարող է հոգնածություն զգացվել: Այդ պատճառով էլ նա իր սաներին ցուցում էր տվել ավելի արագ գործել ընդմիջումից հետո, ինչն ի վերջո ցանկալի արդյունք տվեց: Վարդան Մինասյանը հանդիպման բեկումնային պահ է համարում այն դրվագը, երբ 1-0 հաշվի ժամանակ Ռոման Բերեզովսկին թիմին փրկեց գոլից: Նա նկատեց, որ այդ խաղում մեր խփած առաջին 3 գոլերից հետո սլովակներն անմիջապես վտանգավոր պահեր ստեղծեցին մեր դարպասին:
Իհարկե, դեռեւս վաղ է ամփոփել հավաքականի ելույթները Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում, սակայն ըստ մարզչի, կարելի է արդեն փաստել, որ հավաքականը կայացել է, որն ունի խաղային իր ձեռագիրը, իսկ ամենակարեւորըՙ լավ խաղի հետ նաեւ արդյունք կա: Այս ամենը նշանակում է, որ մի մեծ քայլ առաջընթաց է գրանցվել: Սակայն Մինասյանը խորհուրդ տվեց ֆուտբոլիստներին չբավարարվել ձեռքբերածով, քանի որ դա նրանց հնարավորությունների սահմանագիծը չէ, նրանք ավելի մեծ ներուժ ունեն: Լրագրողներից մեկի հարցին նա պատասխանեց, որ այս հավաքականին տեսնում է Եվրո-2012-ի եզրափակիչի մասնակիցների թվում, սակայն խորհուրդ տվեց ժամանակից առաջ չընկնել ու սպասել իրադարձությունների զարգացմանը:
Ըստ Մինասյանի, երիտասարդական հավաքականում կան 4-5 ֆուտբոլիստներ, որոնք ազգայինի թեկնածուներ են համարվում: Հոկտեմբերին երիտասարդականը խաղեր չի անցկացնելու, ուստի նշված ֆուտբոլիստների ծառայություններից կարելի է օգտվել:
Ինչ վերաբերում է Դենիս Թումասյանի հավաքական չժամանելուն, գլխավոր մարզիչը նշեց, որ ֆեդերացիան 15 օր առաջ էր նրան հրավեր ուղարկել: Ըստ նրա, պարզապես ֆուտբոլիստը չի ցանկացել ժամանել Երեւան: Իսկ Արազ Օզբիլիսը մնում է իր տեսադաշտում: Նա արդեն ապաքինվել է վնասվածքից ու վերսկսել է մարզումները:
Բոլորին անհանգստացնում է Բերեզովսկուն հուսալի փոխարինող գտնելու հարցը, երբ փորձառու դարպասապահը կավարտի մրցելույթները հավաքականում: Մինասյանը նախ հույս հայտնեց, որ Բերեզովսկին դեռ երկար կխաղա, ապա նշեց, որ Ապուլա Բետեի գործողություններում վերջին շրջանում անվստահություն է զգացվում: Սակայն հարկ եղած դեպքում Բետեին կարող են հավաքական հրավիրել:
Խոսք գնաց նաեւ երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդի գործի շարունակման մասին: Մինասյանը նշեց, որ միայն լավ հիշողություններ ունի նրա մասին, որն իրեն շատ բան է տվել ու անշուշտ իր հետքը թողել է: Հավաքականում աշխատած մյուս մարզիչներից յուրաքանչյուրն էլ իր ներդրումն ունեցել է: